Հայերեն   English   Русский  

Ուռուցքաբանության և ճառագայթային բժշկության բուժկենտրոնների կառավարումը կվերապահվի ԱՆ-ին


  
դիտումներ: 167

«Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ների

100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն Առողջապահության նախարարությանը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 22-ի նիստի օրակարգում:

Նշված բուժհաստատություններն ընդգրկված էին «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում:

Ըստ հիմնավորման, ելնելով նշված ընկերությունների հետագայում ևս որպես պետական ընկերություն գործելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով դրանց բացառիկությունը և կարևորությունը՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը 2019թ. հունիսի 19-ին ընդունել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն հանվել են մասնավորեցման ցանկից։

Հաշվի առնելով, որ ընկերությունները դուրս են եկել մասնավորեցման ցանկից՝ սույն նախագծով «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հետ է վերադարձվում ՀՀ առողջապահության նախարարությանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: