Հայերեն   English   Русский  

Պատմությունը պատժում է, երբ նրա տված դասերը չեն յուրացնում․ Զարուհի Փոստանջյան


  
դիտումներ: 481

Ի պատասխան` Հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է և Արցախը Սովետական Ադրբեջանից անկախացած պետություն

Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեր տարածաշրջանում նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքում, Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական միավոր՝ Խորհրդային Ադրբեջանին, բռնակցվեցին հայկական հինավուրց Արցախը, Ուտիքը և Նախիջևանը (1921թ.), իսկ աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների հետևանքով Թուրքիային թողեցին հայերին պատկանող հողերը, ունեցվածքը և մշակութային ժառանգությունը:

Ադրբեջանի բռնակցման դեմ խորհրդային տարիներին հայերը բազմիցս են բարձրաձայնել, պահանջել են վերամիավորում Խորհրդային Հայաստանի հետ (1945, 1965, 1967, 1977 թվականներ):

1980-ականների վերջերին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի հռչակած«գլասնոստ» և «պերեստրոյկա» քաղաքական օրակարգը, որի նպատակն էր, ըստ հեղինակի, ազատականացնել Խորհրդային Միության քաղաքական և տնտեսական կառուցվածքը, պատմական հնարավորություն ընձեռեց հայությանը` կրկին բարձրաձայնելու իր Հայրենիքի բռնակցման խնդիրը և պահանջելու վերամիավորում Խորհրդային Հայաստանի հետ։

Արցախի և Նախիջևանի վերամիավորելու շարժումը սկսվեց 1987-ին` 75 հազար հայեր ստորագրությամբ հանդես եկան վերամիավորման համար: Շարժումը մեծ թափ ստացավ և 1988-ին արձանագրեց աննախադեպ ազգային զարթոնք: Մեր ազգային զարթոնքի երեք տարիների ընթացքում մենք ականատեսը եղանք աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների` քանդվեց Բեռլինյան պատը, Գերմանիան վերամիավորվեց (1989թ.), փլուզվեց Խորհրդային Միությունը (1991թ.):

Ազգային զարթոնքի տարիներին մեր գործողությունները, մեր ազգային շահը սպասարկելու տեսանկյունից, չեն եղել քաղաքականապես հաշվարկված և ճշգրիտ` միտված դեպի ապագան: Մեր գործողությունները եղել են իրավիճակային լուծման տիրույթում: Մենք դուրս ենք եկել ԽՍՀՄ-ից առանց դե-յուրե ձևակերպելու, որ Արցախը, Ուտիքը և Նախիջևանը Հայկական պետության մաս են: Զարթոնքի տարիներին քաղաքական կարևորության տեսանկյունից ընդունել ենք միայն մեկ իրավական ակտ` Արցախի վերամիավորման վերաբերյալ` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը`Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին (1989թ.): Սույն որոշումից բխում էր, որ պետք է տեղի ունենա քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլում միասնական պետական-քաղաքական համակարգում:

Հետագայում վերջնական` դե-յուրե միաձուլում միասնական պետական-քաղաքական համակարգում տեղի չունեցավ: Պետական-քաղաքական ընտրական համակարգում մտցվեցին արգելքներ: Չնայած, որ արցախաբնակներին տրամադրեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր, սակայն նրանց արգելեցին ընտրել և ընտրվել` մասնակցել Հայաստանի Հանրապետության oրենսդիր և գործադիր իշխանության ընտրություններին: Արցախը դե-յուրե չլինելով ՀՀ վարչատարածքային միավոր՝ իր պետական կառավարչական ինստիտուտները ձևավորեց առանձին` միայն արցախաբնակների կողմից բացառելով ՀՀ անձնագիր ունեցող, բայց Արցախում չբնակվողներին ընտրվել Արցախի օրենսդիր և գործադիր մարմիններում: Այս ոչ հեռատես, ապազգային և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը`Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին (1989թ.) իրավական ակտը մերժող իրողությունը ներառվեց, որպես պետական քաղաքականություն մեր պատմության նորանկախ տարիների ընթացքում:

Երեսուն տարի առաջ չգիտակցեցինք, որ խորհրդային համակարգը վերանում է, և մենք պարտավոր ենք ապրել որպես անկախ պետություն՝ դուրս գալով Խորհրդային Միության փլատակներից՝ մեզ պատկանող հողով և իրավունքներով: Դե-յուրե թողեցինք ազատագրված Արցախը որպես վիճելի տարածք (չազատագրեցինք Ուտիքը և Նախիջևանը, Ադրբեջանը կապիտուլյացիա ստորագրելու փոխարեն 1994թ. կնքեց զինադադարի պայմանագիր), պաշտոնապես չսկսեցինք չեղարկման գործընթաց քեմալա-բոլշևիկյան գործարքի` Կարսի և Մոսկվայի պայմանագրերի (1921թ.), իսկ Հայրենիքից դուրս գտնվող հայ ազգի զգալի հատվածին զրկեցինք քաղաքական իրավունքներից (ընտրելու և ընտրվելու իրավունքից):

Ազգային զարթոնքից երեսուն տարի անց ունենք մեր Հայրենի բնօրրանի ընդամենը շուրջ 10 տոկոս տարածքի՝ 42 հազար քառակուսի կիլոմետրում Հայկական պետականության իրավազորություն, սակայն հայ ազգի հիմնական հատվածին զրկել ենք այդ պետականության ներսում քաղաքական մանդատ բանեցնելուց` ազգային քաղաքականություն իրականացնելու հնարավորություն:

Ինչպես շուրջ 100 տարի առաջ, այսօր նույնպես մեր տարածաշրջանում տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերադասավորումներ` փոխվում են 100 տարվա պայմանավորվածությունները, և այս գործընթացները ներառում են նաև մեր շահերը: Այս անգամ մենք իրավունք չունենք չգիտակցելու մեր ազգային շահը, իրավունք չունենք անտեսելու մեր իրավունքները:

Հայ ազգը ծագել է Հայկական բարձրավանդակում և նրա հարակից տարածքներում: Այստեղ է զարգացել նրա հոգևոր, կրոնական և քաղաքական կյանքը: Այստեղ հազարամյակներով նա ապրել է իր ինքնիշխան պետությունում, և ցավոք` դարեր շարունակ օտարների լծի տակ, իր հողի վրա նա ենթարկվել է ցեղասպանության և շուրջ 100 տարի առաջ զրկվել իր հիմնական հողից` հիմնական Հայրենիքից,ու սփռվել աշխարհով մեկ: Հայերի Հայրենիքը ներառել է 20 նահանգ`շուրջ 450 հազար քառակուսի կիլոմետր: Այս հայկական քաղաքական միավորումում ստեղծվել են ազգային, համամարդկային արժեքներ և մշակույթ` ինքնատիպ քաղաքակրթություն: Այս նահանգներից ներկայումս հայերի իրավազորության ներքո են գտնվում Մեծ Հայքի կենտրոնական նահանգ Այրարատի, Գուգարք նահանգի փոքր մասերը, Արցախ նահանգի զգալի մասը և Սյունիքը գրեթե ամբողջությամբ` այս տարածքները միասին կազմում են շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր:

Բռնի ուժի հարկադրման հետևանքով և անելանելիության պատճառով հայ ազգի հիմնական հատվածը, պարտադրված ապրելով օտարության մեջ` երբեք չի դադարել երազել Հայրենիք վերադառնալու մասին և այնտեղ վերականգնելու իր քաղաքական անկախությունը: Հայրենիքից զրկված՝հայ ազգը շարունակում է հավատարիմ մնալ Հայրենիք վերադառնալու` դեպի Արարատ սրբազան գաղափարին: Հայրենի բնօրրանում լիարժեք քաղաքական անկախության վերականգնման համար հայ ազգն իր պայքարի շնորհիվ այսօր ստեղծել է հիմք և հնարավորություն, որնարտացոլում է արդի Հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը: Մեր այս պետականությանը պակասում է ժամանակակից,արդիական,քաղաքական կառուցվածքը (հակակշիռների և զսպումների մեխանիզմի հիման վրա իշխանության գործունեության կառուցակարգերը): Իր բնույթով խաղաղասեր և միևնույն ժամանակ իրեն լիարժեք պաշտպանող (թշնամական գործողությունների հանդեպ ոչ մահաբեր կանխարգելիչ գործողություններ իրականացնելուց մինչև մահաբեր ուժի կիրառում) ժամանակակից հայ ազգի առաքելությունն է` հայրենի հողի վրա տնտեսապես և մշակութային առումով անկախ,զարգացած հայհասարակություն ստեղծելը:

Մինչև Հայկական պետականության իրավազորության ամբողջական վերականգնումը իր Հայրենի բնօրրանի նկատմամբ` մենք պետք է վերականգնենք մեր ազգի`Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող հատվածի քաղաքական մանդատը իր արդի պետականության նկատմամբ և ազդարարենք տարածաշրջանում միասնական Հայկական պետության մասին, որի քաղաքական քարտեզը ներառում է քաղաքական անկախություն ունեցող ներկայիս Արցախի Հանրապետությունը: Այս պահին փաստացի գոյություն ունեցող Հայկական պետականությունը առնվազն պետք է իրավական ձեվակերպմամբ` դե-յուրե դառնա Արարատյան և Արցախի հայկական նահանգների կոնֆեդերացիա:

Արդի հայերի քաղաքական ծրագիրը հնարավոր չէ կյանքի կոչել, եթե այն չի հիմնվելու հայկական նահանգների ՄԻԱՑՈՒՄ քաղաքական շարժման նպատակը առարկայական դարձնելու վրա:

Հ.Գ.

Պատմությունը պատժում է, երբ նրա տված դասերը չեն յուրացնում։


«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահˋ Զարուհի Փոստանջյան

03 օգոստոսի 2019թ.յ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: