Հայերեն   English   Русский  

​6-րդ և 7-րդ գումարման ԱԺ խորհրդարանները. տարիքըև կրթական աստիճանը


  
դիտումներ: 851

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը։ 7-րդ գումարման ԱԺ-ն ՀՀ պատմության մեջ ամենաերիտասարդն է։

Ամենաերիտասարդ ԱԺ-ի վերաբերյալ տեսակետները տարբեր են՝ ոմանք առաջ են քաշում նորընտիր պատգամավորների երիտասարդ և անփորձ լինելու փաստը, ոմանք էլ կարծում են, որ նորընտիր պատգամավորները երիտասարդ են և խոստումնալից՝ նշելով, որ նախորդ՝ 6-րդ գումարման ԱԺ-ում մեծ թիվ էին կազմում անգրագետ պաշտոնյաները։

Մենք փորձել ենք համեմատել 6-րդ և 7-րդ գումարման խորհրդարանները՝ հասկանալու, թե ո՞ր տարիքային խմբին պատկանող և ի՞նչ կրթական աստիճան ունեցող պատգամավորներն են մեծամասնություն կազմում խորհրդարանում։

Ի տարբերություն 6-րդ գումարման Ազգային ժողովի, որըբաղկացած էր 105 պատգամավորից, նոր ԱԺ-ն բաղկացած է 132-ից։ 6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված էին 4 քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը 58 պատգամավորներով ուներ կայուն մեծամասնություն, Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝ 7 պատգամավորներով, «Ծառուկյան» դաշինքը և «Ելք» դաշինքը, համապատասխանաբար, 31 և 9 պատգամավորներով։

ԱԺ ինֆոգրաֆիկա

7-րդ գումարման Ազգային ժողովում արդեն ներկայացված են 3 քաղաքական ուժեր՝ «Իմ քայլը» դաշինքը՝ 88 պատգամավորներով, «Բարգավաճ Հայաստանը» ՝ 26 պատգամավորներով և «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավորներով։

Տարիքային խմբերը նախկին ԱԺ-ում

Առանձնացրել ենք տարիքային 4 խումբ՝ 20-ից 40 տարեկան, 40-ից 50 տարեկան, 50-ից 60 և 60 և ավելի։ Այսպես, պարզվում է, որ նախորդ խորհրդարանում մեծամասնություն են կազմել 50-ից 60 տարեկան պատգամավորները` կազմելով պատգամավորների ընդհանուր թվի 33,3%-ը: Փոխարենը՝ 20-ից 40 տարեկան պատգամավորներն ամենաքիչն են եղել՝ կազմելով ընդամենը 16,2%-ը։

60 և ավելի տարեկանները կազմել են 28,6%, իսկ 40-ից 50 տարեկանները՝ 21,9%-ը ։ Ամենաերիտասարդ պատգամավորը «Ծառուկյան» դաշինքի անդամ Նորա Առուստամյանն էր՝ 29 տարեկան։

Տարիքային խմբերը ներկայիս ԱԺ-ում

7-րդ գումարման խորհրդարանի դեպքում պատկերը հակառակն է։ 20-ից 40 տարեկան պատգամավորները կազմում են պատգամավորների ընդհանուր թվի 61,8%-ը, 19,8%-ը կազմում են 40-ից 50 տարեկանները, մանդատ ստացած՝ 50-ից 60 տարեկան պատգամավորները կազմում են 13,7%-ը, իսկ 60 և ավելի տարեկանները՝ ընդամենը 4,6%-ը։

7-րդ գումարման ԱԺ-ի ամենաերիտասարդ պատգամավորը «Իմ քայլը» դաշինքի անդամ՝ 26-ամյա Սոնա Ղազարյանն է։ Տարիքով ամենաավագը, ինչպես և 6-րդ գումարման խորհրդարանում, «Իմ քայլը» դաշինքի կազմումխորհրդարան անցած՝ Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովն է։

Բարձրագույն կրթություն ստացած պատգամավորները նախկին ԱԺ-ում

Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ parliament.am-ում, առանձին ներկայացված են բոլոր պատգամավորների կենսագրությունները։ Ուսումնասիրելով նրանց կենսագրական տվյալները՝ պարզ է դառնում, որ 6-րդ գումարման ԱԺ-ում բոլոր պատգամավորները ստացել են բարձրագույն կրթություն, միակ պատգամավորը, որը չի ստացել բարձրագույն կրթություն, եղել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Տատյանա Գրիգորյանը։ Նա 1974 թվականին ավարտել է Կազանի թիվ 40 պրոֆտեխ ուսումնարանը՝ առևտրական կազմակերպությունների վերստուգիչ գանձապահի մասնագիտությամբ։ Այնուհետև պատգամավորն ուսումը շարունակել է Մ.Գ. Թումանյանի անվան գյուղատնտեսական սովխոզ տեխնիկումում՝ ստանալով գյուղատնտեսության արտադրության պլանավորման մասնագետի կոչում։

ԱԺ ինֆոգրաֆիկա

ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք նաև, որ, օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը 1993 թվականին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, իսկ 1998 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Բացի այդ, Գրիգորյանը 1996-ին ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։

Նախորդ խորհրդարանում պատգամավորների 35%-ը ստացել էր մագիստրոսի աստիճան, իսկ 18%-ը՝ ասպիրանտի։

Բարձրագույն կրթություն ստացած պատգամավորները նոր ԱԺ-ում

Նոր խորհրդարանում ևս բոլոր պատգամավորները, բացառությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանի, ստացել են բարձրագույն կրթություն, սակայն նախորդ խորհրդարանի համեմատ՝ նոր խորհրդարանում մեծ թիվ են կազմում մագիստրոսի աստիճան ստացածները՝ կազմելով 54%-ը։

Մագիստրոսի աստիճան ստացածների ավելի մեծ թիվը կարող է պայմանավորված լինել նաև կրթական ոլորտում կատարված փոփոխություններով, օրինակ, նախկինում բակալավրիատում ուսումնառությունը տևում էր 5 տարի, այնուհետև ուսանողները ուսումը կարող էին շարունակել ասպիրանտուրայում, այնինչ բոլոնյան համակարգը ենթադրում է եռաստիճան կրթական մոդել՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա։

Նոր խորհրդարանը մի փոքր զիջում է նախորդին՝ ասպիրանտի կոչում ստացածների թվով, որոնք նոր խորհրդարանի դեպքում կազմում են պատգամավորների 16%-ը։

Նշենք նաև, որ նոր խորհրդարանում բարձրագույն կրթություն չստացած միակ պատգամավորը՝ Արման Աբովյանը, 1991 թվականին ընդունվել է Հայկական բաց համալսարանի կառավարման ֆակուլտետ, բայց ուսումը կիսատ է թողել։ Ավելի ուշ՝ 2006 թվականին և 2011 թվականին, Արման Աբովյանը մասնակցել է ԱՄՆ պետական դեպարտամենտի բժշկական և 2007 թվականին հակաահաբեկչական կրթական ծրագրերին։

Շուշան Ստեփանյան

Հոդվածը հրապարակվել է ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Վոչդոգ լրագրության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: