Հայերեն   English   Русский  

Գյումրին դառնում է համաշխարհային ժառանգության քաղաք


  
դիտումներ: 3845

- Այստեղ տպավորված ենք շինությունների կոմբինացիայով՝ 19-րդ դարի կառույցներ են, որոնք իրենց մեջ կրում են նաև ավելի վաղ շրջանի տարրեր, - ընդամենը մեկ օր Գյումրիում անցկացնելուց հետո հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջովաննի Բոկկարդին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պատվիրակությունն է ժամանել Գյումրի՝ հանրապետության երկրորդ քաղաքը համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը կազմակերպելու համար:

Այն, ինչ պատվիրակները տեսել են Գյումրիում, դա տպավորություն է առաջին հայացքից, ասում են բուն գործընթացը շատ ծավալուն ու ժամանակատար է:

2018 թվականի նոյեմբերին էր, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել էր կազմակերպության գլխավոր տնօրենի հետ և ցանկություն հայտնել Գյումրի քաղաքի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությունը, պատմաճարտարապետական արժեքավոր շինությունները, որոնց մեծ մասը վթարային վիճակում են, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ դրանք պահպանել ու վերականգննել: Այդ առումով քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Գյումրիում պատմամշակութային արժեք ունեցող որևէ կառույցի վերականգնման հնարավորությունները:

2019-ի փետրվարին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն արդեն պաշտոնական գրությամբ դիմեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին. <Գյումրին հանրապետության այն եզակի քաղաքներից է, որտեղ պահպանվել է պատմաճարտարապետական մեծ արժեք, ուրույն ոճ և քաղաքաշինական ամբողջականություն ներկայացնող կառուցապատված միջավայր: Քաղաքի տարածքում հայտնաբերվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև ուշ միջնադարին վերաբերվող հնագիտական հուշարձաններ: Պատմական սկզբնաղբյուրներում առաջին գրավոր հիշատակումն արվել է 774 թվականին: Քաղաքն իր վերելքն ապրել է 19-րդ դարում՝ 1827-1828 թ.թ. ռուս-թուրքական պատերազմից հետո: 1837 թվականին Ռուսաստանի Նիկոլայ 1-ին ցարի այցելությունից հետո, Գյումրին նրա կնոջ՝ Ալեքսանդրիայի անունով անվանափոխվում է Ալեքսանդրապոլ:

Հիմնվել են ռազմական ամրություններ և զինվորական ավաններ: Քաղաքը կառուցապատվել է արևմտյան և ռուսական քաղաքաշինական սկզբունքներին համաձայն: 1899 թվականին՝ երկաթուղու կառուցումից հետո, Ալեքսանդրապոլը դառնում է երկաթուղային կարևոր հանգույց, ռազմավարական, առևտրական, արհեստավորական և մշակութային կենտրոն և իր նշանակությամբ Կովկասում 3-րդ քաղաքը՝ Թբիլիսիից և Բաքվից հետո: Ստեղծված պատմամշակութային արժեքները պահպանելու նպատակով 1980 թվականին ստեղծվել է <Կումայրի> արգելոց-թանգարանը, որը զբաղեցնում է 1095 հեկտար տարածք: Այն իր մեջ ներառնում է 1000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ բնակելի, հասարակական, արդյունաբերական, ռազմապաշտպանական, պաշտամունքային և այլ նշանակության շենքեր և ինժեներական կառույցներ, որոնք ունեն գիտական, պատմական և մշակութային նշանակություն:

1988 թվականի կործանարար երկրաշարժից վնասվել են պատմամշակութային հուշարձանների մեծ մասը՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ: Քաղաքի պատմական կենտրոնի վերակառուցման հարցը մշտապես իր տեղն է գտել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում: <Կումայրի> արգելոց-թանգարանի պատմամշակութային արժեքները, քաղաքաշինական ավանդույթները պահպանելու, ներդրումային ակտիվությունը խթանելու, տուրիզմի զարգացմանը նպաստելու, ապրելու և աշխատելու համար հարմարավետ ժամանակակից միջավայր ստեղծելու նպատակով 2017 թվականին ստեղծվել է <Կումայրի վերածնունդ> ներդրումային հիմնադրամը, որի միջոցով մշակվել է <Կումայրի> արգելոց-թանգարանի վերակառուցման հայեցակարգ և կենտրոնի մի հատվածի գոտևորման նախագիծը: Վերականգնման ծրագիրը քայլ առ քայլ կյանքի է կոչվում: Վերականգնված է հուշարձանների մի փոքր մասը, մյուսների հետագա գոյությունը վտանգված է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Գյումրի քաղաքի պատմամշակութային ժառանգությունը պահպանելու, այն արժևորելու և հանրահռչակելու նպատակով խնդրում եմ Ձեր աջակցությունն՝ անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ուղղությամբ, նպատակ ունենալով <Կումայրի> արգելոց-թանգարանն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական, իսկ այնուհետև՝ հիմնական ցանկում>, - ասվում էր քաղաքապետի նամակում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության անդամները հանդիպեցին նաև Գյումրու քաղաքապետին, նշեցին այն բոլոր բաղադրիչներն ու գործառույթները, որոնցով պետք է Գյումրին հայտ ներկայացնի:

- Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելը մեծ պատիվ է, նաև պարտավորություն պետության համար, թե ինչպես է նա պատրաստվում պահպանել համաշխարհային ժառանգությունը և ինչպես է փոխանցելու գալիք սերունդներին: Իմ անձնական կարծիքն այն է, որ Գյումրին հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ, կոլորիտով, առանձնահատկություններով, - ասում է Ջովաննի Բոկկարդին:

Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ում գոյություն ունի գործառնական ուղեցույց, որով սահմանվում է 10 չափորոշիչ, բայց մինչ դրանք ուսումնասիրելը նախ պետք է անվանակարգային փաթեթ ներկայացվի, որն էլ իր հերթին ունի երկու բաղադրիչ.

- Առաջին բաղադրիչը վերաբերում է նրան, թե ինչու այն պետք է ընդգրկվի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչ արժեք է իրենից ներկայացնում, իսկ երկրորդը վերաբերում է հուշարձանների պահպանությանն ու պաշտպանությանը: Նաև դրանք պետք է ունենան համաշխարհային բացառիկ արժեք, և հայկական կողմը պետք է հիմնավորի, թե ինչու է այն համարվում համաշխարհային բացառիկ արժեք, - մեկնաբանում է Բոկկադին:

Գյումրու քաղաքապետը նշում է՝ սա 5000 տարվա պատմություն ունեցող տարածաշրջան է, կա նաև հնագիտական թանգարան, որտեղ այդ ամենը ապացուցվում է:

Մինչև Գյումրին այդ ցանկում ընդգրկելու անվանակարգային փաթեթ ներկայացնելը նախ պետք է Գյումրին գրանցել ՀՀ համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Կազմակերպության ներկայացուցիչները հայտնում են ամբողջ գործընթացը կտևի մոտ 3-4 տարի, որից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության միջկառավարական կոմիտեն կհրապարակի՝ կամ Գյումրին դառնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության քաղաք, կամ մերժվում է նրա հայտը:






Մեկնաբանություններ - 1

Alvard, Iskandaryan     21.08.2019 Shat, hajeli, e, vor, Gymrin, hamar, kin, shat.herankarner,bayc,mi,hatc,shat,e,tanjum,unc,vor,menq,aprum,enq,erkrajatjic90,,,100%vtarain,tan,mej,kan3,,ancapahas,mi,jamanak,hamarecin,Gymru,argelanoc,xostacan,ognelu,bayc,hina,vortex,dimum,end,mez,patasxanum,en,cer,sepakan,tunn,e,duq,el,karuseq,bayc,hashvi,cen,arnum,Vor, es, inqs, hivandytyan, toshakneri, en, cunenq, ognox, voc, mi, cer, aprum, enq, shat, vat, paymammerum, xndrum, EM, cez, hashiv, ardeq, ays, past@,ev,ogneq,mez,im,heraxosahamar@094,,650,,247,hascen,xorxanyan,poxoc,187,tun
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: