Հայերեն   English   Русский  

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը  շարունակում է պայքարը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ


  
դիտումներ: 48

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ: Դրանում ասվում է.

«Արդեն 40 օր է` Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը պայքար է հայտարարել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ:

Մեր տեղեկություններով` առաջիկա սեպտեմբեր ամսին ՀՀ Ազգային Ժողովը պատրաստվում էր առանց աղմուկի վավերացնել նախկին իշխանությունների կողմից ստորագրված, մեր ժողովրդի համար անընդունելի փաստաթուղթը:

Այսօր ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով լրագրողի հարցերին, հայտարարել է, որ «Ի սկզբանե պարզ էր, որ գրեթե շանս չկա՝ այս տարի Ազգային Ժողով հասնելու, որովհետև ընթացակարգի համաձայն հնարավոր չէր, որ այն գար ԱԺ։ Մինչև մենք Վենետիկի հանձնաժողովից ստանանք պատասխան, դա կլինի մինչեւ հոկտեմբեր, մինչև Կառավարությունում կրկին քննարկենք, մինչև ուղարկենք Սահմանադրական դատարան, դա պրոցես է, որը պետք է անցնի։ Կարծում եմ, որ այդ թեման իրեն բավականին սպառել է։ Բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկներն էլ հնչել են, մեր կայքում էլ դրած է այդ փաստարկների հակափաստարկները»։

Իսկ ավելի ուշ` A1+ կայքով նախարարը հայտարարել է. «Ցանկացած անձի դեմ բռնությունը պետք է արժանանա համապատասխան կառույցակարգերի պաշտպանությանը։ Ստամբուլյան կոնվենցիան Ազգային ժողովի օրակարգում կլինի հաջորդ տարի»:

Վերոնշյալ հայտարարություններից հասկանալի է դառնում, որ ՀՀ Կառավարությունը տուրք տալով հասարակության ճնշմանը, սակայն, չցանկանալով նեղացնել իրենց հետ իշխանությունը կիսող սորոսականներին, այս պահին ընդամենը տակտիկական նահանջ է արձանագրում, սպասելով ավելի հարմար առիթի` կոնվենցիան ԱԺ ներկայացնելու համար:

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը սույնով հայտարարում է, որ շարունակելու է պայքարը ըստ` նախապես հայտարարված ծրագրի:

Վերջապես` «Կամքը» հիշեցնում է, որ պայքարը չի սահմանափակվում Ստամբուլյան կոնվենցիայի կամ նման մեկ-երկու դատապարտելի երևույթի դեմ. պայքարը մեր պետությունն ու մայիսյան հեղափոխությունը պատանդ վերցրած ուժերի դեմ է և կշարունակվի այնքան ժամանակ, մինչև այդ ուժերը կհեռանան Հայաստանի քաղաքական դաշտից»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: