Հայերեն   English   Русский  

Հանրային քննարկման է ներկայացվել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նոր նախագիծը


  
դիտումներ: 54

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքյան իր էջում արած գրառմամբ տեղեկացրել է, որ հանրային քննարկման է ներկայացվել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նոր նախագիծը:

Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում՝ https://www.e-draft.am/projects/1900/about, հանրային քննարկման ենք ներկայացրել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նոր նախագիծը. նախորդը՝ 2017 թվականին փորձաքննության ներկայացվելիս քննադատության էր արժանացել միջազգային փորձագետների կողմից:

Այս ռազմավարության հիման վրա կազմել ենք գործողությունների երեք ծրագիր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվական):
Փաստաթղթով ամրագրված մեր ռազմավարական նպատակներն են՝

Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդում.

✔Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման ղեկավար սկզբունքը լինելու է համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին և օրենքներին:

Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության գործիքակազմը իրագործվելու է հետևյալ շրջանակում՝

☑️հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների (այսուհետ նաև՝ Խախտումներ) վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ,

☑️դիտարկել խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը,

☑️հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունների տրամադրում իրավապահ մարմիններին,

☑️ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրում, որոնց կիրառումը թույլ կտա վեր հանել հնարավոր խախտումները և կբացառի անցյալի սխալների կրկնությունը,

☑️ստացված տեղեկությունների ամփոփում զեկույցի մեջ, դրա հրապարակում և գնահատական անցյալին:

Սահմանադրական բարեփոխումների անցկացում

✔Սահմանադրական բարեփոխումների անցկացման հիմնական նպատակը բոլոր տեսակի սուբյեկտիվ գործոններից զերծ, ժողովրդի կողմից առանց որևէ ուղղորդման, իր ազատ կամահայտնության արդյունքում ընդունված Սահմանադրություն ունենալն է:

2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ի թիվս այլնի, պետք է քննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից են Սահմանադրության ուղղակի գործողությունը, միջազգային պայմանագրերի տեղը ՀՀ իրավական համակարգում, վերպետական կառույցներին անդամակցելիս տվյալ վերպետական կառույցի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կիրառելիության առանձնահատկությունները, Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին տրված լիազորությունների շրջանակը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության և խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգը, ինչպես նաև պատգամավորների թիվը, Սահմանադրությամբ նախատեսված Կառավարությանը, Վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինների կազմավորման և լիազորությունների հետ կապված հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը, Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը, դերը և լիազորությունները և այլն:

Ընտրական օրենսդրության բարեփոխում.

✔️Որպես իրապես ազատ և արդար գնահատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից հետո անհրաժեշտ է ընտրական օրենսդրության մեջ նախատեսել այնպիսի կառուցակարգեր, որոնք վերոնշյալ ընտրությամբ ամրագրված ձեռքբերումները, այն է ՝ հանրության շրջանում ընտրությունների նկատմամբ վստահությունը, ընտրվող իշխանությունների լեգիտիմությունը, ինչպես նաև հասարակության ընկալումներում ընտրական գործընթացի արդարացիության նկատմամբ վստահությունը կդնեն օրենսդրական հենքի վրա: Եվ դրա արդյունքում նմանատիպ ընտրությունները կդառնան ոչ թե բացառություն, այլ կանոն:

Դատական իշխանության անկախության և անաչառության ապահովում.

✔Նախատեսվում է՝ դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կառուցակարգի բարելավում, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ միջազգային չափանիշներին համապատասխան հիմքերի և ընթացակարգերի ներդրում, հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացում, դատավորների և նրանց աշխատակազմի վարձատրության բարձրացում:

Կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգի ապահովում.

✔️Նախատեսվում է՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի համապատասխանեցում կոռուպցիայի հաղթահարման նպատակին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի կատարելագործում, կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում:

Էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծում, տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում, արդիականացում.

✔Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդնում, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի արդիականացում, Իրավաբանական անձանց էլեկտրոնային գրանցման e-register համակարգի արդիականացում, թվային արխիվների ստեղծում, Նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով գործարք վավերացնելու և փաստաթղթերի փոխանակման (փոխանցման) պայմանների ապահովում, Էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերի վավերացման համար պայմանների ապահովում Էլեկտրոնային սնանկության համակարգի ներդնում:
Ակնկալում եմ շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու հարցում:
http://moj.am/article/2497





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: