Հայերեն   English   Русский  

​ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Գյումրիում ՀՀ մարզպետների և համայնքային ղեկավարների հետ հանդիպման արդյունքներով


  
դիտումներ: 83

Հարց. Պարոն նախարար, Հայաստանում անցյալ տարի տեղի ուենցած հեղափոխությունից հետո արդյո՞ք կան հստակ օրինակներ, հստակ թվեր՝ մեր դեսպանները որքան ներդրում են բերել, որքան ներդրում է իրականացվել:

Զոհրաբ Մնացականյան․ Ես կդժվարանամ կոնկրետ թվեր, կոնկրետ արդյունքներ ասել, բայց դա կարևորագույն գործառույթներից մեկն է։ Չափելը միշտ բավական բարդ է, այսինքն՝ ինչ ներդրումներ են բերել, կամ ինչ նպաստ է եղել՝ ձևավորելու ծրագիր, որ ներդրումային է, զարգացմանն է ուղղված, որը պետությունների միջև համագործակցության ձևաչափ է, թե մասնավորի հետ է: Դիվանագիտական ծառայությունը մասնավոր սեկտոր չէ, բայց դիվանագիտական ծառայությունն ունի միջպետական հարաբերությունները և հարթակները օգտագործելու ներուժը, որտեղ անմիջական դերակատարները կարող են ավելի մոտենալ միմյանց և համագործակցություն ստեղծել։ Ձևաչափերը բավական շատ են՝ միջպետական ծրագրերի,մեր գործընկեր պետությունների կողմից մեր զարգացմանը նպաստող ծրագրերը համալրելու միջոցով։

Կարող ենք դիտարկել, թե այս մեկ տարվա ընթացքում ծավալները որքան են մեծացել՝ հեղափոխության, Հայաստանի կառավարության կողմից ծրագրերը հստակեցնելու շնորհիվ, թե կոնկրետ ինչ ենք ուզում՝ անկախ նրանից, կվերաբերի դա մեր զարգացման օրակարգին, թե պետական ինստիտուտների զարգացմանը։ Գուցե այդքան էլ չի վերաբերում այս օրակարգին, սակայն ցանկանում եմ մեկ օրինակ բերել. Եվրոպայի խորհրդի հետ մենք ունենք հաջորդ 4 տարիների համար Գործողությունների ծրագիր։ Այդ ծրագիրը ձևավորված է Հայաստանի, Հայաստանի գործընկեր պետությունների և Եվրախորհուրդի միջև երկխոսության շնորհիվ: Եվրախորհուրդը հանդես է գալիս որպես օպերատորն այս ծրագրի, որը կազմում է ավելի քան 18 միլիոն: Շնորհիվ մեր գործընկերների և Եվրախորհրդի հետ այս աշխատանքի և համագործակցության՝ մենք այս պահի դրությամբ ապահովել ենք ծրագրի մոտավորապես 65-70%-ի չափով իրականացումը: Այսինքն, երկրները մտադրություն ունեն ներդրում կատարել՝ այս ծրագիրն իրականացնելու համար։ Սա օրինակ էր, թե ինչպես է դա արվում ամբողջ պետական համակարգի ներգրավման միջոցով: Դիվանագիտական ծառայության մարմիններն աշխատանք ունեն տանելու իրենց երկրներում կամ կազմակերպություններում՝ այդ սնուցումն ապահովելու համար: Այսինքն՝ չափելը, թե կոնկրետ ինչքան ներդրում է եղել, ինչքան է գալիս, բավական բարդ է: Կամ միգուցե պետք ինչ-որ կերպ չափանիշներ, չափորոշիչներ մշակվեն: Դրանք շատ են, օրինակ, թե ինչպես ենք ներգրավվում երկկողմ մակարդակում: Եվ հենց դա է այս միջոցառման նպատակը:

Այս շաբաթվա ընթացքում մենք անցկացնում ենք մեր դիվանագիտական ծառայության ներկայացուցչությունների հավաքը: Եվ մեր ծրագրում այս անմիջական գործառույթի ընտրությունը նպատակ ունի ստեղծելու և ամրապնդելու այդ երկխոսությունը մեր ներսում, մեր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար, ավելի ամրապնդելու իրենց պատկերացումները, թե որոնք են ներքին գրակայությունները, որովհետև մեր աշխատանքը վերաբերում է մեր ազգային նպատակներին։ Այն ծառայում է մեր ազգային նպատակներին, և դրա մեջ մտնում է մեր պետության զարգացման օրակարգը։ Իսկ մարզային զարգացման օրակարգը մեր պետական գերակայություններից է. ինչպես մենք կարող ենք լավագույնս օգտագործել միջազգային համագործակցությունը, որպեսզի համալրենք և աջակցենք այդ գործառույթին։ Սա նաև այս հանդիպման նպատակն է՝ ավելի հարստացնելու պատկերացումները, ավելի հստակ պատկերացնելու այս անմիջական շփման միջոցով։

Բոլոր մարզերից հավաքվել են մարզպետները, մենք հյուրընկալվել ենք այստեղ՝ Շիրակի մարզում, այժմ կներկայացվեն մարզերի գերկայությունները, ծրագրերը: Եվ դա լինելու է այդ առաջին գործառույթը, երբ դեսպանները կսկսեն տեղայնացնել՝ ինչպիսի երկխոսության մեջ են մտնելու, ինչպես են աշխատելու իրենց երկրներում մեր գործընկեր պետությունների հետ և ինչպիսի նոր գաղափարների վրա մենք կարող ենք կառուցել այդպիսի անմիջական ծրագրեր։

Հարց. Երկրորդ գործառույթը ո՞րն է լինելու: Դուք ասացիք սա առաջին գործառույթն է, որ հանդիպում են…

Զոհրաբ Մնացականյան: Այո, ես դա նկատի ունեմ:

Հարց: Եվ ո՞րն է մեխանիզմը, հաջորդ գործառույթը:

Զոհրաբ Մնացականյան. Դրանք բազմաթիվ են: Ես շատ շնորհակալ եմ պարոն Պապիկյանին, որ միասին կարողացանք ստեղծել համատեղ այս հարթակը՝ դեսպաններին և մարզպետներին բերել մեկ հարթակ, և իսկապես սա առաջին անգամ է, որ մենք նման փորձ ենք ձևավորում: Ե՛վ ես, և՛ պարոն Պապիկյանը կառավարության անդամ ենք, նույն թիմի անդամ ենք, պարոն Փաշինյանը մեր կառավարության ղեկավարն է, մենք՝ բոլորս միասին, իրականացնում ենք մեր զարգացման ծրագիրը, կառավարության ծրագիրը: Մենք այդ մակարդակով արդեն աշխատում ենք, և դրա հիման վրա մենք ստեղծեցինք այս հարթակը:

Նորից պետք է ամփոփենք. յուրաքանչյուր դեսպան իր կողմից բերելու է առաջարկներ, բերելու է գաղափարներ, թե ինչպես կարող է իր երկրում և որ ուղղությամբ աշխատել: Այնպես չէ, որ զրոյից ենք սկսում: Կան ընթացքներ, թե ինչպես թիրախավորել, ինչպես ավելի գործնական, կիրառական ու թիրախային դարձնել՝ ներքին գերակայության և արտաքին մասի կարողության այդ կապն ավելի ամրապնդելու համար:

Հարց. Ներուժը հատկապես ո՞ր երկրներից է, պարո՛ն նախարար:

Զոհրաբ Մնացականյան. Ներուժը տարբեր երկրներից է գալիս: Եվրոպական երկրներից ունենք հիմնականում, տարբեր երկրներից, հիմա շատ բարդ է հստակ որևէ բան ասել: Այո՛, Չինաստանի հետ կան ծրագրեր, Չինաստանը հետաքրքրություններ ունի: Ռուսաստանը բավական ակտիվ ներդրում ունի ՄԱԿ-ի միջոցով մեր զարգացմանը, ՄԱԿ-ի միջոցով իրականացվող ծրագրերին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով, այո՛, բավական զգալի ներդրում ունի այդ կառույցի միջոցով:

Կառույցը գումար չունի, այն ծրագրերի իրականացնողն է: Իսկ ներդրողների շարքում բավական զգալի տեղ են գրավում Ռուսաստանը, Չինաստանը, Եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները. վերջիններս ավանդական մասնակից են այս գործընթացների: Այս պատը, որ դուք տեսնում եք, ցույց է տալիս այն դոնորներին, որոնք մասնակից են եղել այս կենտրոնի ստեղծմանը:

Հարց. Շիրակի մարզի հետ ո՞ր երկիրը ավելի նպատակադրված….

Զոհրաբ Մնացականյան. Ես առաջ չեմ ընկնի, քանի որ սա մեր հաջորդ փուլն է: Շիրակի մարզը արդեն ունի իր ձևավորումը: Մեզ համար այժմ ամենակարևոր նպատակը ավելի հստակեցնելն է մեր ներքին գերակայությունների շրջանակում, թե ինչ ենք մենք բոլորս՝ որպես երկիր, ուզում և ինչպես մեր դեսպաններն ավելի թիրախային ձևով կկարողանան մեզ օգնել թիրախավորել այն ուղղությունները, որտեղ մենք առաջ կբերենք այդ համագործակցության հարթակը: Վստահ եմ, որ Շիրակի մարզի մարզպետը շատ ավելի ընդարձակ կպատասխանի ձեր հարցերին: Վստահ եմ, երբ ծանոթանանք ծրագրերին և գերակայություններին, մեր դեսպանների մոտ ավելի հստակ կձևավորվեն պատկերացումները, այս զրույցն ավելի կիրառական, ավելի գործնական կլինի արդեն մեկ շաբաթվա ընթացքում: Մենք մտադիր ենք այս հավաքները տարեկան դարձնել: Վստահ եմ, որ տեսել եք, թե ինչպես է կառուցված այս հավաքի ամբողջ ծրագիրը, որպեսզի լավագույնս օգտագործենք այս դեսպանահավաքը մեր բոլոր ծրագրերում, մեր բոլոր գերակայություններում:

Գիտեք, որ արտաքին ծառայությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով՝ անվտանգության օրակարգից սկսած, մեր ամենագերակա խնդրից՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցից սկսած, վերջացրած մարդկային շփումների, մշակութային, կրթական, տնտեսական, մարզային և բոլոր այլ ուղղություններով: Եվ մենք շատ ինքնավստահ ընդլայնում ենք այդ շրջանակը:

Շատ ինքնավստահ ենք, որովհետև այսօրվա պայմաններում՝ և՛ հեղափոխությունը, և՛ այն ծրագրերը, որոնց շուրջ մենք աշխատում ենք՝ որպես կառավարություն, բոլոր ուղղություններով համալրում են այդ կարողությունները: Արտաքին ոլորտը պարտավորված է լավագույնս ծառայելու այս ամենին, ծառայելու մեր նպատակներին: Դեսպանահավաքի ժամանակ էլ նույնպես ասում էի, որ մեծ ուշադրություն եմ տալիս շոշափելի արդյունքի վրա աշխատելու պահանջին, աշխատելու ինքնավստահ՝ օգտագործելով այն ամբողջ վստահություւնը, որ ձևավորված է մեր երկրում: Ինքնավստահ, ռեալ, կոնկրետ արդյունքների վրա՝ մեր երկիրի նպատակներին նպաստելու համար:

Հարց. Դուք երեկ նաև դիվանագետների հավաքի ժամանակ ասացիք, որ հեղափոխությունից հետո տարի ու կես ժամանակ է անցել, և շատ էական քայլեր են արվել Արցախի հարցում, նաև Ցեղասպանության հարցի հետ կապված: Մասնավորապես ի՞նչ ի նկատի ունեք:

Զոհրաբ Մնացականյան. Ես այդպես չեմ ձևակերպել, «Էական քայլեր»:

Հարց. Մոտավորապես..

Զոհրաբ Մնացականյան. Մոտավորապե՞ս: Ոչ:

Հարց. Շեշտել էիք, որ արդյունավետ քայլեր էին կատարվել: Մասնավորապես շեշտել էիք, որ և՛ Արցախի հարցում, և՛…

Զոհրաբ Մնացականյան. Գիտե՞ք՝ ինչպես է: Ես հիմա նորից Ձեզ կրկնեմ: Վստահ եմ, որ առիթ ունեցել եք այս ամբողջ տարվա ընթացքում հետևել եք, եթե հետևում եք այս հարցին, վստահ եմ, որ հնարավորությունը տվել ենք ձևավորելու այդ դինամիկան՝ ինչպես է մեր կառավարությունը մտել այս գործընթացի մեջ, և ինչպես են ձևավորված մեր գերակայությունները Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում… Ես ուղղակի հիմա չեմ ցանկանա կրկնել: Որովհետև վերջին անգամ դա արտահայտված է եղել և՛ դեսպանահավաքի ժամանակ իմ ելույթում, վարչապետը ևս շատ հաճախ խոսում է…

Հարց. Վարչապետն ասաց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Զոհրաբ Մնացականյան. Մենք արդեն խոսել ենք դրա մասին: Շատ չշեղվենք մարզային մեր գերակայություններից: Այդ առումով պետք է ասեմ, որ մենք բազմիցս խոսել ենք սրա մասին, և շատ հեշտ է հետևել այն շրջանակին, որի մեջ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մենք տեղավորել ենք մեր գերակայությունները, մեր մոտեցումները, մեր հստակությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: