Հայերեն   English   Русский  

Մամուլում նշված բոլոր դրդապատճառները չեն համապատասխանում իրականությանը. Արսեն Գասպարյանը իր հեռացման մասին


  
դիտումներ: 49

Հայաստանի Հանրապետության վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն անդրադարձել է վարչապետի աշխատակազմից իր հեռացմանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արսեն Գասպարյանը հայտնել է, որ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր հեռացումը վարչապետի աշխատակազմից:

Ազատվել եմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից իմ սեփական դիմումի համաձայն: Վարչապետի կադրային քաղաքականությունը կարող է նախատեսել որոշ վերադասավորումներ և կադրային էթիկայի կանոնների համաձայն չէի ուզենա հավելյալ մեկնաբանությունների մեջ մտնել: Կարող եմ միայն նշել, հետագա իմ գործունեությունը պայմանավորված է սոսկ վարչապետի և իմ միջև կայացած քննարկումներով:

Զանգվածային լրատվության միջոցները տարբեր պատճառներ են շահարկում Ձեր հեռացման վերաբերյալ: Ի՞նչ պարտականություններ եք ունեցել աշխատակազմում և ինչ կասեիք մամուլումնշված Ձեր ազատման դրդապատճառների մասին:

Մամուլում նշված բոլոր դրդապատճառները, առանց բացառության, չեն համապատասխանում իրականությանը: Ես զբաղվել եմ Հայաստանի արտաքին տնտեսական կապերով, ուղղորդել եմ մի շարք ներդրումային ծրագրեր և վարչապետին ներկայացրել եմ 46 ներդրումային ծրագիր, որոնցից մի մասն արդեն իրականացվել են, իսկ մնացածը դեռ ընթացքի մեջ են:

Ղեկավարել եմ Թափոնների կառավարման և վերամշակման աշխատանքային խումբը, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների խորհուրդը: Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպել եմ հայ-իտալական բիզնես ֆորումը, որը վերջերս կայացավ Երևանում և Գյումրիում: Կատարել եմ, իհարկե, վարչապետի տարբեր հանձնարարականներն արտաքին տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտներում:

Ներգրավված եմ եղել մի շարք միջպետական ու բազմակողմ բանակցություններում, ներառյալ ԵՏՄ – Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, որը հուսով եմ կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում: Համոզված եմ, որ աշխատակազմի իմ գործընկերների և այլ պետական ինստիտուտների շնորհիվ այս բոլոր աշխատանքային ուղղություններում, որոնք ես սկսել եմ, դրական արդյունքներ կարձանագրվեն մոտ ապագայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: