Հայերեն   English   Русский  

Հ​այաստան և վե՞րջ, թե՞ անվերջ Հայաստան


Վահան Իշխանյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 1024

Հայաստան և վե՞րջ, թե՞ անվերջ Հայաստան

Վտարանդի ռուս գրող Վլադիմիր Նաբոկովը հայրենիքն արտահայտում էր այսպես. Повторим в эти дни слова того древнего воина, о котором пишет Плутарх: «Ночью, в пустынных полях, далече от Рима, я раскинул шатер, и мой шатер был мне Римом».

«Կրկնենք այս օրերին այն հին ռազմիկի խոսքերը, որի մասին գրում է Պլուտարքոսը. «Գիշերը, անապատում, հեռու Հռոմից, ես բացեցի վրանս, և իմ վրանը ինձ համար Հռոմն էր»։

Այդպես, հոկտեմբերյան հեղափոխությունից 10 տարի անց, հեռու Ռուսաստանից ռուս վտարանդիները բացում են իրենց վրանները որպես Ռուսաստան։

Ճակատագիրը հայ ժողովրդին շատ ավելի բազմազան ու բազմաթիվ մասերի է բաժանել՝ երկու պետականություն և աշխարհով մեկ սփռված բազմաթիվ համայնքներ։ Այդ բազմաթիվ համայնքներին ի՞նչ անուն տալ, գուցե բոլորն էլ Հայաստա՞ն են, մեծ ու փոքրիկ Հայաստաննե՞ր, ինչպես հռոմեացի զինվորի համար իր վրանն է Հռոմը, և ուրեմն, Նաբոկովի համար էլ ամերիկյան ռուսական համայնքն ու իր շրջապատը։
Օգոստոսի 5֊ին Ստեփանակերտում Փաշինյանը կրկնեց Ազգալդյանի խոսքը «Արցախը Հայաստանն է և վերջ»։

Հետո երբ Վիտալի Բալասանյանը հարցարզույցում ասաց թե Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է չխառնվի Արցախի ընտրություններին, Փաշինյանի հետևորդները սկսեցին կրկնել «Արցախը Հայաստանն է և վերջ»։ Իմ քայլականների հանկարծակի բռնկումը միայն մի բացատրություն ունի՝ քանի որ Արցախը Հայաստանն է, ուրեմն, Արցախի իշխանությունները պետք է ձևավորի Նիկոլ Փաշինյանը, այսինքն, վարչապետը ինչպես Շիրակում մարզպետ է նշանակում, այնպես էլ Արցախում նախագահ նշանակի ֆորմալ ընտրությունների քողի տակ։ Համաձայն չե՞ք, ուրեմն, չեք ընդունո՞ւմ որ Արցախը Հայաստանն է և վերջ։

Ընդունենք կամ չընդունենք. ապակենտրոն կառավարման համակարգը ժողովդրավարության ձեռքբերումներից է, և եթե Հայաստանի սահմանդրության բարեփոխման անհրաժեշտություն կա, ապա այն է, որ վերացվի կենտրոնաձիգ կառավարումը և մարզերը դառնան ընտրովի տեղական ինքնակառավարվող մարմիններ՝ ասենք Սյունիքի ավագանի կամ խորհդարան, իր կառավարությունով։ Այդպես է ամբողջ ժողովրդավարական աշխարհում՝ որևէ եվրոպական երկրում գոյություն չունի հին կառավարման համակարգը՝ որ կենտրոնական իշխանությունը իր մարդկանց էր նշանակում ռեգիոնների ղեկավար, վաղուց բոլոր երկրներում ռեգիոնները ընտրովի մարմիններ են։
Եվրոխորհդի անդամ երկրների մեջ բացառություններից է Հայաստանը, որ 1995 թվականին ընդունեց կենտրոնաձիգ Սահմանդրություն։ Ճիշտ է, 2005֊ին որոշ բարեփոխումներ եղան, Երևանը դարձավ ինքնակառավարվող մարմին, բայց մարզերը մնացին կենտրոնաձիգ կառավարվող։

Մեկ էլ Արցախն է ինքնակառավարվող։

Ճակատագրի բերումով ստեղծվել է երկու հայկական պետություն, ճիշտ է իրար միահյուսված, այսուհանդերձ երկու տարբեր պետական կառույցներ իրենց պետական ինստիտուտներով։ Եվ երբ Արցախն ու Հայաստանը վերամիավորվեն, ապա պետք է որ Հայաստանն էլ այնքան ժողովրդավարական գիտակցության հասած լինի, որ այս ապակենտրոն կառավարման համակարգը պահպանվի, ինչպես, օրինակ, Գերմանիաները միավորվեցին, միևնույն ժամանակ երկիրը շարունակեց լինել դաշնություն՝ որտեղ բոլոր «երկրները»(Land այսմես են կոչվում Գերմանիայի մարզերը) ինքնակառավարվող միավորումներ են՝ իրենց կառավարություններով և պառլամենտներով։ Ինչպես Գերմանիայում Բավարիա երկիրը, Լեհաստանում Մազովեցյան Վոևոդությունը, այնպես էլ Արցախը ունեն խորհդարաններ և կառավարություններ(Արևմտյան երկրներում հիմնականում եռաստիճան տեղական ինքնակառավրման համակարգեր են)։
Սակայն Հայաստանում իշխում է ամբողջատիրական այն մտածողությունը, որ կենտրոնական իշխանությունը պետք է որոշի թե որտեղ ով է լինելու իշխանություն. մարզերում սահմանդրությամբ կառավարությունը նախագահի հաստատմամբ նշանակվում է մարզպետներ, իսկ ահա Արցախում չեն կարող դա անել, ինքնուրույն ինքնակառավարվող համակարգ է։ Ի՞նչ անեն. «Արցախը Հայաստանն է և վերջ» գոռալով Հայաստանի կառավարությունը կոպիտ միջամտությամբ իր իշխանությունն է ուզում հաստատել Արցախում։

Սկզբում մայիսի 9֊ին վարչապետը խոսեց Արցախ հեղափոխություն ներմուծելու մասին, ապա 10 օր անց Երևանում Արցախի անվտանգության քարտուղար ու նաև Արցախի նախագահական ընտրություններում հավանական թեկնածու Վիտալի Բալկասանյանին ու նրա մեքենան խուզարկել տվեց, չստացվեց, այժմ էլ իր մտադրությունը քողարկում է ազատ ընտրություններ երեշխավորելու քողի տակ։ Ահա, այս հակաժողովրդավարական քայլերին են աջակցում նրանք ովքեր Բալասանյանի դեմ խոսում են և մեկ էլ սկսեցին հայտարարել «Արցախը Հայաստանն է և վերջ»։

Ժառանգության նախկին անդամ, այժմ ՔՊ֊ական Դավիթ Սանասարյանը գրում է՝ «Ժամանակին սխալ քարոզ եմ տարել՝ հայտարարելով անկախ Արցախի մասին. չկա Արցախի հանրապետություն. կա Հայաստանի մարզ Արցախ… Ուստի բոլորիս կշնորհավորեմ այն ժամանակ, երբ համարձակորեն կկրկնենք հերոս Ազգալդյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հավատամքը»։

Այսինքն, ժամանակին «Ժառանգությունը» Արցախում իշխանություն չէր կարող հաստատել, Արցախի անկախության օրինագիծ էր ներկայացնում ԱԺ, այժմ Սանսարյանի կուսակից վարչապետը շանս ունի Արցախում իր իշխանությունը պարտադրել, այլևս անկախություն պետք չի, այն մարզ է, և արժանի չեն շնորհավորանքի նրանք ովքեր կերտել են Արցախի անկախությունը՝ պետական հաստատությունները, որոնց մեջ նաև նա ով Նիկոլ Փաշինյանի կամքին հակառակ ուզում է նախագահ ընտրվել։

Լավ, իսկ եթե Արցախի անկախությունը ճանաչվի միջազգային հանրության կողմից, այն էլի «Հայաստան է և վե՞րջ», թե՞ այլևս «Հայաստան չի և վերջ»։

Ապա հաջորդ հարցը՝ ի՞նչ են հասկանում Հայաստան ասելով, ո՞րն է նրանց Հայաստանի սահմանումը։ Եթե Հայաստանը նրանց համար միայն մի պետականություն է ապա, պետք է սկսեն Արցախն ու Հայաստանը վերամիավորել, դարձնել մի պետություն։ Բնականաբար չեն անելու, ուրեմն, Նիկոլի իշխանությունը Արցախում հաստատելու խաթեր խաղում են ազգային զգացումների հետ։ Բայց այդ ազգային զգացումները, այդ «Հայաստանն է և վերջ» արտահայտությունը միայն Արցախի վրա չի տարածվում, շատ ավելի լայն կարող է լինել, ինչպես Նաբոկովյան վրանը որ աշխարհի ամեն կետում կարող է Ռուսաստան դառնալ, կամ ինչպես Վահան Տերյանի Հոգևոր Հայաստան» հոդվածը ուր նրա պատկերացրած Հայաստանը ամենևին չի սահմանփակվում պետական ատրիբուտներով։

Ի՞նչ է Հայաստանը՝ մշակո՞ւյթ, տարա՞ծք, լեզո՞ւ, վարչական միավո՞ր, համա՞յնք, պետականությո՞ւն, հիշողությո՞ւն, Արևելյան Հայաստա՞ն, Արևմտյան Հայաստա՞ն, Միացյալ Հայաստա՞ն, թե՞ նաև մշակույթ, նաև պետականություն, նաև երկու պետականություն, նաև վարչական միավոր, նաև համայնք և հիշողություն։

Եթե համաձայնվենք, որ Հայաստանը շատ ավելի լայն հասակցություն է քան մի պետականությունը, ապա ոչ միայն Արցախն է Հայաստան, այլև Հայաստան են և Ջավախքը, և Աբխազիայի, Ռուսաստանի, Ամերիկայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Կանադայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Եգիպտոսի, Սիրիայի և մյուս երկրների հայկական համայնքները, Լիբանանը ուր հայկական համայնքը պառլամենտում իր մշտական պատգամավորական ներկայացուցչությամբ իշխանությունը ձևավորղ սուբեյկտ է, Հայ առաքելական, կաթոլիկ, բոլողքական եկեղեցիների, Դաշնակցության, Ռամկավար, Հնչակ կուսակցություների և բարեգործական միության ցանցերը աշխարհով մեկ, Արևմտյան Հայաստանը իր պատմական և մշակութային հուշարձաններով, բոլոր հայերի հիշողությունը, և այլն, և այլն։ Ուրեմն, Հայաստանը անվերջ է ու անընդհատ։

Արդյոք կարիք կա՞, որ Հայաստանի հանրապետության վարչապետը քիթը խոթի բոլոր Հայաստանների մեջ իր իշխանությունը պարտադրելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: