Հայերեն   English   Русский  

Լիլիթ Հարությունյան. «Համահայկական խաղերի շնորհիվ աշխարհասփյուռ հայությունը համախբվում է հայրենիքում»


  
դիտումներ: 1233

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդուհի Լիլիթ Հարությունյանի համար ամառային մրցաշրջանն անցնում է հագեցած մրցաշարերով և գրանցած բարձր արդյունքներով:


Բոլորովին վերջերս հայ վազորդուհին նախ Մակեդոնիայում մասնակցեց Եվրոպայի թիմային առաջնությանը, այնուհետև` Համահայկական խաղերին և, չնայած հոգնածությանը, 2 մրցումներին էլ իրեն լավագույն կողմերով դրսևորեց:
Անկախի հետ զրույցում Լիլիթը խոսում է մրցումներում գրանցած արդյունքների, Համահայկաական խաղերի դրական կողմերի, անցկացման կարևորության, և առաջիկա ծրագրերի մասին:


-Չնայած հոգնածությանը` Մակեդոնիայում բավական հաջող հանդես եկաք` մրցաշրջանում 800մ վազքում Ձեր լավագույն ցուցանիշը գրանցելով:


-8-րդ անգամ կայացավ Եվրոպայի թիմային առաջնությունը, որն անցկացվում է մի քանի լիգաներով։ Հայաստանը հանդես եկավ վերջին` 3-րդ լիգայում, որտեղ պայքարեցին 13 երկրների պատվիրակները։ Հաղթող հավաքականները տեղափոխվում են ավելի բարձր լիգա։
Նախքան Եվրոպայի թիմային առաջնություն մեկնելը, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան Թուրքիայում հավաք էր կազմակերպել, սակայն ես հրաժարվեցի հավաքից` երեխայիս մենակ թողնել չցանկանալով:
Մակեդոնիայում հանդես եկա 800մ վազքում` գրավելով 5֊-րդ տեղը, ցույց տալով այս մրցաշրջանի իմ լավագույն արդյունքը (2.12,66)։

Լիլիթ Հարությունյան 2019

Արդյունքիցս ղեկավարները գոհ են, ես ավելիին էի պատրաստ, մի փոքր հոգնածությունն էլ խանգարեց։
Մրցակիցներիս թվում էր Իսլանդիան ներկայացնող աշխարհի և Եվրոպայի 18 տարեկանների նախկին չեմպիոն, Եվրոպայի ձմեռային առաջնության բրոնզե մեդալակիր Անիտա Հինրիկսդոուտիրը, ինչպես նաև Բոսնիայի և Սերբայի ուժեղ մարզուհիները։
Հանդես եկանք նաև 4×100մ փոխանցավազքում`գրավելով 4-րդ տեղը,
նաև 4×400մ փոխանցավազքում։ Նշեմ, որ այս փոխանցավազքում մենք կարող էինք բարձր հորիզոնականում հայտնվել, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց.
4.07.83վրկ. արդյունքով գրավեցինք 7-րդ տեղը։
Երկիր ներկայացնելիս, հատկապես թիմային մրցումներին ամեն մարզիկ պետք է իր ողջ ներուժը ներդնի առավելագույն միավորներ վաստակելու և երկրի պատիվը բարձր պահելու համար։
Համեմատության համար ասեմ, որ Վանաձորի թիմը Համահայկական խաղերին 4.00,8վրկ. վազեց, 7 վրկ. ավելի արագ, քան ՀՀ հավաքականը, որի կազմն ավելի ուժեղ էր։


-Համահայկական խաղերին բարձր պահեցիք Վանաձորի մարզական պատիվը` մեդալաբեր արդյունքներ և քաղաքի համար ռեկորդային արդյունքներ գրանցելով:


-Համահայկական խաղերին, մարզիչներիս հետ ի սկզբանե ծրագրել էի, որ պետք է հանդես գամ 400մ, 800մ վազքերում և 4×400մ փոխանցավազքում։ Սակայն, Մակեդոնիա գնալ-գալով, ճանապարհներին անցկացնելով, օդանավակայանների սպասրահներում 13 ժամ մնալով և վերադարձին նորից 12 ժամ սպասելով` շատ էի հոգնել և որոշեցի հանդես չգալ 800մ վազքում, առավել ևս, որ 800մ վազքում իմ բացակայությունը չէր ազդելու Վանաձոր քաղաքի մեդալների պայքարին, քանի որ այդ վազքում ինձնից հետո հաջորդ վազորդուհին նույնպես Վանաձորցի է։ Եվ որոշեցի տրամադրվել առաջիկա մյուս մրցաշարերին։ Հանդես եկա 400մ վազքում` գրավելով երկրորդ տեղը և սահմանելով Վանաձոր քաղաքի նոր ռեկորդ 56,5։ Մրցումային 3-րդ օրը հանդես եկանք 4×400մ վազքում, գրանցեցինք 4.00,8վրկ. արդյունք և նվաճեցինք ոսկե մեդալ։ Սա նույնպես Վանաձոր քաղաքի նոր ռեկորդ էր։ Այս փոխանցավազքի մյուս 2 մարզուհիները` Մանե Հարությունյան և Ռաիսա Սիմոնյանը, նույնպես իմ մարզիչների` Արթուր և Գոհար Նազարյանների սաներն են։
Համահայկական խաղերի աթլետիկական մրցումները Հայաստանի աթլետիկայի մրցավարական անձնակազմն անցկացրեց բարձր մակարդակով։ Մյուս տարիների համեմատ` այս Համահայկական խաղերին աթլետիկա մարզաձևում այլ երկրներից ժամանած ուժեղ մարզիկների քանակը ցավոք քիչ էր և պայքարը հիմնականում Հայաստանի քաղաքները ներկայացնող մարզիկների մեջ ընթացավ։ Մյուս մարզաձևերում կարծես թե ավելի մեծ էր մեդալակիր մարզիկների աշխարհագրությունը։


-Համահայկական խաղերին հանդես գալու հարուստ փորձ ունեք. խաղերի առաքելությունը ո՞րն է:


- Համահայկական խաղերն իմ կարծիքով իրական տոն է հայերիս համար, մեծ համախմբվածություն, սփյուռքում ապրող հազարավոր հայերի համար հրաշալի առիթ է լինել հայրենիքում: Մրցումներն, իրոք, շատ ջերմ մթնոլորտում են անցնում։ Համահայկական խաղերը կարծես տոն լինեն և ոչ թե մրցույթ։
Մասնակցել եմ 4 համահայկական խաղերի (2007, 2011, 2015 և 2019)։
Ընդհանուր առմամբ շահել եմ 5 ոսկե 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ։

Լիլիթ Հարությունյան 2019

Այս մեդալների մի մասը Գյումրիի համար եմ նվաճել, մյուս մասը Վանաձորի։
Շատ հաճելի է, երբ պայքարում ես ուժեղ մարզիկների, առավել ևս հայազգի մարզիկների հետ։ Ուրախալի է, երբ քո մասնակցած մրցաշարերում շատ երկրներից և քաղաքներից են ժամանում։ Ցավալի էր, որ այս Համահայկական խաղերին աթլետիկա մարզաձևում շատ քիչ էին ուրիշ երկրներից ժամանածները։ Ամեն դեպքում ուրախալի էր, որ մի քանի մեդալ բաժին հասավ սփյուռքից եկած մարզիկներին։ Թբիլիսի քաղաքից ժամանած Բենո Աբրահամյանն արդեն որերորդ անգամ դարձավ ոսկե մեդալակիր գնդի հրումից։ Մի քանի մեդալ նվաճեցին Իրանի Սպահան քաղաքի ներկայացուցիչները` աղջիկների 100մ և 200մ և աղջիկների սկավառակի նետում:


- Հետևե՞լ եք վանաձորցի մարզիկների` մյուս մարզաձևերում ցույց տված արդյունքներին:


-Մեծ հաճույքով էի հետևում Վանաձորցի մարզիկների ելույթներին։ Վանաձորցի աթլետները նվաճեցին 5 ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ։
Մյուս մարզաձևերից շատ ուրախացրին վոլեյբոլի և հանդբոլի թիմերը, բազկամարտիկ աղջիկ մասնակիցը, որոնք ոսկե մեդալներ նվաճեցին։
Վանաձորը թիմային պայքարում գրավեց 4֊րդ տեղը։
Ցանկալի կլիներ` տեսնել եռյակում։
Շատ ուրախացա նաև իմ ծննդավայր Գյումրիի հաղթանակներով: Գյումրին թիմային պայքարում 2-րդ տեղը զբաղեցրեց։ Գյումրեցիների թասիբն ուրիշ է:


-Համահայկական 7-րդ ամառային խաղերը կազմակերպխական առումով ի՞նչ մակարդակում էին. ոչ բոլորն էին գոհ ընթացքից:


-Կազմակերպչական առումով միայն աթլետիկայի մասին կարող եմ ասել, որ մրցավարներն ու մեր ֆեդերացիայի ղեկավարությունն ամեն ինչ արեցին` բարձր մակարդակով կազմակերպելու համար, ինչն էլ ստացվեց։ Մյուս մարզաձևերի մասին չեմ կարող ասել: Աթլետիկայում վատը միայն ոչ պատշաճ մարզադաշտի, քանդված վազքուղիների վիճակն էր, ինչից դժգոհ էին նաև սփռյուրքից եկած մարզիկները։


-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:


-Սեպտեմբերի 2֊3 Բուլղարիայում մասնակցելու եմ Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությանը` 20 երկրների մասնակցությամբ։
Եվրոպայի առաջնությունից հետո ամենաուժեղ առաջնությություններից մեկն է, որը տարեցտարի ավելի ուժեղ կազմ է հավաքում։ Կփորձեմ բարձր արդյունք գրանցել:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: