Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 122

Շաբաթվա իրադարձությունների և քննարկումների առանցքում էին «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, տնտեսագիտականն համալսարանում ստեղծված ճգնաժամը, Երևանի սանիտարական վիճակը և Ամուլսարի հանքավայրը: Շարունակվում էին նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարը և Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ցույցերը:

Շաբաթը սկսվեց ցավալի իրադարձությամբ: Երկուշաբթի կեսօրին հայտնի դարձավ, որ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասից չպարզված հանգամանքերում մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000 թ. ծնված Արայիկ Ղազարյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ զինծառայող Ղազարյանը գտնվում է իրենց մոտ, և չզլացան հերթական ստահոդ լուրերը տարածել, թե զինվորը դիրքը լքել է իր նկատմամբ դաժան վերաբերմունքի հետևանքով: Հետաքննություն սկսվեց, իշխանություններն սկսեցին ջանքեր գործադրել Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հայտարարելով, որ դեպքի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, նաև հայտնեցին նախնական վարկածը, ըստ որի՝ զինվորը պարզապես մոլորվել է։

Մինչ քննարկվում էր Արայիկ Ղազարյանի դեպքը, հաջորդ օրը՝ օգոստոսի 13-ին, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից ծանր վիրավորվեց է 37-ամյա պայմանագրային զինծառայող։

Բանակի հետ կապված ծանր տրամադրություններն ինչ-որ չափով փարատվեցին շաբաթվա վերջում տարածված մի այլ տեղեկությամբ: Հայտնի դարձավ, որ 2019 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հայկական բանակը լուրջ հաջողություններ է ունեցել Տավուշի հյուսիսում: Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում, բայց հանդիպելով գնդապետ Գ. Խաչատուրովի հրամանատարությամբ գործող ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումների դիմադրությանը՝ ստիպված են եղել մնալ իրենց տարածքում: Գերազանցելով հակառակորդին՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են մոտ 140 հեկտար տարածք ազատագրել: Հաջողության դեպքում հակառակորդը վերահսկողություն էր սահմանելու Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու վրա, խափանվելու էր Վրաստանով Հայաստան մտնող գազատար խողովակաշարի անվտանգությունը։ Մինչդեռ այժմ հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին: Թիրախային գոտում են հայտնվել նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը:

Այս փաստը ցույց տվեց, որ մեր բանակը պահպանում է իր մարտունակությունը և մնում է իր բարձրության վրա։

Մամուլը և սոցիալական ցանցերը ողողված էին «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծի քննադատությամբ: Հիշեցնենք, որ ըստ այդ նախագծի՝ եթե մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորներն ինքնակամ հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը կշարունակեն աշխատավարձ ստանալ և կօգտվեն հավելավճարներից ու սոցիալական երաշխիքներից, եթե ոչ, ապա կենթարկվեն հնարավոր քրեական պատասխանատվության և հետևաբար կկորցնեն ամեն ինչ:

Ոմանք հաշվեցին, թե դատավորների հրաժարականի դեպքում ինչ վնասներ կկրի հանրապետության բյուջեն. մոտ կես միլիարդ դրամ: Ուրիշներն ավելի շատ խոսեցին բարոյական և իրավական վնասների մասին՝ նշելով, որ ՍԴ դատավորի աշխատանքը սոսկ աշխատավարձի դիմաց կատարվող աշխատանք չէ, այլ առաքելություն, իսկ նախատեսված դրույթները վիրավորանք են և ոտնձգություն դատավորի արժանապատվությանը, հարկատուների հաշվին բացահայտ կաշառքի դրսևորում և առհասարակ տրամաբանությունից դուրս: Մինչև իսկ կարծիք հնչեց, որ նախագիծը իրավական դիվերսիա է և ռումբ պետության տակ: Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատավորների տրամադրություններից ակնհայտ դարձավ, որ նրանք չեն պատրաստվում ապրել անաշխատ եկամտով:

Այս շաբաթ եռում էին կրքերը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջը: Շաբաթը սկսվեց համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի մամլո ասուլիսով, որի հրահանգով ներս չթողեցին նրա սահմանած դասախոսների ընտրության կարգի դեմ բողոքող դասախոսներին: Վերջիններս իրենց դիրքորոշումն արտահայտեցին դրսում և զանգվածային լրատվամիջոցներով: Եվ եթե հանրագումարի բերենք, ապա արձանգրված է, որ ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական ատենախոսությունը զգալի մասով գրագողություն է, նա կեղծ տվյալներ է զետեղել իր կենսագրությունում, ի լրումն՝ նրա պաշտոնավարությունն օրենքից դուրս է, քանի որ 6 ամիսը լրանալուց հետո նրա պաշտոնակատարության ժամկետը չի երկարաձգվել ևս 3 ամսով, այդ հնարավորությունն այլևս բաց է թողնվել և նրա պաշտոնավարությունը շարունակելու որևէ այլ օրինական միջոց չկա: Բացի այդ, նրա ատենախոսությունը լրացուցիչ քննության ենթարկելու հրաման է տրվել: Թե ինչպես պիտի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փորձի շրջանցել այս ամենը, որը ատամներով պաշտպանում է Ռուբեն Հայրապետյանին, ցույց կտա մոտ ապագան:

Այս շաբաթվա հերոս իրավամբ կարելի է համարել ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին, որը նախանձելի համառությամբ շարունակում է իր պայքարը աղբահանության ճգնաժամի հետևանքով Երևանին սպառնացող համաճարակի դեմ:

Նախ նշենք, որ Երևանի աղբահանության, այսինքն՝ «Սանիթեքի» թեման կառավարությունը ներկայացրեց միանգամայն նոր «ժանրով»՝ վարչապետի աշխատասենյակից վարչապետի և քաղաքապետի զրույցի ուղիղ հեռարձակմամբ, ինչը մեծ թվով երգիծական մեկնաբանությունների առիթ տվեց: Վարչապետ դարձած նախկին լրագրողը և քաղաքապետ դարձած նախկին կատակերգու դերասանը Երևանի անկառավարելի աղբի ողջ մեղքը բարդեցին «Սանիթեքի» վրա և եկան այն եզրակացության, որ պատճառը գումարների մսխումը կարող է լինել: Ըստ նրանց՝ «Սանիթեքի» հարկային պարտքը պետությանը կազմում է կես միլիարդ դրամ, ուստի քրեական գործ է հարուցվել: Թե ինչքան կտևի տվյալ քրեական գործի վարումը և ինչքան Երևանը կմնա թաղված աղբի մեջ, մնաց անհայտ:

Հաջորդ օրը Սոնա Աղեկյանը «Իմ աղբը» թեմայով ասուլիս հրավիրեց քաղաքապետարանի շենքի առաջ և վարչապետի ու քաղաքապետի զրույցը համարեց շոումենի եւ նախկին լրագրողի փոքրիկ շոու, որտեղ քննարկվում էին հարցեր, որոնք պետք է վաղուց քննարկած ու լուծված լինեին։ Արձագանքեց նաեւ «Սանիթեքը»՝ զրպարտություն անվանելով իրենց ուղղված մեղադրանքները և խոստացավ կետ առ կետ անդրադառնալ դրանց։

Սակայն այս շաբաթ Սոնա Աղեկյանը ոչ միայն աղբ էր բերել քաղաքապետարան, այլև կոյուղաջուր: Բանն այն է, որ Աղյուսագործների փողոցի մի քանի տներ զրկված են կոյուղագծից, հարևանությամբ ապրող դատավորների ընտանիքը փակել է իրենց հողամասով անցնող խողովակը, և արդեն մի քանի ամիս է՝ կոյաղաջրերը լցվում են հարևանների տները։ Սոնա Աղեկյանը այստեղ ասուլիս էր հրավիրել, նրա հետ էին նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը: Աղյուսագործների փողոցից նրանք մի քանի բնակչի հետ եկան քաղաքապետարան՝ հանդիպելու Հայկ Մարությանի հետ, սակայն նրանց դիմավորեց կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։ Սոնա Աղեկյանը կոյուղաջրով տարան համառորեն դեմ էր տալիս Խաչիկյանին, որպեսզի նա շնչի գարշահոտությունը, վարչության պետն անձնվիրաբար դիմադրում էր։ Ի վերջո, Աղեկյանը, ինչպես միշտ, բերման ենթարկվեց ոստիկանություն և որոշ ժամանակ անց ազատ արձակվեց: Սակայն հայտարարեց, որ հաջորդ անգամ ոչ թե բաժակով, այլ դույլով է կոյուղաջուր տանելու քաղաքապետարան:

Չորեքշաբթի հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական ծավալուն (341 էջ) եզրակացությունը: Միջազգային ընկերության փորձագետների այս աշխատանքը մեր բյուջեի վրա նստել է 400 հազար դոլար։ Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտումը փոխանցելու ուղիներ չկան:

Դրանից հետո ընդվզման ալիք բարձրացավ Ջերմուկում, երեկոյան քաղաքում հանրահավաք ու երթ սկսվեց, հաջորդ օրն արդեն բողոքողները կառավարության շենքի մոտ էին, երբ շենքում կառավարության հերթական նիստն էր ընթանում և առաջին հարցն էլ հենց նշված փորձաքննության մասին էր։ Քննչական կոմիտեի նախագահը 3 կարևոր կետ առաձնացրեց։ «Լիդիան» ընկերությունը պատրաստ է առաջարկվող մեղմման 16 միջոցներից կիրառել է 15-ը, 10-ն արդեն կիրառում է։ Մեկ միջոցը դեռ քննարկվում է։ Սակայն վնասների հետևանքներն այնքան կայուն են, որ մեղմման միջոցները պետք է բավականին երկար կիրառվեն՝ կա՛մ մեկ դար, կա՛մ կես հազարամյակ:

Իսկ կառավարության շենքի առաջ ցուցարարները փաստաթղթից մեջբերում էին այն հատվածները, որոնք վերաբերում են վտանգներին: Նրանք ուզում էին այդ ամենը ներկայացնել վարչապետին, սակայն այդպես էլ վարչապետին չհանդիպեցին: Նրա օգնականները դա պատճառաբանեցին վարչապետի ծանրաբեռնվածությամբ:

Ինչ վերաբերում է ծանրաբեռնվածությանը, ապա հարկ է հիշեցնել, որ նախորդ օրը վարչապետը գրեթե երկու ժամ թողեց իր աթոռը և զբաղվեց զբոսավարությամբ՝ օտարերկրյա զբոսաշրջիկներին ծանոթացնելով Երևանի տեսարժան վայրերին:

Մինչդեռ հնարավոր է, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիտները քրեական պատասխանատվության ենթարկվեն։ «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ Ամուլսարի հանքի մուտքերը փակելու համար խուլիգանության և ինքնիրավչության հոդվածներով։ Գործի հարուցումը մերժվել է մի տարի առաջ, բայց «Լիդիանը» որոշումը վիճարկել է և հաղթել դատը։ Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Անցած շաբաթ շարունակում էին աղմկել նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Երկուշաբթի նրանք ցույց էին անում Բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ, հայտարարում էին, որ Քոչարյանի գործն արհեստականորեն ձգձգվում է և պահանջում էին ԲԴԽ-ի արձագանքն ու միջամտությունը։ Ցուցարարներին հետաքրքրում էր նաև ԲԴԽ անդամների լռությունը Փաշինյանի՝ դատավորներին ուղղված աղմկահարույց արտահայտությունների վերաբերյալ («փետով տալ դատավորի գլխին», «վնգստալ» և այլն):

Երկու օր անց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ դեռևս հունիսի 27-ին միջնորդություն են ներկայացրել Քոչարյանին գրավով կալանքից ազատ արձակելու համար, սակայն առ այսօր դիմումը չի քննվել, ինչը օրենքի խախտում է։ Այս խնդրով էլ դիմել են Եվրոպական դատարան, որը ՄԻԵԴ-ին ներկայացված 7-րդ գանգատն է։

Ցուցարարների շարքերը լրացրեցին որսորդները, որոնք ոտքի էին կանգնել՝ պաշտպանելու իրենց իրավունքը։ Նոր՝ փոխված կարգով՝ որսի արտոնագրի համար նրանք նախկին 8 հազարի փոխարեն պետք է վճարեն 17 հազար դրամ և որս անեն միայն շաբաթ-կիրակի օրերին։

Շաբաթ, օրն էլ հանրապետության 11 քաղաքներում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման իրազեկման ակցիա՝ մոտոերթ իրականացրեց ՎԵՏՕ շարժումը:

Շաբաթի վերջում օրակարգ մտավ նաև հանրապետության երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի հնարավոր կալանավորման հարցը: Այդ հավանականության մասին բավական վստահ հանդես եկավ Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում և Պորտուգալիայում նախկին ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:

Շաբաթվա ընթացքում տեղի ունեցան նաև պաշտոնանկումներ և ձերբակալություններ: Մասնավորապես մի օրում աշխատանքից ազատվեց երեք պաշտոնյա՝ վարչապետի գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանն ու Արամ Ղարիբյանը և վարչապետի օգնական Մհեր Սահակյանը: Իսկ քրեական գործերից ուշագրավ էին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանի և Արմեն Աշոտյանի վարորդի ձերբակալությունները:

Բավական լայն արձագանք ստացավ այն տեղեկությունը, որ անցած Վարդավառի օրը գորգեր լվանալու միջոցառումը Ազգային ժողովի բյուջեից խլել է 5 մլն դրամ, ընդ որում՝ երկու ընկերությունների ղեկավարներն էլ, որոնք իրականացրել են միջոցառումը և ստացել վճարը, խորհրդարանի որոշ պատգամավորներին և աշխատակիցներին մոտ կանգնած անձինք են: Ուշագրավ էր նաև այն փաստը, որ այդ ընկերություններից մեկը գրանցվել էր միջոցառումից ընդամենը 4 օր առաջ: Շահերի բախումն ավելի քան ակնհայտ էր, մանավանդ այն համատեքստում, երբ գրեթե ամեն օր լուրեր էին հասնում Ազգային ժողովում իրականացվող կադրային ջարդի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: