Հայերեն   English   Русский  

Փաշինյան Նիկոլ, ես քեզ սպասում եմ. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը բորբոքվեց դատական նիստի ընթացքում


  
դիտումներ: 45

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սասնա ծռեր խմբի անդամ Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ արդեն երեք տարի է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը գտնվում են նախնական կալանքի տակ և տևական ժամանակ է խախտվում է նրանց արդար դատաքննության իրավունքը։

«Նրանց բոլոր ընկերների խափանման միջոցները փոխվել են և, ըստ էության, այն ապացույցները, որոնք ներկայացված են դատարանին որեւիցե կերպ չեն ազդելու իմ պաշտպանյալի ազատ արձակման վրա։ Եթե մենք ուզում ենք ունենալ արդար դատաքննություն, առաջին հերթին պետք է որոշենք ամբաստանյալի խափանման միջոցի հարցը, քանի որ կան վկաներ, որոնք կարող են տարիներով չգալ եւ եթե խոսենք ողջամիտ ժամկետների մասին, ապա այս պարագայում դրանք արդեն խախտված են։

Մենք ունենք նմանատիպ իրավիճակների վերաբերյալ կայացված ՄԻԵԴ որոշումներ, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետությանը տուգանել են, նույնը պետք է տեղի ունենա այս գործով, մենք չենք ուզում, որ մեր պետական բյուջեից գումարներ ծախսվեն ապագա որոշումների համար»,–հայտարարեց պաշտպանը։

Գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ դիմելով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ասաց, որ այս գործով Եվրոպական դատարանի վճիռն անխուսափելի է։

«Այդ մեղադրանքը, որ դուք բերել եք, սա 37 թիվը չի, էդ մեղադրանքի համար դուք պատասխան եք տալու»,–ասաց նա, ապա խոսքն ուղղեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին.

«Եկեք ուշքի գանք, այսօր Հայաստանի դատարանում անարդարություն է տեղի ունենում եւ բռնաբարվել ա արդարությունը»։

Այնուհետեւ Արմեն Բիլյանը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Փաշինյան Նիկոլ, խոսքս քեզ ա ուղղվում, ես քեզ սպասում եմ, եթե գալիս ես անարդարությունը վերացնելու, լավ, եթե ոչ՝ ուրեմն դու շարունակում ես Սերժի մեղադրանքը»,–բորբոքված հայտարարեց նա։

Նշենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: