Հայերեն   English   Русский  

Էրդողանը դատապարտել է Ասադի ռազմագործողությունները, Պուտինը՝ պաշտպանել:


  
դիտումներ: 127

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։

Նախքան Էրդողանի մոսկովյան այցը, նշվում էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման օրակարգային թեման լինելու է հենց Իդլիբի հարցը։


Թուրքիան մեծապես անհանգստացած է Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հաջողություններից, մանավանդ որ մի քանի օր առաջ Ասադի ուժերը հրթիռակոծել էին Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, ինչի հետևանքով Թուրքիայի զինուժը չկարողացավ լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր:

Ասուլիսի ժամանակ Էրդողանը և Պուտինը տարբեր տեսակետներ են հայտնել Սիրիայի նախագահ Ասադի գործողությունների վերաբերյալ:

Էրդողանը պնդել է, որ Սիրիայի կառավարական ուժերի հարձակումները վնաս են հասցրել Իդլիբի հարցում Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնությունը կյանքի կոչելու Թուրքիայի ջանքերին։ Էրդողանը, բողոքելով Ասադի օդային և ցամաքային հարձակումներից, նշել է, որ դրանց հետևանքով տուժում է նաև խաղաղ բնակչությունը։

Էրդողանը մեկ անգամ ևս կրկնել է, որ Սիրիայի կառավարական ուժերի քայլերը ճգնաժամային իրավիճակ են ստեղծել Սիրիայում։ Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ հարձակումները վտանգ են ներկայացնում Սիրիայում գտնվող թուրք զինվորների համար։

«Իդլիբում խաղաղություն ապահովելու համար մեկ անգամ ևս ընգծեցի, որ մենք պատրաստ ենք աշխատել Աստանայի գործընթացի ոգուն համապատասխան։ Սոչիի համաձայնությամբ մենք կարող ենք մեզ վրա դրված պարտականությունները կատարել, սակայն միայն այն բանից հետո, երբ վերջ տրվի Սիրիայի կառավարական ուժերի հարձակումներին»,- շեշտել է Էրդողանը։

Իր հերթին Պուտինն էլ նշել է, որ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Իդլիբում ահաբեկիչներին չեզոքացնելու և ահրաժեշտ քայլերը իրականացնելու։

«Իդլիբի իրավիճակից խորապես մտահոգված ենք։ Ահաբեկիչները շարունակում են հարձակումներ գործեր Սիրիայի կառավարական ուժերի վրա, ինչպես նաև փորձում են հարձակվել ռուսական ռազմական հենակետերի վրա։ Ապառազմականացված գոտին ահաբեկիչների համար չպետք է դառնա թաքստոց, ինչպես նաև հարթակ նոր հարձակումների համար»,-նկատել է տվել Պուտինը՝ նշելով, Թուրքիայի նախագահի հետ հստակեցվել են լրացուցիչ միջոցառումներ, Իդլիբում և առհասարակ Սիրիայում ահաբեկչական օջախների վնասազերծման հարցում։

Ռուսաստանի նախագահը կարևորել է Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանումը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: