Հայերեն   English   Русский  

Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական հնարավորություններ, որոնք վերհանելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքները չեն դադարում. մարզպետն ամփոփել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը»


  
դիտումներ: 402

Մի քանի ամիս շարունակ պատրաստվելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովին» ՝ կազմակերպչական թիմը փորձել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կոտայքի մարզը ներկայանա իր ամբողջ հմայքով ու տնտեսական ներուժով:

Ամփոփելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ արվել է առավելագույնը՝ հարմարավետ հարթակներ ստեղծելու թե՛ էքսպո-ցուցահանդեսի մասնակիցների, թե՛ իրենց հաջողակ պատմություններով կիսվողների, թե՛ ներդրումային ծրագրեր ներկայացնողների և թե՛ համաժողովի մասնակիցների համար:

Հիշեցնենք, որ համաժողովի շրջանակում ներկայացվել են 10-ը հաջողված ձեռնարկությունների պատմություններ, ինչպես նաև տեխնոլոգիական գյուղատնտեսության, զբոսաշրջության, ադամանդագործության, ինտենսիվ այգեգործության, վերականգնվող էներգետիկայի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային շուրջ 25 ծրագրեր:

«Այն, ինչին դուք ականատես եղաք համաժողովի շրջանակում, մեր մարզի տնտեսական ներուժի միայն մի մասն էր:

Իրականում, Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական հնարավորություններ, որոնք վերհանելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքները չեն դադարում:

Համաժողովից հետո հնչած յուրաքանչյուր կարծիք, շնորհավորանք ու բարեմաղթանք միմիայն պարտավորեցնող է ու առաջ մղող:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում համաժողովի բոլոր մասնակիցներին, ովքեր ամեն ինչ արեցին բոլորիս համար օգոստոսի 17-ը հիշարժան դարձնելու համար:

Ի գո՛րծ»,-ամփոփելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը՝ նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: