Ինչպես հայտնում է Factor.am-ը րոպեներ առաջ ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը և «Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը:
Տեղեկությունը հաստատում են նաև Քննչական կոմիտեից:
Վերը նշված անձիք ձերբակալվել են Քննչական կոմիտեում ծանր հանցագորությունների քննության բաժնում առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում:
«Սեքյուրիթի Դրիմ»-ն այն ընկերությունն է, որը սպասարկում է Հայաստանի ավտոճանապարհներին տեղադրված արագաչափ և տեսանկարահանող սարքերը: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երեւան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։