Հայերեն   English   Русский  

Հաջորդ տարի 21 նոր փոքր դպրոց կկառուցվի զրոյից. Արայիկ Հարությունյան


  
դիտումներ: 696

Այսօր՝ օգոստոսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում անցկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում Հարությունյանն ասաց, որ հաջորդ տարի 21 նոր փոքր դպրոց կկառուցվի զրոյից՝ գյուղական համայնքներում: Նրա խոսքով՝ արդեն ցանկը կա, դպրոցները տարբեր մարզերում են կառուցվելու, նախկինում նման աննախադեպ ծավալի աշխատանքներ չեն իրականացվել:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբեմն խնդիր է լինում հեռավոր գյուղերում պատշաճ կրթական մակարդակ ապահովելու հարցում, նաև այդ դպրոցներում քիչ են աշակերտները:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ խնդիրների լուծման մի քանի մոդելներ կան, որոնցից մեկը հեռավար ուսուցումն է. «Կա կենտրոն, որտեղ հավաքվում են մասնագետները: Այն դպրոցներում, որտեղ կա ուսուցչի կարիք, եւ տվյալ դասաժամին տեսակապի միջոցով իրականացնում են դասը: Կարող են դասացուցակները սինխրոնացվել եւ միաժամանակ մի քանի դպրոցներում անցկացնել այդ դասը: Կա նաեւ այլ մոդել, որ մոտիկ գյուղերի աշակերտներին, օրինակ 5-րդ դասարանցիներին միացնել և միասնական դասարան ձեւավորել:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ԵՄ ծրագրով և Համաշխարհային բանկի ծրագրով դպրոցական ծրագրերի չափորոշիչների փոփոխություն է տեղի ունենում:

«Նախատեսում ենք, որ մինչեւ 2023 թվականը ամբողջական դասագրքերի չափորոշիչների փոփոխություն ենք ունենալու: Այս տարի նոր դասագրքեր չենք ունենալու, փոխարենը թեթեւացրել ենք պայուսակները, այս տարի տպագրվող դասագրքերը կիսել ենք առաջին եւ երկրորդ կիսամյակների համար: 30-40 տոկոսով պայուսակների քաշը նվազել է»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս պահին արդեն բոլոր դասագրքերը էլեկտրոնային տարբերակով կան եւ աշակերտները կարող են օգտվել:

Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ ունենալու ենք նոր բանաձեւ, որով լինելու է նվազագույն աշխատավարձի շեմ՝ 108 հազար դրամ: Դա ուժի մեջ կլինի հունվարի 1-ից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: