Հայերեն   English   Русский  

Խաղողն այս տարի այնքան քիչ է, որ իրար ձեռքից խլելու են. Բերբերյանն անդրադարձել է գյուղատնտեսության ներկա վիճակին


  
դիտումներ: 60

Այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանն անդրադառնալով գյուղատնտեսության ներկա վիճակին՝ ասաց, որ

Սեպտեմբերի 1-ից կարտոֆիլը շեշտակի կթանկանա, գարնանն էլ կվաճառվի հինգ հարյուր դրամով։

«Գյուղացին իրեն կոտորում է, ասում է՝ ջուր տվեք, բերքս չորանում է։ Գնացեք Շիրակ, տեսեք՝ ինչ է կատարվում։ Մարդիկ ստիպված կարտոֆիլն արդեն քանդում են։ Այն դեպքում, երբ այս տարի ջրամբարները լիքն են եղել»,- ասաց Բերբերյանը։

Բերբերյանն շեշտեց, որ ջրամբարները կառուցվել են գյուղատնտեսության համար, ոչ թե ՀԷԿ-երի, եւ այդ պատճառով ոռոգման խնդրի առաջ է կանգնել գյուղացին. «Էլի չկարողացանք լուծել։ Կառավարությունը չի ուզում լուծել ՀԷԿ-երի հարցը, որովհետեւ գերմանական վարկից միլիոնավոր դոլարներ էին կերել այդ ՀԷԿ-երի կառուցման ժամանակ։ Մի ապուշին հանում են, մյուս հիմարին բերում դնում են տեղը, դրանից ի՞նչ փոխվեց։ Շատ գործ կա անելու, տարան ՋՕ-ին Էներգետիկայի նախարարության մեջ պահեցին, հետո էլ Տարածքային կառավարման նախարարությունում են պահել։ Ի՞նչ կապ ունի այդ նախարարությունը գյուղատնտեսության ոռոգման, գյուղմթերքի հետ, կամ ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը Էկոնոմիկայի նախարարության հետ»։

Բերբերյանը հիշեցրեց, որ ինքը դեռ գարնանն ասել էր, որ վատ բերք է սպասվում, սակայն որեւէ արձագանք չի եղել իր հայտարարությանը.

«Խաղողը 30 տոկոսով պակաս է, նախորդ տարիների համեմատ ծիրանը 30-40 տոկոսով պակաս է, բանջարեղենն ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի նույն վիճակում է։ Խաղողն այս տարի այնքան քիչ է, որ իրար ձեռքից խլելու են, բայց գինը 150-ից չեն բարձրացնում։ 5 տարի առաջ էլ էր 150 դրամ, հիմա էլ է 150 դրամ։ Թե ի՞նչ երկիր են սարքում, այսպես էլ չեմ հասկանում։ Ինչքա՞ն կարելի է այս խայտառակ վիճակն այսպես պահել, հետո էլ կապիկություն անել՝ վայ դաշտի պոմիդոր կա, թե՝ չկա»։

ՀԿ-ի նախագահը նկատեց, որ հիմա կարտոֆիլի գինը Երեւանում 300 դրամ է, իսկ դաշտերում արդեն ոչ թե 150-ով են ձեռք բերում, այլ 120 դրամով.

«Վերավաճառողները նոր բան են արել, գները գցել են։ Այս հարցերը պետք է կարգավորվեն, գյուղացին վաճառքի տեղ ունենա, ճնշված չլինի։ Կարտոֆիլի ցանքատարածությունները տարեցտարի պակասում են։ Եթե հիմա մնացած լինի 24 հազար հեկտար՝ լավ է, սերմացու չկա։ Ցորենը նույնպես շեշտակի պակասելու է, քանի որ սերմացու չկա։ Կառավարությունը մտածո՞ւմ է, որ ցանքատարածությունները պակասում են, ու վաղը դրսից ցորեն է ներկրվելու»։

Բերբերյանն ասաց, որ այս տարվա կարտոֆիլի որակական հատկանիշները չեն կարող համեմատել անցած տարիների ստացած բերքի հետ.

«Գնալով այդ սերմն այլասերվում է։ Սորտի թարմացման համար մեզ էլիտար դասի 4 հազար տոննա կարտոֆիլ է պետք։ Վերջին 3 տարում այդքան չի ներկրվել։ Գյուղացին էլ ստիպված իր բերքն էժան տալիս է, որ երեխային տետր, գրիչ առնի։ Սեպտեմբերի 1-ից կրկին շեշտակի կթանկանա, գարնանը կունենանք 5 հարյուր դրամանոց կարտոֆիլ»։

Բերբերյանի խոսքով՝ գյուղատնտեսության ներկայիս ճգնաժամի հիմնական պատասխանատուն երկրի փոխվարչապետներն են.

«Այն փոխվարչապետերը, որոնք որ պատասխանատու են գյուղատնտեսության համար, թող պատասխան տան։ Քանի չինովնիկը պատասխանատու չի եղել իր բնագավառի համար, իր երկիրն այսպես էլ կմնա։ Խալին կլվանանք, խորոված կուտենք։ Մինչեւ հիմա հարց ենք տալիս՝ այս Կառավարության նոր նախարարության համակարգն ո՞վ է ձեւավորել, ո՞վ է այդ գիտնականը, չեն ասում, վախենում են։ Մեկը թող տղամարդավարի վեր կենա ասի՝ գիտեք ինչ կա, իմ առաջարկով է Գյուղնախարարությունը փակվել։ Գիտեք ինչո՞ւ եմ ասում, որ նա փողոց դուրս գա, գյուղացին թքի երեսին։ Ջայլամի պես գյուխները մտցրել են ավազի տակ։ Մի գործարար ընկավ մեջտեղ Բելառուսից թե Ռուսաստանից 8 կոնտեյներ կարտոֆիլ ներկրեց, որ մեր գյուղացու կարտոֆիլի գինը գցի, էն էլ 3-ը նեխեց, չկարողացավ վաճառել։ Հետո Աստված իրեն պատժեց կարտոֆիլը բերելու համար, 2 օր առաջվանից սկսած էլ մեծ ֆինանսական տույժեր կրում. գյուղացու անեծքն էր իր գլխին»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: