Հայերեն   English   Русский  

Ամուլսարի շահագործման հարցում հակված եմ համաժողովրդական հանրաքվեի անցկացմանը. ԲՀԿ պատգամավոր


  
դիտումներ: 71

Այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցին՝ ասաց, որ Ամուլսարի շահագործման հարցը պետք է լուծվի համաժողովրդական հանրաքվեով։

«Բազմաթիվ առիթներով մեր երկրի վարչապետն ասել է, որ ժողովուրդն է որոշում ամեն ինչ, ժողովուրդը պետք է հրապարակից կառավարի երկիրը, ժողովրդի դռներն են կառավարության դռները և ժողովուրդն իրավունք ունի բացել այն, Ազգային ժողովի դարպասները ժողովրդի դարպասներն են, երբ ուզի, կարող է բացել, մտնել, հիմա Ամուլսարն էլ է ժողովրդինը, իսկ այն, որ ժողովրդի մի ստվար հատված դեմ է եւ դա հիմնավոր է, կարծում եմ այստեղ 2-րդ կարծիքը չի դիմանա քննությանը։ Եթե իսկապես խոսում ենք ժողովրդավարության մասին, հարգելով վարչապետի այդ սկզբունքը, որ ժողովուրդը պետք է որոշի, ամենադասական տարբերակը հանրաքվե անցկացնելն է»,–նշեց նա։

Պատգամավորը հակված չէ տեղական հանրաքվեի անցկացմանը Ամուլսարի հարցում. «Այստեղ 2 խնդիր կա՝ ինչպիսի հանրաքվե անցկացնել՝ տեղական հանրաքվե թե համաժողովրդական քվեարկություն։ Ըստ էության, կարելի է անցկացնել համաժողովրդական հանրաքվե, քանի որ միայն առաջին հայացքից է խնդիրը վերաբերում միայն տվյալ տարածքում բնակվողների կյանքին եւ առողջությանը, իրականում սա մեր ամբողջ ժողովրդին է սպառնում, եւ ես անձամբ հակված եմ համաժողովրդական քվեարկության տարբերակին։

«Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն հարցերի շրջանակը, որոնք ենթակա չեն հանրաքվեով լուծման, ընդգրկում են բնակչության առողջության հարցերը, այսինքն՝ օրենքն արգելում է առողջության պահպանման հարցում տեղական հանրաքվե անցկացնել»։

Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ՝ իսկական ժողովրդավարությունը սկսում է ընտրություններից հետո եւ Նիկոլ Փաշինյանը պետք է ղեկավարվի ժողովրդի կարծիքով. «Ճիշտ կլինի, որ վարչապետը հանրությանը համոզի, որ այս դեպքում ինքը ղեկավարվեց ժողովրդի կարծիքով, եւ անպայման պետք է համաժողովրդական հանրաքվե անցկացնել։ Այսպես ինքն իրեն կազատի բազմաթիվ մեղադրանքներից, որոնք երբեմն նաեւ ավելորդ են։

Իսկական ժողովրդավարությունը սկսում է ընտրություններից հետո։ Եթե մի մարդուն ժողովուրդը դնում է իշխանության, նա կարող է ամեն ինչ անել եւ պատճառաբանել, ասել՝ դե ժողովուրդն է ինձ բերել եւ իմ բոլոր քայլերը լեգիտիմ են։ Լեգիտիմության երկրորդ փուլ կա, պետք է ապացուցես, որ դու ժողովրդական վարչապետ ես»։

Այն դիտարկումներին, թե հնարաքվեի ժամանակ հնարավոր են մանիպուլյացիաներ, Գևորգ Պետրոսյանը արձագանքեց.

«Ես այնքան միամիտ չեմ, որ ասեմ, թե լեգիտիմ վարչապետի օրոք բացառվում են մանիպուլյացիաները ընտրությունների ժամանակ, սակայն այդ մտահոգությունը չպետք է խոչընդոտի հանրաքվեի անցկացմանը։ Մտածել, թե հանրաքվե պետք չէ անցկացնել, քանի որ մանիպուլյացիաներ կլինեն, անառողջ մտածելակերպ է։ Կլինեն մանիպուլյացիներ, օրինախախտներ, իրավապահները թող զբաղվեն նրանով»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: