Հայերեն   English   Русский  

Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 1141

Շաբաթը թեժ էր և՛ բուն, և՛փոխաբերական իմաստով և չափազանց ծանր հատկապես հրշեջների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար:

Եթե առաջինները մի հրդեհը դեռ չմարած ահազանգ էին ստանում մի այլ մեծ հրդեհի մասին, ապա երկրորդն առաջին անգամ հայտնվեց անելանելի իրավիճակում: Եվ հանկարծ ակնհայտ դարձավ, որ նա չի կարողանում ընտրություն կատարել ու որոշում կայացնել, բացի այդ, այլևս ուժը կորցրել են հանրությանն ուղղված նրա ելույթների ազդեցությունն ու սիրո խոստովանությունները:

Շաբաթն սկսվեց Ամուլսարի հանքի շահագործման հարցով՝ շահագործե՞լ հանքը, թե՞ խզել պայմանագիրը, և այդպես էլ մնաց չլուծված:

Վարչապետը կառավարության անդամներին, բնապահպաններին և Ջերմուկի ու շրջակա գյուղերի համայնքապետներին հրավիրել էր Բաղրամյան 26 քննարկման, որի արդյունքներից դժգոհները լքեցին դահլիճը և միացան դրսում սպասող ցուցարարներին: Ակնհայտ էր դարձել, որ վարչապետը հակված է հանքի շահագործմանը: Ծայր առավ Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ցույցը: Ցուցարարները շարժվեցին դեպի Ազգային ժողովի բակ, և պարզվեց, որ մի տարի առաջ վարչապետի հրահանգով հանրության առաջ բացված դարպասներն այժմ փակ էին, դրանք պաշտպանում էին ոստիկանները: Ցուցարարները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան, և կարմիր բերետավորներն անհամաչափ՝ ոչ թավշյա ուժ գործադրեցին նրանց նկատմամբ: Ցուցարարներից ոմանք արձանագրեցին, որ ժողովրդավարությունը մեռավ Հայաստանում:

Իսկ Նիկոլ Փաշինյանն այժմ էլ քննարկման գնաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, և այստեղ էլ պարզվեց՝ որոշվել է ընդամենը չանել մի բան, որ սխալ լինի: Ավելի ուշ Փաշինյանը հանդես եկավ ուղիղ եթերով, և նրա 1 ժամ 22 րոպե տևած զրույցից պարզ դարձավ, որ եթե միջազգային փորձագետների նշած 16 մեղղման միջոցները կիրառվեն, ապա բնապահպանների նշած բացասական հետևանքները կառավարելի կլինեն, հետևաբար ինքը հակված է հանքի շահագործմանը:

Վարչապետի ելույթից հետո ոչ միայն չփարատվեցին հանրության մտահոգությունները, այլև գումարվեց անթաքույց հիասթափությունը: Ընդ որում, հայտնի դարձավ, որ Փաշինյանի դեմ են արդեն նաև իր որոշ թիմակիցներ, որոնք հայտարարեցին այդ մասին:

Իրավիճակն էլ ավելի սրվեց Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարությունից հետո: Նա հայտնեց, որ Ամուլսարի վերաբերյալ որոշման մասին գիտեր դեռ 8 ամիս առաջ, լիբանանյան փորձաքննությունը բացարձակ ֆիկցիա էր, և պնդեց, որ իր նշանակման օրվանից սկսած՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը և կառավարության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանը լծված էին իր ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, նրանց շահագրգռությունը բացատրելով կոռուպցիայի փաստով: Չհապաղեցին Ավինյանի փոխադարձ մեղադրանքները:

Երեքշաբթի Սարյանի արձանի պուրակում ընթերցվեց բնապահպանական ճակատի դիմումը՝ ուղղված Շրջակա միջավայրի նախարարությանը: Հանրահավաքներ էին տեղի ունենում նաև Ջերմուկում, որտեղ բնակիչների կողքին նաև ավագանու անդամներն էին։

Չորեքշաբթի Նիկոլ Փաշինյանը գրեթե անընդմեջ ֆեյսբուքում էր, մի քանի ժամում նա 5-6 գրառում արեց՝ հիմնականում Ամուլսարի թեմայով: Ամենաուշագրավը վերջին գրառումն էր: Նա տեղեկացրեց, որ «Էլարդի» եզրակացությունը նորից ուսումնասիրության է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի ոչ թե 99 ու 9, այլ 100 տոկոս համոզվածություն լինի, որ արվածը բավարար է Ամուլսարի հանքը կառավարելի ռիսկերով շահագործելու համար:

Սակայն Ամուլսարի շուրջ կրքերը չէին հանդարտվում, և փոխվարչապետ Ավինյանը ստիպված եղավ հայտարարել, որ տվյալ հարցում համընդհանուր կոնսենսուս չկա, բայց և նշեց, որ որոշում կայացնելիս պետք է հիմնվեն փաստերի ու փորձագիտական գնահատականների, ոչ թե էմոցիաների, ցանկությունների, համակրանքի կամ հակակրանքի վրա:

Այս իրադարձությունների հորձանուտում չափազանց ուշագրավ էր Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի կրկին ասպարեզում հայտնվելը, որի խորհրդի հետևանքով անցյալ տարի լուրջ խնդիրներ ունեցանք արտաքին քաղաքականության ոլորտում: Այժմ էլ նա խորհուրդ էր տալիս «Իմ քայլի» դժգոհ պատգամավորներին ստեղծել կանաչների անկախ պատգամավորական խումբ: Փաստացի առաջարկվում էր պառակտել իշխանական խմբակցությունը:

Օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ և հրապարակում ելույթ ունեցավ՝ փորձելով համոզել, որ հանքը չի վնասի Ջերմուկի ջրերն ու օդը: Չստացվեց: Եվ նա դիմեց նոր հնարքի՝ սկսեց տուն առ տուն շրջել և մեկ առ մեկ համոզել բնակիչներին։ Դա էլ առանձնապես արդյունք չտվեց, մեկնեց հարևան համայնքներ: Եվ նրան բնակիչները հրաժեշտ տվեցին նախկին տրամադրությամբ՝ Ամուլսարը սար է մնալու:

Այս շաբաթ, Ամուլսարի թեմային զուգահեռ, չդադարեց նաև պայքարը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ: Երկուշաբթի հայտնի դարձավ, որ նախօրեին՝ կիրակի երեկոյան, Հյուսիսային պողոտայում ծեծկռտուք է եղել ստորագրահավաքի կազմակերպիչների և նրանց վրա հարձակված անձանց միջև:

Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, դիրքորոշում էր հայտնել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ հայտարարելով, որ խիստ դեմ է դրա վավերացմանը: Իսկ Երևանում, բացի «Կամք» նախաձեռնությունից, որի հիմնական հենակետը Հյուսիսային պողոտայում է, ևս երկու քաղաքացի «Չի վավերացվելու» նախաձեռնությունից ստորագրահավաք էին սկսել կոնվենցիայի դեմ:

Երկուշաբթի լայնորեն տարածվեց նաև լուրն այն մասին, որ Ռուսաստանը հրաժարվել է արտահանձնել ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին՝ հղում անելով միջազգային կոնվենցիայի իրավական օգնություն ցույց տալու հոդվածին: Մի հանգամանք, որ հստակ ցույց տվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև լուրջ քաղաքական ճգնաժամի առկայությունը:

Շարունակվում էր Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի պայքարը Երևանի քաղաքապետարանի դեմ։ Նա մի դույլ կոյուղաջուր էր բերել Աղյուսագործների փողոցից, որտեղ մի քանի տներ զրկված են կոյուղագծից և ապրում են գարշահոտության մեջ։ Աղեկյանը ցանկանում էր, որ այդ գարշահոտությունը շնչի նաև քաղաքապետ Մարությանը։

Սոնա Աղեկյանին երկար լռությունից հետո արձագանքեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բայց ոչ թե Աղեկյանի մատնանշած արատները որոշակի գործողություններով վերացնելով, այլ նրա դեմ դատական հայցադիմումով՝ պահանջելով իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքում: Հիշեցնենք, որ Սոնա Աղեկյանը քաղաքապետի հասցեին հնչեցրել է բազմաթիվ մեղադրանքեր՝ անգործությունից մինչև ընդհուպ կոռուպցիա։

Հինգշաբթի հանգուցալուծում ստացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանիում ստեղծված բախումը: Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից, և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը: Ըստ նախարարի՝ վճռորոշ են եղել Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության մեջ առկա խնդիրները, որոնց բացառումն իր համար առաջնային նշանակություն ունի:

Անցած երկուշաբթի Բրեգանսոնում՝ Ֆրանսիայի նախագահի՝ Լազուրե ծովափին գտնվող ամառային նստավայրում, հանդիպեցին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Պուտինը և Մակրոնը, և ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է արվել տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում՝ Ղարաբաղի հակամարտությանը:

Իսկ երեքշաբթի Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղարի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությունից հայտնի դարձավ, որ հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել։

Կառավարությունն իր հերթական նիստում որոշեց 2 ,1 մլրդ դրամ տրամադրել պաշտպանության նախարարությանը մարտական հերթապահության պայմանները բարելավելու նպատակով: Բացի այդ, հաստատվեց զինծառայողների՝ բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագիրը։ Առաջնային շուկայից, այսինքն՝ կառուցապատողից բնակարան գնելու դեպքում 10 տոկոս կանխավճարը կտա պետությունը։ Վարկը տրամադրվելու է 7 տոկոսով, որից 3-ը սուբսիդավորվելու է։ Ամեն տարի ծրագրում կարող է ընդգրկվել 500 զինծառայող:

Ինչպես արդեն նշեցինք, անցած շաբաթ չէին դադարում հրդեհները հանրապետության տարբեր վայրերի խոտածածկ հատվածներում (Արայի լեռան լանջին, Խոսրովի արգելոցում և այլուր) ու Երևանի խոշոր ձեռնարկություններում: Հինգ օր տևեց միայն «Ձյունիկ սառնարան» ընկերության սառնարանային շինության հրդեհի վերջնական մարումը, որին հաջորդեց շաբաթ օրը «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը: Տագնապալի լուրեր էին հասնում նաև այլ պատճառներով: Պարզվեց, որ Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում օգոստոսից խոզերի զանգվածային անկում է սկսվել, Հարթաշենում 10 խոզ է սատկել, 40 հիվանդ խոզ մեկուսացվել է, Քարահունջում 200 խոզ է սատկել։ Իսկ Գեղարքունիքի մարզում սիբիրյան խոցի դեպքեր են արձանագրվել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: