Հայերեն   English   Русский  

ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամը


  
դիտումներ: 49

Ծովակալ Իսակովը (Հովհաննես Տեր-Իսահակյան, 1894-1967 թթ.) անվանի հայ զինհրամանատար է, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (1955 թ.), ԽՄ հերոս (1965 թ.):

1913 թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը, 1917-ին՝ Պետրոգրադի գարդեմարինյան, 1928-ին՝ Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները:

Կյանքի մեծ մասը Իսակովը նվիրել է ծառայությանը նավատորմում, ուր զբաղեցրել է բարձր պաշտոններ։ 1932 թ-ից դասավանդել է Ռազմածովային ակադեմիայում, իսկ 1938-1939 թթ․ զբաղեցրել է պետի պաշտոնը։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին մեծագույն ներդրում է ունեցել Սևծովյան և Բալթիական նավատորմերի մարտական գործողությունների պլանների մշակման գործում:

Ռազմածովային գործին զուգընթաց Իսակովը զբաղվել է ռազմապատմական և ռազմատեսական հարցերով, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի պատմության փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու խմբագրմանը, ռազմածովային ուժերի մարտական կանոնագրքերի մշակմանը: 1947 թ. նշանակվել է եռահատոր «Ծովային ատլասի» խմբագրական կոլեգիայի նախագահ:

Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերում ծովակալ Իսակովի անունով կա հածանավ, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքներում` փողոցներ: Դիմերես` Ծովակալ Իսակովի անվան հածանավի, ծովակալի ուսադրի աստղի, նավի ու խարսխի պատկերներ:

Դարձերես` Ծովակալ Իսակովի դիմապատկերը և նավագնացի դաշույնի ու գրքերի պատկերներ:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000

Մետաղը/հարգը արծաթ 925 0

Տրամագիծը 40,0

Քաշը 33,6

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Քանակը 500

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: