Հայերեն   English   Русский  

Կառավարությունն ունենալով հիմնավոր փաստեր և փաստարկներ հապաղում է վերջնական ոչ ասելու Ամուլսարի հանքի շահագործմանը. Փոստանջյան


  
դիտումներ: 168

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններից հետո, առաջին անգամ լայն հանրությունը և կառավարությունը բախվում են համակարգային` հեղափոխական որոշման ընդունման հարցին: Լայն հանրության և կառավարության օրակարգում է Ամուլսարի հանքի շահագործման կամ դադարեցման հարցը: Այս հարցի լուծումը իր մեջ ներառում է համակարգային խնդիրներ: Լայն հանրությունը և ազդակիր համայնքը` ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչները դեմ են արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործմանը:

ՀՀ կառավարությունը ունենալով հիմնավոր փաստեր և փաստարկներ դեռ հապաղում է վերջնական ոչ ասելու Ամուլսարի հանքի շահագործմանը: Ամուլսարի հարցը այն իրական ջրբաժանն է, որ հայոց պետականությունում կարող է կտրել ավտորիտար ռեժիմի կապը իշխանության հետ, որը կարող է հարուցել խորը ժողովրդավարական գործընթաց հանրություն-իշխանություն հարաբերություններում և ձևակերպել անկախ տնտեսական քաղաքականություն, որը չի հիմնվում հանքաարդյունաբերության գերակայության վրա: Ամուլսարի շահագործման գործարքը ակնհայտ կոռուպցիոն գործարք է:

Այս գործարքի կողմերից են նախկին իշխանությունը` ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ներկայիս իշխանությունը` ի դեմս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի: Արմեն Սարգսյանը «Lydian» ընկերությունում իր կողմից զբաղեցրած պաշտոնի և լիազորություններ ունենալու վերաբերյալ, առ այն, որ նա հանդիսացել է լայն լիազորություններով և իրավասություններով տնօրեն, ով ունեցել է «Lydian» ընկերությունում բաժնետերերի ժողովում որոշում կայացնելու իրավունք` թաքցրել է:

Արմեն Սարգսյանը, ով ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է օրենքի խախտմամբ` իր քաղաքացիության հետ կապված հարցով լայն հանրության առջև թափանցիկ պարզաբանմամբ հանդես չի եկել: Այդ խնդիրը նախկինում հետապնդողը` Նիկոլ Փաշինյանը, նույնպես հանրությանը ապացույցներ չի ներկայացրել: Նիկոլ Փաշինյանը միայն պարզաբանել է, որ նա հանդիպել է Արմեն Սարգսյանին և տեսել է ինչ-որ փասատթուղթ: Այն որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը տեղի է ունեցել կոռուպցիոն գործարքի հետևանքով ակնհայտ է և անվիճելի, այն որ այդ գործարքը պետք է դառնա իրավապահ մարմինների կողմից քննության առարկա այլ կարծիք չկա:

Անհասկանալին և տարակուսանք առաջացնող իրողությունը այն է, որ իրեն հեղափոխական հռչակած Նիկոլ Փաշինյանը, լայն հանրությանը հուզող այս հարցի քննարկումը խուսափեց անցկացնել բաց քննարկման ընթացակարգով, դրժեց խոստումը գնալ Ջերմուկ և հենց այնտեղ անցկացնել քննարկում, նախընտրեց հանդիպումը անցկացնել բռնապետության խորհրդանիշ հանդիսացող Բաղրամյան 26-ում, փակ դռների պայմաններում և նախընտրեց Բաղրամյան պողոտան կրկին դարձնել բռնության գործադրման տեղի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման վարքագծի դրսևորման շարունակությունը կփաստի, որ նա ևս ստանձնում է այս կոռուպցիոն գործարքի կողմ լինելու կարգավիճակը և համալրում է նախորդ բռնապետերի շարքերը:

Բռնապետական խորհրադանիշների և գործիքների կիրառմամբ իշխանություն բանեցնելը, կենսական նշանակության հարցի վերաբերյալ մեկ ու կես ժամ, որպես «Lydian» ընկերության բաժնետեր և փաստաբան մենախոսելը, ազգի և պետության համար Ամուլսարի հանքի բացման աղետի անտեսումը փաստում է իրեն հեղափոխական հռչակած, իբրև ոչ բռնի, թավշյա, ոչ գունավոր հեղափոխություն իրականացրած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին քննության ձախողման մասին: Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին հասկանում եմ` նրա սիրտը «Lydian» ընկերության բաժնետոմսերում է: Ճանաչելով հայ ազգին գիտեմ` մեր սիրտը լեռներում է:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ` Զարուհի Փոստանջյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: