Հայերեն   English   Русский  

«Կխնդրեի, որ չտրվեինք էյֆորիայի՝ կապված ՀՀ ԶՈՒ գործունեության հետ». Արթուր Եղիազարյան


  
դիտումներ: 48

Սիրելի հայրենակիցներ ու համերկրացիներ, կխնդրեի, որ չտրվեինք էյֆորիայի՝ կապված ՀՀ ԶՈՒ գործունեության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը:

«Իհարկե, բոլորս էլ ուզում ենք լավ լուրեր լսել, բայց այն տեղեկությունները, որոնք վերջին շրջանում շրջանառվում են՝ կարող են լուրջ խանգարել ու վտանգել մեր սահմանային զորամիավորումների գործունեությանը:

Մենք՝ քաղաքացիական բնակչությունս, ընդամենը դիտորդներ ենք ու դրական կամ բացասական հուզականություն ենք դրսևորում ցանկացած լուրի հանդեպ: Եվ ուզում ենք, որ ինչ կատարվում է սահմանային դիրքային հատվածներում՝ տեղեկանանք: Բայց կարծում եմ, որ ընդամենը պետք է վստահել մեր զինվորականությանը, որն իր հայրենապահ գործը բարեխղճորեն կատարում է:

Մեր բանակն ամենօրյա աշխատանքով անում է ոչ միայն առավելագույնը, այլ շատ դեպքերում՝ անհնարինը: Հավատացեք: Կրկնում եմ՝ ամենօրյա աշխատանքով:

Պետք չի այստեղից-այնտեղից հայթայթված լուրեր, շատ դեպքերում՝ ձևափոխված, տարածել, եթե ՊՆ-ն այդ մասին չի խոսում, անգամ եթե ոգևորող լուրեր են:

Բացատրեմ, թե ինչու: Օրինակ՝ դիրքեր առաջ տալու մասին երբ մարդիկ գրում են, պետք է նկատի ունենան, որ դիրք առաջ տալը նախագծային, այնուհետև իրագործման՝ տևական լուրջ ու տքնաջան աշխատանք է: Դրան հետևում է էլի տքնաջան և վտանգներ պարունակող քողարկված ինժեներական աշխատանք: Երբ դեռ այդ ամենը գործընթացի մեջ է, և մենք հրապարակայնացնում ու խոսում ենք այդ մասին՝ վտանգում ենք և՛ իրականացնողներին, և՛ այդ աշխատանքը: Առավել վտանգավոր է, երբ այդ մասին ստատուս են գրում բարձրաստիճան, բայց ոչ զինվորական պետական այրերը: Դրանով ուշադրություն ենք հրավիրում հակառակորդի ղեկավարությանը, որով էլ մեծանում է նրանց սևեռումը (ռազմական և քաղաքական)՝ քննարկվելիք տարածքների ուղղությամբ: Այդ ամենով վտանգում ենք ընթացքի մեջ գտնվող աշխատանքներն ու այն իրականացնող մեր զինվորականներին: Լինենք զուսպ և առաջնորդվենք այն տեղեկություններով, որը ՊՆ-ն նպատակահարմար կգտնի հրապարակայնացնել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: