Հայերեն   English   Русский  

Ամեն կերպ պետք է փրկենք այս հրաշք մոլորակը. Էլեոնորա Գաբրիելյան


  
դիտումներ: 1307

Բուսաբան-կարգաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը ծնվել է 1929 թվականին Երևանում: Գուցե շատերի համար դժվար է պատկերացնել, որ 90-ամյա բուսաբանը ամեն օր աշխատում է նոր աշխատությունների վրա և փորձում տարիներով կուտակած իր փորձը ամեն գնով փոխանցել հաջորդ սերունդներին: Եթե հանդիպեք և զրուցեք տիկին Էլեոնորայի հետ՝ հավատացեք կմոռանաք նրա տարիքի մասին. տարիքի մասին մոռացնել կտա առաջին հերթին այս կնոջ ժրաջանությունն ու կենսախինդ բնավորությունը: Չնայած զբաղված առօրյային՝ տիկին Էլեոնորան մեզ հետ զրուցելու և իր մասին պատմելու համար կարողացավ ժամանակ գտնել:

Ծնողներն ու մանկության ամենավառ հիշողությունը

Տիկին Էլեոնորային հանդիպեցի իր տանը: Ինչպես միշտ նա աշխատում էր, սեղանին բազմաթիվ գրքեր էին, որոնք պատմում են աշխարհի տարբեր հատվածներում աճող բույսերի մասին: Մինչ ես հետաքրքրությամբ նայում էի գրքերում պատկերված զարմանալի ու ինձ համար անծանոթ բույսերի ու ծաղիկների նկարներին, տիկին Էլեոնորան կիսահայերենով, կիսառուսերենով սկսեց հետաքրքրվել թե ինչու՞ եմ ուզում իր մասին նյութ պատրաստել:

«60 տարուց ավելի է աշխատել ու այսօր էլ շարունակում եք աշխատել Գիտությունների ազգային ակադեմիայում, մի շարք գիտահետազոտական գրքերի հեղինակ եք, պարգևների ու շքանշանների մասին չեմ ասում, ի՞նչ եք կարծում՝ չարժե՞ Ձեր մասին գրել»,-զարմացած հարցնում եմ ես:

«Ես երբեք չեմ սիրել, որ իմ մասին խոսեն: Փառասեր չեմ ու չեմ սիրում ցուցադրել ինձ»,-մեղմ ասում է զրուցակիցս, բայց ինձ հաջողվում է համոզել նրան պատմել իր մասին ու հետաքրքիր զրույց ենք սկսում:

Էլոնորա Գաբրիելյան

«Արմատներով որտեղի՞ց եք»,-հարցնում եմ ես:

«Մորս կողմից արմատներով Տրապիզոնից եմ կամ, ինչպես իրենք էին ասում, Տրապզոնդից: Երբ առաջին ջարդերն են սկսում նրանց ընտանիքը տեղափոխվում է Կրասնոդարի շրջան ու սկսում այնտեղ ապրել ու աշխատել: Շատ մանրամասներ չգիտեմ: Հիմա եմ փոշմանում, որ ժամանակին մորս շատ հարցեր չեմ տվել:

Հայրս Երևանից է եղել: Նա ինժեներ-մեխանիկ էր մասնագիտությամբ: Մայրս Կրասնոդարում մեծանալուց հետո գալիս է Երևան: Հենց այստեղ էլ հանդիպում է հորս ու ամուսնանում: Մայրս իսկական գեղեցկուհի էր»,-ասում է ու նայում մոր նկարին:

«Այո, իսկապես գեղեցիկ է: Դուք ընտանիքում միա՞կ երեխան եք եղել»:

«Այո, 1937 թվականին Ստալինի հրամանով հորս, ինչպես նաև շատ մտավորականների գնդակահարեցին: Ես այդ ժամանակ 8 տարեկան էի, ու մենք ապրում էինք Վլադիկավկազում»,-տիկին Էլեոնորան նկարների տրցակի միջից գտնում է հոր նկարն ու ցույց տալիս,-«Հայրս է, գեղեցիկ տղամարդ էր»,-հետո լռում է. երևի հիշում է մանկության խաղաղ ու անհոգ օրերը, որոնք ավարտվեցին մի կրակոցով:

Փոքր ինչ լռելուց հետո այդ տարիների հետ կապված ևս մի բան է հիշում, հիշում է մանկության ամենահավատարիմ ընկերոջը:

«Հորս մահից հետո մայրս մնաց Կրասնոդարում, նրան թույլ չէին տալիս աշխատել, իսկ ես հորաքրոջս հետ եկա Երևան: Ինձ հետ էր նաև իմ շունը՝ Ռեքսը: Չտեսնված շուն էր, մենք միասին զբոսնում էինք, ձմռանը սահնակ քշում, միասին բորշ էինք ուտում: Երբ պատերազմը սկսվեց, բոլոր «Ավչառկա» տեսակի շներին սկսեցին հավաքել ու ուղարկել ռազմաճակատ, իմ շանն էլ տարան: Դա ինձ համար մեծ ողբերգություն էր:

Էլոնորա Գաբրիելյան

Դրանից 2 տարի անց հորաքույրս գործերով ինչ-որ տեղ գնալիս ճանապարհին գնացքի վագոններ է տեսել, որոնցից մեկի մեջ շներ են եղել: Այդտեղ գտնվող սպաներին հարցրել է՝ շների մեջ Ռեքս անունով շուն կա՞: Պատասխանել են, որ կա, բայց հիմա ուրիշ անուն ունի ու հնարավոր չէ, որ հիշի նախկին տերերին: Հորաքույրս խնդրել է, որ ցույց տան շանը, երբ մոտեցել է, տեսել է որ իմ շունն է, կանչել է Ռեքս, որտե՞ղ է Նոռան, շունը վազելով իր մոտ է եկել, սկսել համբուրել երեսները, իսկ հետո ինձ է փնտրել...»,- պատմությունից տպավորված նկատում եմ, որ իմ առաջ նստած 90-ամյա կինը կարծես նորից դարձել է փոքրիկ աղջնակ, որ մինչև այսօր սպասում է իր հավատարիմ բարեկամին:

«Էլ ի՞նչ եք հիշում Ձեր մանկությունից»,- փորձում եմ ցրել զրուցակցիս թախիծը:

«Մանկությունի՞ց, դե օրինակ այն, որ ես կարողացել եմ փոքր հասակում դառնալ առաջին ռակետկան: Մայրս ու հայրս միշտ թենիս էին խաղում, ես էլ հետո սկսեցի դրանով զբաղվել: Անգամ հետագայում՝ Մոսկվայում սովորելու տարիներին, մրցավար եմ եղել»,-հպարտությամբ ցույց է տալիս սև ու սպիտակ նկարը, որ բազմաթիվ գունավոր հուշեր է արթնացնում:

Պատանեկությունն ու հետագա գործունեությունը

1946 թվականին Էլեոնորա Գաբրիելյանը ավարտում է միջնակարգ դպրոցը և ընդունվում Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ, որտեղ այդ ժամանակ դասավանդում էր հայտնի բուսաբան Արմեն Թախտաջյանը: Հնարավոր չէ խոսեք տիկին Էլոնորայի հետ ու նա ձեզ չպատմի իր մեծ ուսուցչի մասին:

«Ես բախտավոր մարդ եմ, որովհետև Թախտաջյանի առաջին սաներից եմ եղել»,- մեծ ոգևորությամբ ուսանողական տարիներն է հիշում զրուցակիցս ու սկսում պատմել, թե հետագայում որքան հաջողությունների է հասել հենց Արմեն Լևոնիչի շնորհիվ,-«Երբ նա տեղափոխվեց Ռուսաստան և դարձավ Լենինգրադի համալսարանի կենսաբանա-հողագիտության ֆակուլտետի դեկան, ես էլ որոշեցի ուսումս շարունակել Մոսկվայի պետական համալսարանում»:

1951 թվականին Էլեոնորա Գաբրիելյանը Մոսկվայի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետն ավարտում է գերազանցության աստիճանով: 1952-1955թթ. Լենինգրադում (այժմ ՝ Սանկտ Պետերբուրգ) Ռուսաստանի Կոմարովի բուսաբանական ինստիտուտում սովորելու տարիներին էլ հանդիպում է իր ապագա ամուսնուն `Վլադիսլավ Աղաբաբյանին: Աղաբաբայնին ապագայում վիճակված էր դառնալ մեծ բուսաբան, պալինոլոգիայի հայկական դպրոցի հիմնադիրներից մեկը:

1955-ին Գաբրիելյանը վերադառնում է Հայաստան ու սկսվում է նրա գործունեության եռուն շրջանը: Այստեղ պետք է ինձ ուղղեմ. մեծ բուսաբանի ամբողջ կյանքն է բեղուն եղել:

«Ինչպե՞ս եք կարողացել համատեղել ընտանիքն ու աշխատանքը, չէ՞ որ գրեթե ողջ ժամանակը հատակացրել եք բույսերի ուսումնասիրությանը, ճանապարհորդություններին»:

«Կարողացել եմ, քանի որ ամուսինս էլ էր նույն ոլորտից: Հիշում եմ, երբ առաջարկ ստացա միանալ արշավախմբին, որը պետք է ուսումնասիրեր Հնդկական օվկիանոսի հարակից շրջանները, ամուսինս ասաց ընտրիր կամ ես կամ ճանապարհորդությունը: Իսկ ես առանց մի պահ վարանելու ընտրեցի ճանապարհորդությունը Հնդկական օվկիանոսում: Դա մեծ հնարավորություն էր, որ գուցե էլ երբեք չունենայի»:

«Հաշտվե՞ց Ձեր ամուսինը այդ ընտրության հետ»:

«Իհարկե հաշտվեց: Ճանապարհորդությունից հետո եկավ ինձ դիմավորեց»,-ժպտում է:

5 ամիս Հնդկական օվկիանոսում հետազոտական նավի վրա անցկացնելուց հետո տիկին Էլեոնորան տուն է վերադառնում հսկայական նյութերով, որոնք հետագայում տեղ են գտնում նոր աշխատությունների մեջ: Մեկ տարի անց նա մասնակցում է ԱՄՆ-ում կազմակերպված արշավին՝ հենց Թախտաջանի հետ:

Էլոնորա Գաբրիելյան

Նա 1955 թվականից է սկսել աշխատել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտում՝ որպես բույսերի համակարգման և աշխարհագրության ամբիոնի կրտսեր գիտաշխատող: 1960-ին արդեն դառնում է ավագ գիտաշխատող, 1986-ին առաջատար հետազոտող, 1989-ին՝ Բուսաբանության ինստիտուտի բուսաբանական տաքսոնոմիայի և աշխարհագրության բաժնի վարիչ:
1989 թվականից նա ղեկավարել է Հայաստանի Հանրապետության բուսաբանության ինստիտուտի համակարգվածության և աշխարհագրության բաժինը և ղեկավարել է Հայաստանի բուսական աշխարհի բազմամյա հրատարակությունը:
Գրեթե ողջ գործունեության ընթացքում ինտենսիվորեն շարունակել է բույսերի բազմաթիվ բարդ խմբերի, ընտանիքների համակարգված հետազոտությունը:

Էլոնորա Գաբրիելյան

«Ի՞նչ եք կարծում՝ կան բույսեր, ծաղիկներ, որոնք դեռ չեք բացահայտել»:

Ժպտում է, կրկին բացում իր հեղինակած գրքերը, ցույց տալիս բազմաթիվ բուսատեսակների նկարներ, որոնք անձամբ է նկարել, հետո ասում, որ մինչ այսօր էլ հայտանբերում են այնպիսի բույսեր, որոնց մասին ոչինչ չգիտեին:

Իր գործունեության ընթացքում Էլեոնորա Գաբրիելյանը բազմաթիվ պարգևների է արժանացել: ԽՍՀՄ ԳԱ Վ. Լ. Կոմարովի անվան մրցանակ, ՌԴ Ս. Ֆեոդորովի անվան պատվավոր դիպլոմ և մրցանակ, XII միջազգային բուսաբանական վեհաժողովի արծաթե մեդալ, XIV միջազգային բուսաբանական վեհաժողովի արծաթե մեդալ, Միջերկրական ծովեզերքի հերբարիումի հիմնադրամի արծաթե մեդալ. այս շարքը կարող ենք շարունակել ու կթվա, թե այն վերջ չի ունենա: Բազմաթիվ բույսեր անվանակոչվել են հենց Գաբրիելյանի պատվին:

Էլեոնորա Գաբրիելյանն այսօր

«Ժամանակն ամենաթանկ բանն է, ամեն րոպեն ու վայրկյանը թանկ են»,- ասում է մի փոքր խիստ տոնով ու ես հասկանում եմ, թե ինչու շատ խոսել ու իր մասին պատմել չի սիրում,-«Պետք է ավարտին հասցնեմ աշխատանքս: Մինչ այսօր Հայաստանի ֆլորայի մասին՝ «Флора Армении» 11 հատոր գիրք ենք հրատարակել: Բայց ցավոք դրանք միայն ռուսերենով են, հիմա աշխատում ենք, որ այդ 11 հատորը ամփոփենք 1 հատորի մեջ, որը կհրատարակվի և հայերենով, և անգլերենով, և ռուսերենով: Գիտեմ, որ բավական ծանր է լինելու 11 հատորը 1-ի մեջ ամփոփելը, բայց փորձում ենք ու շուտով կավարտենք»:

Ես լսում եմ 90-ամյա բուսաբանի այս խոսքերն ու հասկանում՝ որքան եռանդ ու աշխատասիրություն կա նրա մեջ, որքան սեր կա՝ դեպի բնությունն ու դեպի մեր զարմանահրաշ մոլորակը: Բայց չկարծեք, թե միայն բույսերն են հետաքրքրում նրան: Անգամ կարճ շփումը բավական է, որ նկատեք, թե ինչ մեծ սեր կա նրա մեջ դեպի արվեստը: Տիկին Էլեոնորայի սենյակի պատերը գրեթե ամբողջությամբ պատված են նկարներով: Դրանք սովորական նկարներ չեն: Յուրաքանչյուրը մի մեծ պատմություն ունի իր մեջ ամփոփած:

Էլոնորա Գաբրիելյան

«Գիտե՞ս՝ ովքեր են այս նկարների հեղինակները»,-մի քիչ խորամանկ ժպիտով ինձ է հարցնում ու պատասխանի չսպասելով բացահայտում գաղտնիքը,-«Այստեղ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Հարություն Գալենցի, Հակոբ Կոջոյանի նկարներն են: Իմ լավ ընկերներն էին»,-ցույց է տալիս մի նկար, որտեղ գեղեցիկ կին է պատկերված ու ասում,-«Մայրս է, Մինասն է նկարել, իսկապես գեղեցիկ նկար է ստացվել»:

Տիկին Էլեոնորային նվիրված հայ մեծ նկարիչների կտավները այսօր կգտնեք նաև պատկերասրահներում:

Զրույցի վերջում հարցնում եմ՝ որն է 90-ամյա բուսաբանի կարգախոսը:

«Չգիտեմ, թե ինչ ասել է կարգախոս, բայց միշտ առաջնորդվել եմ այն գաղափարով, որ պետք է անել ամեն բան, գուցե նաև անհնարինը, որ փրկենք մոլորակի վրա գոյություն ունեցող ամեն ինչ, ամեն մի հրաշալի բան»:

Ու ողջ կյանքի ընթացքում մի անգամ չէ, որ նա փորձել է այդ անհնարինն անելով փրկել բուսական, կենդանական աշխարհը:

«Հիմա շատ եմ մտածում Ամուլսարի մասին, հասկանում եք՝ չի կարելի այնտեղ հանք շահագործել, դա կվերացնի ամեն ինչ: Ես ոտքով քայլել եմ մինչև Որոտան գետի ակունքը, այն երկու քայլ է հեռու Ամուլսարից: Որոտանն այսօր այն եզակի գետերից է, որ մաքուր է մնացել ու պետք է ամեն ինչ անենք, որ պահպանենք այդ մաքրությունը»,- ասում է ու սկսում տերմիններով ինձ բացատրել, թե թունավոր նյութերը ինչպես կարող են շրջակա միջավայրի վրա ազդել:

Մի քանի ժամ տևած մեր զրույցի ընթացքում նա առաջին անգամ բարկացած է, փորձում է ինձ մանրամասն բացատրել՝ անդառնալի հետևանքները, որ սպասում են Ամուլսարի հանքի շահագործումից հետո, ու ես այդ պահին հասկանում եմ, որ այս կինն աշխարհ է եկել իսկապես մեծ առաքելությամբ՝ բացահայտելու ու միևնույն ժամանակ փրկելու այն ամենն ինչ շրջապատում է մեզ…

Նկարներն Էլեոնորա Գաբրիելյանի արխիվից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: