Հայերեն   English   Русский  

Նուռը և բնությանը ներդաշնակ լինելու նրա որոնումը. Սոնա Համալեան


  
դիտումներ: 129

«Ճանճը» ճամփորդում է աշխարհով։ Հսկայական՝ մարդկային չափերի քանդակն իր դեբյուտն/ առաջնախաղը/ սկսեց 2017թ․-ին, Ֆլորենցիայի Բիենալեում՝ արժանանալով Լորենցո Մեդիչի Ոսկե մեդալին։

Հաջորդ տարի «Ճանճը» ցուցադրվեց Երևանում, Գաֆեսճեան արվեստի կենտրոնում: Ավելի քան 7 հազար արվեստասեր դիտեց այն՝ այցելելով թանգարանում կազմակերպված աննախադեպ մուլտիմեդիա ցուցահանդեսին: Վստահաբար, ներկաները կհաստատեն, որ, ցուցադրության առավել ակնառու, հիացմունք և միաժամանակ մանկական հրճվանք առաջացնող աշխատանքներից մեկն հենց այդ քանդակն էր: Այցելուները նաև հնարավորություն ունեցան մարմնավորել «Ճանճին»՝ սավառնող մարդու պես հագնելով նրա թևերը:

Նուռ

Այս ամենն աշխարհը մեկ այլ՝ տվյալ պարագայում միջատի դիտանկյունից նայելու մասին է: Մեզանից շատերը չեն էլ մտածել այս մասին։ Ինչո՞ւ։ Եվ ոչ միայն խորանալու, հասկանալու համար, թե ինչու են իրենք հենց այնպիսին, ինչպիսին են, բայց նաև, ինչպես Նուռն է գտնում, պատրաստ լինել՝ հաղթահարելու այն ատելությունը, որը խաթարում է մեր մտավոր և հոգևոր զարգացումը: Գաղափարն ընդգծելու համար ներկայացված էր նաև խորհրդանշական մի ակնոց, որը լրացնում և ընդգծում էր ճանճի քանդակի մեծությունը:

Քանդակի հղացման փիլիսոփայությանը ծանոթանալուց հետո այցելուները վստահաբար կրում էին տարօրինակ ակնոցները՝ եթե ոչ զգալու, ապա, գոնե, աշխարհը ճանճի աչքերով պատկերացնելու համար: «Սա փորձ է, որը թույլ է տալիս առանց կտրվելու մեր ինքնակենտրոն և եսասեր իրականությունից՝ ազատ շրջել և ուսումնասիրել մեզ շրջապատող միջավայրը », - մեկնաբանում է Նուռը:

Այս տարի, հուլիսի 16-ից 21-ը «Ճանճը» ցուցադրվեց Ամստերդամի RAI Համագումարների կենտրոնում ՝ արժանանալով քննադատների գնահատանքին: Օգոստոսի 10-ից քանդակը ցուցադրվում է Բելգիայի Կնոկկե-Հեյստ քաղաքի (Արևմտյան Ֆլանդրիա) Art Nocturne Knocke- ցուցասրահում։ Art Nocturne Knocke- ն Եվրոպայի ամենահայտնի արվեստի և հնությունների տոնավաճառներից է: Հաշվի առնելով քանդակի «հասկանալու, ներելու և սիրելու» համամարդյանին ուղերձը, Նուռր երազում է այն ցուցադրել միջազգային խաչմերուկ հանդիսացող Նյու-Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի հրապարակում: Նուռը նախագծել է նաև «Ճանճը» ներառող մի խաղ, որը 2018 թվականի փետրվարին ցուցադրվել է Լոնդոնի ICE համալիրում:

Արման Նուռը ծնվել է 1971-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ավարտել է Երևանի Թորոս Ռոսլինի կիրառական արվեստների ինստիտուտը, սովորել է Մոսկվայի Գեմոլոգիական/Քարի ինստիտուտում, վերապատրաստվել Մայամիի Արվեստի և դիզայնի միջազգային համալսարանում:

Նուռը Հայաստանի ամենանորարար և բազմատաղանդ արվեստագետներից է․ նա դիզայներ է, քանդակագործ, ոսկերիչ և արծաթագործ, նկարիչ: Նրա՝ պատմական և մշակութային յուրօրինակ կնիք կրող աշխատանքները՝ քանդակներ, զարդեր, ցուցադրվում են իր անձնական «Նուռ» արվեստի ցուցասրահում, որը դարձել է Երևանի սիրված մշակութային վայրերից մեկը:

Նուռ

Նուռի աշխատանքները ցուցադրվել են ողջ աշխարհում։ Նրա՝ պատմական Հայաստանի 12 քաղաքները խորհրդանշող «Արատտա» զարդերի հավաքածուն ցուցադրվել է Հայաստանում, Չինաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, ներկայացվել Ռուսաստանի նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Իսկ նրա հայ կնոջը նվիրված «Ուհի» ժողովածուն, ցուցադրվել է Երևանի պատմության թանգարանում:

Նուռի զարդերը կրում են աշխարհի շատ հայտնիներ․ այդ թվում Մադլեն Օլբրայթը, Անդրե Աղասին, Շերը, Մոնսերատ Կաբալյեն, Ալ Ջերոն և ուրիշներ:

Նա նաև բազմաթիվ հանրային քանդակների և ստեղծագործությունների հեղինակ է․ այդ թվում Երևանի Արյունաբանական կենտրոնում զետեղված առողջություն և երջանկություն խորհրդանշող «Մանկություն» խորագրով քանդակը։ Մայրաքաղաքի կենտրոնում է տեղադրված նաև նրա «Ընթերցողը» քանդակը, որը ստեղծվել է 2013-ին, Երևանը «Գրքի համաշխարհային մայրաքաղաքի» հռչակման կապակցությամբ։

Նուռի աշխատանքներն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների և պետական պարգևների։ Մոսկվայում կազմակերպված «Յուվելիր-2001» և «Յուվելիր-2005» միջազգային ցուցահանդեսներում նա հաղթող է ճանաչնել «Լավագույն զարդ» և «Տարվա ոսկերիչ» անվանակարգերում։

Նուռը պարգևատրվել է նաև Հայաստանի պետական բարձրագույն երկու պարգևներով․2012 թվականին նա արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ի, իսկ 2013 թվականին` Հայաստանի Հանրապետության նախագահի «Մովսես Խորենացի» պատվավոր շքանշանի։

Թերևս Նուռի ամենաառանձնահատուկ առաքելությունն ինքն իրեն երբեք չկրկնելն է: Հենց դա է իրեն մշտապես արդիական ու հետաքրքիր դարձնում․ այդպես է կարծում նաև արվեստագետը։

Նուռին հանդիպեցի և նրա հետ զրուցեցի Երևանի նրա ցուցասրահում:

Հարց․- Դուք նախագծել և նկարազարդել եք շապիկներ՝ դրանց վրա զետեղելով «Ճանճը» քանդակի հիմնական գաղափարները: Այդ գաղափարներից մեկն էլ հետևյալն է. «Հասկանալու, ներելու և սիրելու համար պետք է նայել ատելության արժանացած մարդու դիտանկյունից»։ Խնդրում եմ մի փոքր մեկնաբանել այս հաստատումը։

Պատ․-Շապիկը «Ճանճը» նախագծի և այնտեղ մարմնավորված գաղափարի մի փոքր մասն է միայն, ներառյալ շապիկի վրա իմ սեփական ձեռագիրը: Գաղափարն համակողմանիորեն կարելի է բացահայտել միայն նախագիծն ամբողջությամբ դիտելուց հետո․ այսինքն ՝ ոչ միայն ճանճի մեծ քանդակը, այլև այն լրացնող մի շարք աշխատանքներ, որոնք փոխլրացնում են համատեքստը: Նախագծի առանցքային գաղափարը սերն է, պետք է սիրել, ոչ թե՝ ատել: Ատելությունը նախևառաջ ատողին է վնասում: Ատելության փոխարեն պետք է սիրել: Մենք պետք է ձգտենք դրան: Մենք պետք է կարողանանք մեր միջից հանել ատելությունը, և դրանից աշխարն ավելի լավը կդառնա:

«Եթե կարող ես սիրել ճանճին, ապա կարող ես սիրել ամեն ինչ և ամենին․․․ և դու կկարողանաս թռչել»: Ահա «Ճանճի» հիմնական գաղափարը։

Հարց․– Ինչպե՞ս կներկայացնեք այն ֆիզիկական և հուզական զգացողությունները, երբ մտնում եք ճանճի քանդակի, կերպարի մեջ: Ի՞նչ եք զգում, ի՞նչպես եք ընկալում աշխարհը:

Պատ․– Մարդկային ուղեղն այնպես է կառուցված, որ մենք հիշենք այն ամենն, ինչը տեսնում ենք առաջին անգամ: Երբ նայում ենք ճանճի աչքերով, պարզ է դառնում, որ մենք աշխարհն առաջին անգամ տեսնում ենք մեկ այլ էակի աչքերով: Այդ պատկերն անջնջելիորեն դաջվում է մեր մտապատկերում: Եթե հասնում ենք մի հոգեվիճակի, երբ ատելությունը խանգարում է մեզ ճիշտ կյանքով ապրել, այդ ժամանակ մեր հիշողությունն արթնացնում է ճանճի մտապատկերը՝ այդպիսով օգնելով մեզ ատելությունը փոխարինել սիրով:

Հարց․– «Ճանճի» 2017 թվականի դեբյուտից հետո, հանդիսատեսն առհասարակ ինչպե՞ս է արձագանքել վերջինիս կարեկցական և ալտրուիստական փիլիսոփայությանը: Այս առումով հայաստանյան և եվրոպական հանդիսատեսի միջև տարբերություն կա՞:

Պատ․-Ֆլորենցիայի բիենալեում «Ճանճը» մեծ գնահատանքի արժանացավ: Սկզբում ես դա չէի հասկանում, զբաղված էի այցելուներին քանդակի գաղափարախոսությունը բացատրելով: Ըստ էության ողջ Ֆլորենցիան «Ճաճնի» մասին էր խոսում: Ցուցահանդեսն ամեն օր մեծ թվով այցելուներ էր ունենում:

Ինչ վերաբերում է հայ, եվրոպացի և մյուս այցելուների տարբերություններին, ապա կարող եմ ասել, որ հայ հանդիսատեսն իր տպավորություններն արտահայտելու մեջ բավականին զուսպ է, մինչդեռ եվրոպացիներն իրենց արձագանքում ավելի հուզական են, անմիջական և անկեղծ:

Հարց․ – Երևանին նվիրված մի վերացական նկար ունեք՝ ամբողջը մեկ գծով պատկերված: Այս մեկ գիծն արտահայտում է պատկերի ողջ կոմպոզիցիոն ամբողջականությունը՝ ներառյալ քաղաքի ակնառու մշակութային կոթողներն ու այլ մանրամասնություններ: Ի՞նչը ներշնչեց ձեզ ստեղծել այս աշխատանքը: Եվ արդյոք նախատեսո՞ւմ եք այլ քաղաքներին նվիրված նման նկարներ ստեղծել:

Պատ․– Այո, «Երևան» աշխատանքը մեկ գծով է պատկերվել: Այն իմ նկարչական տեխնիկան է, և ես այն հաճախ եմ օգտագործում: Ես այն անվանում եմ «մեկ գիծ, մեկ հպում»: Նկարը եզակի է․ այն մինչ օրս ստեղծած իմ ամենամեծ կտավն է: Նկարի վրա աշխատել եմ 12 ժամ շարունակ: Հույս ունեմ, որ այս նույն տեխնիկայով կնկարեմ այն բոլոր քաղաքները, որտեղ ցուցադրվել է «Ճանճը»։ Այսպիսով կհիշատակվեն այն բոլոր վայրերը, ուր ցուցադրվել է քանդակը: Երևանը նկարելիս՝ օգտագործելով «մեկ գիծ, մեկ հպում» տեխնիկան, փորձել եմ վերարտադրել ճանճի թռիչքի անկառավարելի հետագիծը, որը գրեթե երբեք չի ընդհատվում կամ կարճվում: Այս նկարը վերանվանելու եմ «Ճանճը Երևանում»:

Հարց․ –Ձեր զարդերը՝ լինեն մատանիներ, ապարանջաններ, ականջօղեր, կրծքազարդ թե հարսանեկան թագ, տեխնիկապես կատարյալ են և անթաքույց նորարարական։ Համաձայն ե՞ք, որ դասական, հիմնավոր կրթությունն այն հիմնաքարն է, առանց որի անհնար է ստեղծագործական կայուն վերելքը:

Պատ․– Անկասկած, յուրաքանչյուր նորարարություն հիմնված է կայացած դասականի վրա: Եվ նորարարության արժեքը պայմանավորված է նրանով, թե այն որքանով սերունդների մշակութային ժառանգության մաս կկազմի: Թեև իմ գեղարվեստական ընկալումները շատ են շաղկապված դասականին, սակայն ես փորձում եմ դրանք վերարտադրել և ներկայացնել ոճական, տեխնիկաական և թեմատիկ յուրովի նորարարությամբ:

Հարց․–Ձեր զարդերից յուրաքանչյուրը ձեռակերտ է, անհատական դիզայնով, մեկ օրինակից, մանրամասն հղացված։ Այս ամենը նաև ժամանակատար է։ Ի՞նչ եք զգում, երբ այն ձեռք է բերում որևէ հաճախորդ: Արդյոք կորստի զգացողություն եք ունենում, թե՞ կարծում եք, որ այն երկրորդ կյանք է առնում:

Պատ․– Հաճախ եմ մտածել այդ մասին, և իմ պատասխանը միշտ նույնն է. արվեստի գործ ստեղծելը նման է ծնունդ տալուն։ Երեխայի աշխարհ գալու պես՝ երկու հոգի է անհրաժեշտ ՝ մեկը ես, զարդեր ստողծողը, մյուսն՝ այն մարդը, ում համար հղացվել է զարդը: Հետևաբար, զարդը կրողին փոխանցելով, ես այն «փոխանցում եմ» երկրորդ ծնողին՝ առանց կորցնելու իմ կապը ստեղծված իրի հետ և, իհարկե, առանց կորցնելու կապն այն կրող մարդու հետ:

Հարց․ – «Նուռ» պատկերասրահը յուրօրինակ ստեղծագործական տուն է դարձել, այն հիմնական տարածքը, ուր ցուցադրվում են ձեր զարդերը, քանդակները, նկարները և մուլտիմեդիա աշխատանքները: Որքանո՞վ է ձեզ համար կարևոր արվեստասեր հասարակության հետ կապը՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ ձեր պատկերասրահը կարող է սնուցել և լիցքավորել այն։

Պատ․- Կարծում եմ, որ արվեստը կրթում և լուսավորում է մարդկանց։ Իսկ «Նուռ» պատկերասրահը Երևանի այն վայրերից է, որ ծառայում է այդ տեսլականին: Ցուցադրություններ և տարատեսակ այլ միջոցառումներ կազմակերպելով, ներկայացնելով հայ և համաշխարհային մշակույթի ձեռքբերումները, համողված ենք, որ նպաստում ենք հասարակության գեղարվեստական ճաշակի և կրթության բարձրացմանը։

Հարց․-Ձեր ցուցասրահի մշտական այցելուներից շատերը գիտեն, որ դուք նաև հաջողված երգահան եք և երաժիշտ: Ի՞նչ դեր է խաղում երաժշտությունը ձեր ստեղծագործական հետաքրքրությունների և արդյունքի այս մեծ հոլովույթում:

Պատ․-Երաժշտությունն իմ և իմ ստեղծագործության անբաժանելի մասն է: Իմ ստեղծագործական միջավայրում և առհասարակ իմ կյանքում երաժշտությունը մշտական ներկայություն է։ Ես ինքս ինձ ավելի շուտ երաժշտասեր եմ համարում, քան՝ երաժիշտ։ Ինչ վերաբերում է երգահանությանը, ես այն բոլորովին վերջերս եմ սկսել: Չգիտեմ, թե այն որտեղից եկավ կամ՝ ինչպես: Բայց կարծում եմ, որ կյանքիս տվյալ փուլում ես նաև երաժշտությամբ արտահայտվելու մեծ կարիք ունեմ․ երգեր հեղինակելով և կատարելով դրանք՝ ստեղծագործական նոր և թարմ շերտեր եմ բացահայտում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: