Հայերեն   English   Русский  

Իշխան Զաքարյանը ամփոփում է համահայկական խաղերը


  
դիտումներ: 219

Ստեփանակերտում մեկնարկած համահայկական 7-րդ խաղերը թեև ավարտվեցին, բայց չեմ կարող ասել, թե դրանք այլևս պատմություն են։ Տեխնիկապես դրանք, այո ավարտվեցին, բայց իրենց խորքային ազդեցությամբ և իրենց գործնական հետևանքներով դրանք շատ երկար տարիներ տալու են իրենց արդյունքները։ Ես սա եմ համարում իրական ձեռքբերում։ Այսօր, երբ խաղերի կազմակերպչական բեռը և ամենօրյա գերլարված մթնլորտը անցել են, ուզում եմ անկեղծ պատասխանել մի շարք հարցերի, որոնք այս ընթացքում բարձրացվել են մամուլով կամ ուղիղ տրվել են ինձ կամ իմ մեջքի հետևում հյուսվել որպես դավ ու պատվիրվել ինչ-որ լրատվամիջոցի։

Սկսենք հիմնականից. այո, Համահայկական խաղերը Արցախում անցկացնելը տասնապատիկ անգամ բարդացնում էր դրանց կազմակերպումը և ուներ որոշակի ռիսկեր, նաև այնպիսիք, որոնց մասին հրապարակային խոսել չի կարելի։ Բայց ռիսկի մյուս նժարին Արցախի ճանաչելիության, Արցախի միջազգային վարկի, Արցախում կյանքի ակտիվության, Արցախում համահայկական միասնականության ցուցադրման, եթե կուզեք՝ խաղաղ ուժի ցուցադրման խնդիրն էր։ Եվ այդ խնդիրը մենք փայլուն լուծեցինք։ Բոլորովս։ Արցախը շատ երկար տարիներ կարիք ուներ նման, չեմ ուզում ասել՝ միջոցառման, այլ նման մթնոլորտի, նման կենսական էներգիայի հեղեղի, նման ջերմության, նման կյանքի։ Առաջին գիծը Ստեփանակերտի մարզադաշտից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր է։ Եվ հենց դա էր էլ ավելի ուժեղացնում խաղաղ կյանքի և համահայկական միասնականության պահանջը։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն և բոլոր նրանք, ովքեր մեզ աջակցեցին, իրենց լուման դրեցին այս կարևոր խնդրի լուծմանը։

Ինչու՞ եմ ես շեշտում, որ խաղերի հանդիսավոր փակմամբ և մասնակիցների տուն վերադարձով Համահայկական 7-րդ խաղերը չեն դառնում պատմություն և չեն դառնում լոկ բարի հիշողություն։ Դրանք սահուն վերածվում են առաջիկայում արվելիք մեծ ծավալի և մեծ կարևորության աշխատանքի։ Եվ մենք դա անպայման անելու ենք։ Ո՞րն է այդ աշխատանքի էությունը։ Չափազանց կարևոր է Արցախի և սփյուռքի հայկական համայնքների միջև բազմակողմանի նոր կապերի ձևավորումը և պահպանումը։ Մշտական ինտեգրացիայի նոր որակի ապահովումը։ Այն մարդկային, գործնական շփումները, որոնք կայացել են Արցախում, պետք է շարունակություն ունենան։ Սա Արցախին պարտադրված շրջափակումը ճեղքելու իրական ճանապարհ է։ Անկեղծ ասած՝ ես ռիսկը տեսնում եմ. եթե առաջիկայում չաշխատենք նպատակադրված, կարող ենք ժամանակի ընթացքում կորցնել այդ հնարավորությունը, վատնել համահայկական խաղերի ոչ մարզական էֆեկտը։ Այդ պատճառով, ինձ համար ձևակերպվում է նոր խնդիր՝ ձևավորված կապերը դարձնել շարունակական և արդյունավետ։ Սա բարդ ու գրագետ աշխատանք պահանջող խնդիր է, որը մենք անպայման անելու ենք՝ Արցախի, Հայաստանի և սփյուռքի մեր գործընկերների հետ։ Կան նոր գաղափարներ, բայց պետք է գտնվեն նաև նոր լուծումներ, նոր հետաքրքիր նախագծեր։

Այս ընթացքում հրապարակային հնչած հարցերից էր, թե արդյո՞ք բյուջեի վրա թանկ չի նստում նման ծավալուն միջոցառումը և արդյո՞ք մեր պետությունը պետք է իրեն թույլ տա նման շռայլություն։ Պատասխանը կարող է շատերի համար շոկային հնչել՝ համահայկական խաղերի համար բյուջեից գումար չի ծախսվել։ Ամեն ինչ կազմակերպվել է հովանավորների շնորհիվ։ Մարդիկ խանդավառվել են այս գաղափարով, մարդիկ կարևորել են գաղափարը, մարդիկ գիտակցել են, որ սա միայն մարզական միջոցառում չէ, որ սա պատմական այս պահին, Արցախում և Երևանում այլ շատ կարևոր խնդիրների լուծման նպատակին է ծառայում, և մարդիկ իրենց նվիրատվություններով օգնել են։ Բացման արարողությանը պարգևատրվեցին նրանցից մի քանիսը, բայց ես հավատացնում եմ ցանկը շատ մեծ է՝ բազմաթիվ անհատներ առանց որևէ անձնական շահի աջակցել են՝ դիմացը ոչինչ չակնկալելով։

«Հարցերից» մեկն էլ այն էր, թե ինչպես եղավ, որ Իշխան Զաքարյանին կրկին վստահեցին համահայկական խաղերի կազմակերպումը, չէ՞ որ նա նախկին իշխանության ներկայացուցիչ է։ Նախ. համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ապապետական և աշխարհի տարբեր երկրներում գործող իր կառույցներից ձևավորվող մարմին է, և հետո՝ չորս տարին մեկ գլխավոր ասամբլեայում են որոշվում կադրային ու մնացած հարցերը։ Օգոստոսի 7-ին համահայկական խաղերի սփյուռքի կառույցների ներկայացուցիչները ծափերով ու միաձայն ընտրեցին նախագահ և գործկոմի կազմ։ Ինչ վերաբերում է իմ աշխատանքային կենսագրությանը, ապա 27 տարեկանում ընտրվել եմ կոմերիտմիության Սպանդարյանի շրջկոմի քարտուղար, և երբ 1993 թվականին վարչապետ Հրանտ Բագրատյանը ինձ կառավարությունում բարձր պաշտոնի նշանակեց, ամենևին էլ հիմք չէր ընդունել «նախկին» լինելու հանգամանքը։ Իմ աշխատանքային գործունեության մասով նույն տրամաբանությունն էր դրված նաև հետագա իշխանությունների գործելաոճում։ Չեմ ընդունում, երբ հասարակությունը այսքան քաղաքականացնում ենք։ Ընտրական գործընթացները դեռ չավարտված՝ խոսում ենք հաջորդ ընտրություններց։ Քաղաքականությունից ենք խոսում տանը, փողոցում, աշխատավայրում, հարսանիքի կամ հուղարկավորության ժամանակ։ Անընդհատ խոսում ենք քաղաքականությունից։ Աշխատանքից քիչ ենք խոսում, գաղափարներից քիչ ենք խոսում, մարդկային արժեքներից քիչ ենք խոսում։ Ծրագրեր գրեթե չենք քննարկում։

Անհատը իր կազմակերպչական ունակություններով և փորձով կարող է լինել լավ պետական ծառայող։ Կարծում եմ ժամանակն է լրջորեն մտածելու հենց այս ինստիտուտի կայացման մասին։

Ես բացմանը հատուկ նշեցի, որ խաղերի գաղափարի իրագործման և կազմակերպչական հարցերում ունեցել եմ Հայաստանի և Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությունը։ Եվ դա իսկապես այդպես է, դրանք ձևական խոսքեր չեն։ Այնպես, ինչպես ձևավորման օրվանից՝ հեռավոր 1999 թվականից, համահայկական խաղերը ունեցել են ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունների աջակցությունը։ Առանց այդ ամենի հնարավոր չէր լինի ունենալ նման ծավալ, նման բովանդակություն և նման հեռանկար։

Չեմ թաքցնում այս ամիսների ընթացքում բազմաթիվ շփումների, հանդիպումների ընթացքում ծագել են նոր հետաքրքիր գաղափարներ, որոնց հիմքում համահայկականությունն է, հայապահպանությունը, միասնական հայկական աշխարհի ուժեղացումը։ Չբացեմ այսօր փակագծերը, վստահ եմ որոշ ժամանակ անց մենք կունենանք կոնկրետ փաթեթներ, մշակված ծրագրեր, որոնք կքննարկվեն Հայաստանի, Արցախի իշխանությունների և սփյուռքի ազդեցիկ անհատների ու շրջանակների հետ։

Խաղերի ընթացքում լսել եմ կարծիքներ, թե կազմակերպչական առումով եղել են թերություններ, բացթողումներ։ Բնականաբար եղել են, դրանք ամեն օր ծագել են ու ամեն օր շտկվել։ Աշխատում էր պրոֆեսիոնալ անձնակազմ, մոտ հազար կամավոր, լավ մասնագետների ու լավ մարդկանց մեծ թիմ, ու նրանք ամեն ինչ արել են՝ նման որակ ապահովելու համար։ Ես հարկ չեմ համարել երբևէ պատմել, թե ինչ է նշանակում աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր մարդկանց հյուրընկալումը , տեղափոխությունը, տեղաբաշխումը անվտանգ ու պատշաճ կազմակերպելը։ Եղել են մարդիկ, ովքեր ծագող խնդիրներից ուրախացել են, շտապել են ազդարարել ու նյութեր պատվիրել. « բա իմացաք՝ ձախողվեց, բա իմացաք՝ տապալվեց, բա Իշխան Զաքարյանը չկարողացավ...» և այլն։ Բայց հայտնի ասացվածքի համաձայն ՝ .... քարավանը շարունակում էր հանգիստ գնալ։ Մենք մեր գործը , բոլորս միասին արել ենք պատվով, որովհետև խոսքը Իշխան Զաքարյանի մասին չէր, խոսքը համահայկական միջոցառման մասին էր՝ մարզական և ոչ միայն։ Այսօր ես եմ, տարիներ հետո կլինի ուրիշը, կլինեն ուրիշ իշխանություններ, կլինեն ուրիշ հովանավորներ, բայց հայրենիքը ու ժողովուրդը մնալու են նույնը։ Ի տարբերություն տապալում փնտրողների և դրանով ուրախացողների, եղել է նաև հակառակը, եղել են մարդիկ, ովքեր ուղղակի ասել են՝ ինչով օգտակար լինեմ, 24 ժամ պատրաստ եմ։ Ցանկացած գործ ունի իր տրամաբանական փուլերը։ Հիմա շատ կարևոր է մասնագիտական գրագետ ամփոփումը, ինչը կդառնա լավ հիմք հետագա աշխատանքների համար։ Այս հետևությունները միայն մարզական չեն։ Մենք այս տարի ունեցել ենք նոր մասնակից քաղաքներ այլ երկրներից, իսկ դա խոսում է նոր համայնքներում հայկականության կազմակերպման մասին, ունեցել ենք շատ լավ, շատ ուժեղ կազմակերպված պատվիրակություններ այնպիսի երկրներից ու քաղաքներից, որոնք սովորաբար եղել են ավելի համեստ։ Իսկ դա նշանակում է, որ պետք է արձանագրել այդ բոլոր նրբությունները և աշխատել հայակական համայնքների հետ։ Իսկապես կան շատ կարևոր հարցեր, որոնք լրացուցիչ խորքային վերլուծության և մշակման անհրաժեշտություն ունեն։ Մենք դա նույնպես անպայման անելու ենք։ Եվ իհարկե, այս փուլում ամենակարևոր ու ամենահաճելի գործն է բարձրաձայն, անկեղծ սրտով ասել շնորհակալություն, այն բոլոր մարդկանց , ովքեր ամեն ինչ արեցին համահայկական 7-րդ խաղերը Հայաստանում և Արցախում փայլուն անցկացնելու համար․ Շնորհակալություն։

Իշխան Զաքարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: