Հայերեն   English   Русский  

Ուսանողները ՀՊՏՀ ռեկտորի նոր ժ/պ-ի գիտական աշխատանքում արտագրություններ են հայտնաբերել. Նրանք դիմում են նախարարին


  
դիտումներ: 166

ՀՊՏՀ ուսանողները նամակ են հղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ բացահայտել են արտագրության տասնյակ դեպքեր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատություններում։ Նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Հարությունյան, տեսնելով, թե ինչ մեծ անարդարդարություն տեղի ունեցավ պարոն Ռուբեն Հայրապետյանի հետ մի համակարգում, որտեղ նա թե՛ գիտական և թե՛ մասնագիտական որակներով անհամեմատ բարձր է իրեն վատաբանող կեղծ արժեքներով մարդկանցից, մենք՝ ուսանողներս և շրջանավարտներս, ամեն ինչ անում և անելու ենք, որպեսզի վերականգնվի արդարությունը։ Ընդամենը երկու օրվա ընթացքում մեր շարժման շրջանավարտների հետ միասին ուսումնասիրելով ռեկտորի ժ/պ Դ. Գալոյանի գիտական աշխատանքները՝ բացահայտել ենք ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր։

Սրանք բոլոր այն գիտական աշխատանքներն են, որոնցում, ըստ Դ. Գալոյանի ատենախոսության սեղմագրի, «հրապարակվել են ատենախոսության հիմնական դրույթները», ինչպես նաև մյուսները ներկայացվել են պրոֆեսորի գիտական կոչման համար: Ի դեպ, եթե պարոն Հայրապետյանին մեղադրում էին հին համակարգում որոշ թարգմանված հատվածներին հղումները բաց թողնելու մեջ, ապա այս դեպքում գործ ունենք մկնիկի 4 հարվածով կատարված copy paste-երի հետ՝ նույն լեզվով։ Տիկին Գալոյանը շտապել էր հեռացնել իր գիտական աշխատանքների ցանկը համալսարանի կայքից, սակայն մենք համացանցից կարողացանք գտնել դրանց մի մասը և անցնել գործի։ Մենք որևէ կերպ չենք ուզում վնասել տիկին Գալոյանին և նրա հեղինակությանը։ Ընդհակառակը, կարծում ենք, որ նույնիսկ այս աչք ծակող արտագրությունները կուրսային աշխատանքից և այլ աղբյուրներից միայն իր մեղքը չի եղել։ Եվ դրա համար այս պահին հրապարակում ենք միայն 3 դեպք՝արդեն իսկ բացահայտված տասնյակ դեպքերից։ Համոզված ենք, որ այս անհասկանալի հիմքով ամեն շաբաթ նոր ռեկտոր փոխելու փոխարեն, պետք է ավելի խորքային մոտենալ հարցին․հայտարարել, որ դա համակարգային խնդիր է եղել, նաև վստահել բոլորիս, որ այդ վատ համակարգում Ռ. Հայրապետյանը լավագույնն է եղել բոլոր առումներով։ Ընդ որում, պարոն Հայրապետյանը ի զորու է նախկին համակարգում նույնիսկ իր ունեցած բացթողումները հաշվի առնելով՝ ստեղծել լրիվ նոր համակարգ բոլորիս համար, ինչը բազմիցս ապացուցել է գործնականում։ Մենք չենք կարող հանդուրժել, որ արատավորվի լավագույնի անունը, այն դեպքում, երբ շատ տգետ ու կաշառակեր դասախոսներ առիթից օգտվում են և սեփական շահերը առաջ տանում։

Պարոն նախարար, մենք Ձեզ ճանաչում և հարգում ենք նախևառաջ պարոն Հայրապետյանի շնորհիվ, լիովին վստահում ենք նրան և հետևաբար հավատացել ենք նաև Ձեզ։ Համոզված ենք նաև, որ միայն իմաստուն մարդիկ են ունակ վերանայել սեփական որոշումները։ Խնդրում ենք մի՛ կոտրեք մեզ, մեր հիասթափությունը շատ մեծ է լինելու, լսե՛ք մեր ձայնը, ընդունեք, որ բոլորի մոտ են նման խնդիրներ բացահայտվելու և հետ բերեք Ռ. Հայրապետյանին։ Մենք մեծ հույս ունենք, որ պարոն Հայրապետյանը դեռևս վերջնականապես հիասթափված չէ, և կհամաձայնվի հետ վերադառնալ։

Խնդրում ենք նաև բավարարվել ուղարկվող այս մի քանի փաստերով, որպեսզի մենք ստիպված չլինենք շարունակել այս տհաճ գործը և պարզապես վառենք ու դեն նետենք մնացած բոլոր փաստերը՝ ավելի չվնասելով տիկին Գալոյանին։

ՀՊՏՀ ուսանողներ և շրջանավարտներ։

Դեպք 1-ի հղումներ

https://bit.ly/30MDM90

https://bit.ly/2ZHCNFS

Դեպք 2-ի հղումներ

https://bit.ly/30Jsjah

https://bit.ly/2LguFXE

Դեպք 3-ի հղումներ

https://bit.ly/2NBgSxD

https://bit.ly/30JTVfb»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: