Հայերեն   English   Русский  

Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 196

Յուրաքանչյուր շաբաթ համաշխարհային լրահոսին թռուցիկ հայացքն իսկ ցույց է տալիս, որ աշխարհում ապահով տեղ չկա, լինի դա աղքատ թե զարգացած քաղաքակիրթ երկիր: Եթե պատերազմներ, ահաբեկչություններ ու մարդածին այլ արհավիրքներ էլ չլինեն, տարերային աղետներն ու կլիմայական անակնկալներն անպակաս են, որոնք խուճապ առաջացնելուց զատ, նաև մարդկային կյանքեր են խլում: Եվ անցած շաբաթն էլ, ցավոք, բացառություն չէր:

Ծանր էր եվրոպացիների վիճակը, որտեղ մե՛կ սաստիկ շոգ էր, մե՛կ ցուրտ: Իսպանիայում՝ Կատալոնիայում, կայծակը ոչնչացրեց 40 տնակներ անիվների վրա, հրդեհը տարածվեց ավելի քան 1,5 կիլոմտր շառավղով, Շվեյցարիայում սելավը ավտոմեքենա քշեց, երկու մարդ անհետ կորավ, հզոր փոթորիկը մի քանի րոպեում ափամերձ քաղաքաների փողոցները գետերի վերածեց, որոշ հատվածներում հեղեղվեցին երկաթուղիները, իսկ իսպանական Գրան Կանարիա կղզում երազում էին անձրևի մասին, որը կօգներ հաղթահարել ուժեղ հրդեհները: Հեկտարներով այրվում էին անտառները, մոտ 2 հազար մարդ տարհանվեց: Վիեննայում անբնական շոգից հետո մրրիկ սկսվեց, տեղատարափ անձրև, կարկուտ, ծառեր տապալվեցին, հեղեղվեցին ստորգետնյա անցումերն ու փողոցները: Հրդեհների ճարակ էր դարձել գրեթե ողջ Հունաստանը, կրակը մոտեցել էր ընդհուպ Աթենքին: Գրենլանդիայում բռնկված հրդեհների մարմանը միացան Դանիայի հրշեջները: Ստամբուլում սելավից ողողվեց ողջ պատմական կենտրոնը և նշանավոր մեծ շուկան: Չինաստանում «Լեկիմա» թայֆունի պատճառով ավելի քան 85 հազար մարդ տարհանվեց, 32 մարդ զոհվեց, 16 մարդ անհետ կորած է, ևս 17 մարդ էլ անհետ կորավ ժայռի փլուզումից: Ճապոնիայում միայն մի շաբաթում 23 մարդ մահացավ սաստիկ շոգից, իսկ «Կրոսա» թայֆունի պատճառով չեղարկվեց մոտ 400 ավիաչվերթ:

Եվ սա տարերային աղետների բնավ լիակատար թվարկումը չէ: Բավական է ասել, որ Միացյալ Նահանգները միայն կես տարում փոթորիկների և ջրհեղեղների պատճառով 1,2 մլրդ դոլարի վնաս է կրել:

Քաղաքականության ոլորտում նույնպես անհանգիստ վիճակ էր, որոշ հատվածներում՝ բավական «հրդեհավտանգ»: Ամենաթեժ կետերը թերևս Հոնկոնգը և Մոսկվան էին, որտեղ տեղի էին ունենում տևական բողոքի ցույցեր: Դրանց պատճառով նույնիսկ երկուշաբթի աշխատանքն ընդհատեց Հոնկոնգի միջազգային օդանավակայնը, ավելի քան 300 չվերթ չեղարկվեց:

Օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներ փորձում էին զուգահեռներ անցկացնել Մոսկվայի և Հոնկոնգի միջև՝ նշելով, որ երկու դեպքում էլ ցույցերը, որոնք սկսվել էին մի բողոքի հետևանքով, հետզհետե վերածվեցին ավելի մեծ թվով հարցեր ընդգրկող դժգոհության իշխանություններից: Եվ երկու երկրների ղեկավարներն էլ ընտրել են պաշտպանության միևնույն մարտավարությունը՝ պնդելով, որ զանգվածային ցույցերը հրահրվում են օտարերկրյա թշնամիների կողմից: Վերջապես, երկու դեպքում էլ իշխանությունները երկրընտրանքի առջև են, ընդվզումներին պատասխանել ճնշումներով, թե՞ զիջումներով:

Այսպես թե այնպես մոսկվացիների հերթական շաբաթօրյա ցույցը թվաքանակով խիստ զիջում էր նախորդ շաբաթներին, իսկ Հոնկոնգում անձրևն անգամ չխանգարեց հազարավոր ցուցարարներին:

Օգոստոսի 15-ին Հնդկաստանը նշում էր Մեծ Բրիտանիայից անկախանալու տարեդարձը: Եվ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Ջամմուի և Քաշմիրի ինքնավարության չեղարկումը կառավարության կարևոր ձեռքբերումներից է:

Եվ սա այն դեպքում, երբ այդ որոշումը հղի է Պակիստանի հետ պատերազմով: Պակիստանի վարչապետ Իմրան Խանն էլ իր հերթին հայտարարեց, որ նահանգում իրավիճակը սրվելու դեպքում Իսլամաբադը պատրաստ է Դելիին ռազմական պատասխան տալ: Իսկ ինքնավարությունը կորցրած Քաշմիրում արդեն 10 օր պարետային ժամ է գործում:

Ինչպես և ամեն շաբաթ, Միացյալ Նահանգները միջազգային հանրությանը զուրկ չթողեց աղմկահարույց հայտարարություններից:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն խանդավառությամբ կաջակցի առանց գործարքի բրեքսիթին, եթե այդպես որոշի բրիտանական կառավարությունը, և հավելեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հոկտեմբերի 31-ին տեսնել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի հաջողակ դուրսբերումը, բացի այդ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա ազատ առևտրի մասին համաձայնագրի վրա:

Նույն Բոլթոնը հայտարարեց, որ Ռուսաստանը գերձայնային զենքը մշակելիս հիմնվել է այն տեխնոլոգիաների վրա, որոնք գողացել է ԱՄՆ-ից: Մեկնաբանելով Սեվերոդվինսկի միջադեպը, որտեղ օգոստոսի 8-ին տեղի ունեցավ ռեակտիվ շարժիչի պայթյուն, նա ասաց, որ Ռուսաստանը միջուկային զենքի մատակարարման միջոցներ է մշակում:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հինգշաբթի օրը հայտարարեց, որ հրաձգությունների հետևանքով հաճախակի դարձած ողբերգական դեպքերը թելադրում են վերաբացել այն հոգեբուժարանները, որոնք փակվել են նախորդ տասնամյակներում:

Շրջանառության մեջ դրվեց ԱՄՆ-ի՝ Գրենլանդիան գնելու ցանկության մասին տեղեկությունը: Որոշ աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տանը ոմանք ծիծաղել են այդ կատակի վրա, բայց մյուսները դա ավելի լուրջ են ընդունել: Իսկ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Էնն Լոնե Բագերը, մեկնաբանելով այդ լուրերը, հայտարարեց, որ Գրենլանդիան չի վաճառվում: «Մենք բաց ենք բիզնեսի, բայց ոչ վաճառքի համար»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն նախկինում երկու անգամ փորձել է Դանիայից գնել այդ ինքնավար տարածքը (1867 և 1946 թթ.), սակայն երկու անգամ էլ դանիացիները մերժել են գործարքը:

Թրամփի սկանդալային որոշումները, սակայն, հետզհետե ավելի ու ավելի մեծ հակազդեցության են արժանանում իրավապահների կողմից և սպառնում են տևական դատական գործընթացներով: Մասնավորապես՝ ներգաղթյալների մասին օրենքում նախատեսված փոփոխությունների կապակցությամբ: ԱՄՆ 13 նահանգ դատի է տվել նախագահին տնտեսական սեգրեգացիայի քաղաքականության պատճառով:

Գլխավոր մեղադրանքն այն է, որ Թրամփն ու նրա վարչակազմն առաջ են տանում միգրացիոն քաղաքականության այնպիսի փոփոխություններ, որոնցով հնարավորություն են ընձեռում այլ եկրներից ԱՄՆ մեկնել միայն ապահովված քաղաքացիներին:

Այդ փոփոխությունները ենթադրում են նաև գրին քարտի չեղարկում, ինչի հետևանքով ներգաղթյալների ճնշող մասը, որոնք ԱՄՆ-ում ձգտում են գոյատևման միջոցներ փնտրել, կհայտնվեն արտաքսման շեմին:

«Եթե դու հարուստ ես, ապա բարի գալուստ, իսկ եթե աղքատ ես, ոչ: Այդ կանոնը հակաամերիկյան է, հակամիգրանտային և անօրինական»,- ասել է փաստաբան Ֆերգյուսոնը: Իսկ Ջեյ Ինսլին Թրամփի վարչակազմի քաղաքականությունը քսենոֆոբիա է անվանում և հայտարարում, որ Վաշինգտոն նահանգը չի ենթարկվի Սպիտակ տան հրամաններին:

Շաբաթվա վերջին ուշագրավ հանգուցալուծում ստացավ իրանական «Գրեյս 1» լցանավի ճակատագրի հարցը, որը հուլիսին կալանել էր Մեծ Բրիտանիան: Լոնդոնը հայտարարում էր, որ նավը նավթ էր տեղափոխում միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Սիրիա: Ջիբրալթարը մերժեց ԱՄՆ-ի՝ իրանական լցանավի արգելափակումը երկարաձգելու պահանջը՝ հիմնավորելով դա Եվրամիության օրենսդրությամբ և Իրանի դեմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների կարգի տարբերությամբ:

Անցած շաբաթ դրամատիկ իրավիճակ էր ստեղծվել Իտալիայի ափերի մոտ: Open Arms-ի հումանիտար նավը, որում գտնվում էր ավելի քան 100 միգրանտ, մեկ շաբաթից ավելի ծովում էր՝ Իտալիայի ափերի մերձակայքում։ Իտալիայի փոխվարչապետ Սալվինին, որ հայտնի է միգրացիոն քաղաքականության ոլորտում իր կոշտ մոտեցումներով, արգելում էր Հյուսիսային Աֆրիկայից ժամանած միգրանտներին մուտք գործել Իտալիա Միջերկրական ծովով։

Անցած շաբաթ տեղի ունեցավ մի միջադեպ, որ կարող էր ողբերգական ավարտ ունենալ նաև մեր հայրենակիցների համար: Բարեբախտաբար դա կանխվեց:

«Ուրալյան ավիաուղիների» Ա321 օդանավը, որում 226 ուղևոր կար, այդ թվում 11 հայ, իրականացնում էր Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթը: Թռիչքից անմիջապես հետո օդանավը բախվել էր ճայերի, թռչուններն ընկել էին շարժիչի մեջ: Օդանավի հրամանատար Դամիր Յուսուպովը և երկրորդ օդաչու Գեորգի Մուրզինը կարողացան անմիջապես վայրէջք կատարել Ռիբինսկոյե գյուղից ոչ հեռու եգիպտացորենի դաշտում անջատված շարժիչներով և հավաքած անիվներով, ուղևորները տարհանվեցին փչովի սանդուղքներով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերոսի կոչում շնորհեց օդաչուներին:

Սակայն շաբաթվա վերջին օրը ողբերգությունից չխուսափեցին Քաբուլում, հարսանիքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթյուն իրականացրեց, որի հետևանքով զոհվեց 63 մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: