Հայերեն   English   Русский  

Կարեն Հովհաննիսյան. «Մեր հիմնական նպատակը գոլֆի մասսայականացումն ու զարգացումն է»


  
դիտումներ: 1495

Համահայկական 7-րդ խաղերի ծրագրում 2-րդ անգամ անընդմեջ ընդգրկված գոլֆ մարզաձևի մրցումներն անցան հետաքրքիր պայքարում:

Մրցաշարին առանձնահատուկ տոն պարգևեց պրոֆեսիոնալ մարզիկի մասնակցությունը:

Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանը «Անկախի» հետ զրույցում խոսում է Համահայական խաղերում ունեցած ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի մասին՝ մանկապատանեկան գոլֆը մարզաձևի զարգացման հիմնաքարը համարելով:

-Պարոն Հովհաննիսյան, տեղյակ եմ, որ այս անգամ գոլֆի իսկական կանոններին համապատասխան մրցումներ անցկացվեցին: Մարզիկների, նրանց ցուցադրած արդյունքների մասին ի՞նչ կասեք:

-Գոլֆը 2-րդ անգամ ընդգրկվեց Համահայկական խաղերում: Խաղերին մասնակիցներ ունեինք Գերմանիայից, Էստոնիայից, Կանադայից և, ի ուրախություն մեզ, այս անգամ նաև Ռուսաստանից: Ինչպես գիտեք, Համահայկական խաղերում մրցում են քաղաքները: Պայքարն ընթացավ 2 խմբերում՝ տղամարդկանց և կանանց: Կանանց խմբում ընդգրկված էր 2 ենթախումբ՝ 6-ական մարզիկով: Տղամարդկանց խումբը մեծաքանակ էր՝ 5 ենթախումբ:

Առաջին անգամ մրցումներն անցկացրինք գոլֆի իսկական կանոններին համաձայն: 4 օր՝ օրական 18 խաղադաշտ: Անցած անգամ կազմակերպել էինք 9 դաշտով: Միջազգային չափանիշներով պետք է 18 խաղարկային դաշտեր անցնեն մարզիկները: Այս փոփոխությունը մարզիկները մեծ ոգևորությամբ ընդունեցին:

Աղջիկների խմբում Երևանի թիմերն ավելի ուժեղ գտնվեցին՝ զբաղեցնելով 1-ին և 3-րդ հորիզոնականները, 2-րդը՝ Ռուսաստանի ներկայացուցիչներն էին: Տղաների խմբում ըստ հերթականության հաղթողներ ճանաչվեցին Ռուսաստանի, Կիպրոսի, Գերմանիայի ներկայացուցիչները: Այս տարի մարզիկների կազմն ավելի ուժեղ էր, ինչը մեզ համար ոգևորիչ էր, քանի որ ավելի հետաքրքիր և բարդ պայքար ատացվեց: Ուրախալի է, որ Համահայական խաղերի շրջանակում գոլֆը հետաքրքրություն է առաջացնում, պայքարն ավելի թեժ է անցնում, ավելի շատ

Գոլֆ 2019

մարզիկներ են գալիս

- Մրցումներին առանձնակի գրավչություն հաղորդե՞ց պրոֆեսիոնալ մարզիկի մասնակցությունը:

-Մեծ Բրիտանիայից պրոֆեսիոնալ մարզիկ ունեինք: Առաջին անգամ Համահայկական խաղերում պրոֆեսիոնալ մարզիկի մասնակցության պատիվ ունեցանք: Չնայած մեր մրցաշարը և ողջ Համահայակական խաղերի ձևաչափը սիրողական է: Վերջինս չմրցեց մեդալների համար. սիրով մասնակցեց մրցաշարին՝ բնականաբար լավագույն արդյունքը` 25 միավոր բարձր արդյունք գրանցելով, որը մրցաշարի լավագույն ցուցանիշն էր:

-Համահայական 7-րդ խաղերում ունեցած ձեռքբերումների մասին կխոսսե՞ք:

-7-րդ Համահայկական խաղերին նշանակալի հաջողություններ գրանցեցինք. պրոֆեսիոնալ մարզիկի մասնակցություն և միջազգային ստանդարտներին համապատասխան մրցաշարի անցկացում: Մասնակիցների կողմից դրական արձագանաքներ ստացանք: Մրցաշարի վերջին՝ 4-րդ օրը, Կիպրոսին երկրպագող պատվիարկությունը շատ զարմացած էր ակումբում տիրող մթնոլորտից: Չնայած եզրափակիչ մրցումներն էին, բայց մարզիկները ոգևորված էին մեկը մյուսի խաղով, աջակցում էին իրար: Նրանք նշեցին, որ նման մթնոլորտի ականատես չէին եղել մյուս մարզաձևերի մրցումների ժամանակ: Ջերմ մթնոլորտը գերիշխում էր: Նրանք անգամ նամակով արձագանքեցին: Դա մեզ համար մեծ ոգևորություն է, քանի որ Համահայկական խաղերի հիմնական նպատակը միասնությունն է սպորտի միջոցով: Կարելի է ասել` նպատակն իրագործվեց. մրցակից-մարզիկներն ընկերացան, մեկը մյուսի հաջողություններով ուրախացան: Ճիշտ է, եղան հաղթողներ, բայց կարևորը միասնակության գաղափարն էր:

Գոլֆ 2019

Սոցցանցերում մյուս մասնակիցները ևս կիսվել են իրենց տպավորություններով: Պատվիրակությունները բարձր գնահատական տվեցին թե՛ կազմակերպվածությանը, թե՛ տիրող մթնոլորտին: Գոհ էին անձնակազմի վերաբերմունքից, պատրաստակամությունից: Համահայակական խաղերի օլիմպիական կոմիտեին ներկայացրինք մեր փորձը, ստացված արձագանքները:

- Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիան շուրջտարի բազմաբնույթ աշխատաքներ է իրականացնում: Առաջիկայում ի՞նչ է ծրագրեր ունեք:

-Ծրագրերը բազմաթիվ են, մենք տարվա ընթացքում ակտիվ աշխատում ենք: Առաջիկայում կայանալու է «Կովկասի գավաթի» խաղարկությունը, որը սկիզբ է առել 2014 թվականին, երբ Վրաստանում բացվեց առաջին գոլֆ ակումբը: Եվ «Արարատ» գոլֆ ակումբի և «Ամբասադորի» կողմից հիմնադրվեց «Կովկասի գավաթը», որը մարզաձևի զարգացման համար բավական լուրջ խթան է հանդիսանում: Մեր ջանքերի շնորհիվ այն կայանում է և այս տարի սեպտեմբերի 14-15-ը Վրաստանի մարզիկներին հյուրընկալելու ենք Հայաստանում: Անցած տարի Վրաստանում մեզ հաջողվեց գավաթը նվաճել: Նրանք էլ կփորձեն հաղթել, և գավաթը հետ տանել:

-Գիտեմ, որ մարզաձևի մասսայականացման գործում մեծապես կարևորում եք մանկապատնեկան գոլֆի զարգացումը: Ունե՞ք նոր ծարգրեր, որոնք պատրաստվում եք կյանքի կոչել:

-Գոլֆի մանկապատանեկան դպրոցը, որը գործում է 2015 թվականից, սկիզբ է առել 6-րդ Համահայկական խաղերի շեմին, երբ ձևավորում էինք Երևանի հավաքականի թիմը՝ խաղերին մասնակցության համար: Այն ժամանակ քաղաքապետարանը հետաքրքրվեց, թե արդյոք գոլֆն այնքան զարգացած է Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկվելու համար: Պետական մարմինները տեղեկացան, որ բացի նրանից, որ մենք երկար ժամանակ փորձում ենք գոլֆը զարգացնել Հայաստանում, ունենք հավաքական, որ կարող է մասնակցել մրցումների, նաև ունենք երեխաներ, որոնց հետ աշխատում ենք: Նրանք էլ ցանկացան աջակցել մանակապատանեկան դպրոցին: Արդեն լրացավ գործունեության 4 տարին: Ունենք երեխաներ, որոնք առաջին օրվանից այսքան տարի մարզվում են: Նրանց հետ մենք մեծ հույսեր ենք կապում. նրանք 4 տարի հետո Համահայկական խաղերում Երևանի հավաքականը կհամալրեն:

Մենք մի քանի ուղղությամբ ենք աշխատում: Պարբերաբար հաճախում ենք հանրակրթական դպրոցներ. տնօրինության հետ համաձայնեցված, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ներկայացնում ենք մարզաձևը: Այս տարիների ընթացքում 20-ից ավելի դպրոց ենք հաճախել: Ցուցադրել ենք գոլֆն ավելի քան 800 երեխայի: Մեր դպրոցն ա 4 տարվա ընթացքում ունեցել է 70-ից ավել գրանցված մարզվող երեխաներ: Այս պահին շուրջ 30 սան ունենք, որոնցից 15-ն այս 4 տարիների ընթացքում մշտապես մարզվել է ակումբում: Հույս ունենք, որ երեխաներն ակտիվորեն կշարունակեն մարզումները և կհամալրեն նախ մանակապատանեկան հավաքականը, հետագայում էլ՝ ազգային հավաքականը:

Նշեմ նաև, որ համաձայնության ենք եկել Վրաստանի «Ամբասադոր» ակումբի հետ՝ մեր և նրանց երեխաների միջև իրենց մինի դաշտում մրցաշար կազմակերպելու վերաբերյալ:

ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ ծրագիր ենք իրականացրել՝ լինելով մարզերի հանրակրթական դպրոցներում և գոլֆը ներկայացնելով ու ցուցադրելով մարզաբնակ երեխաներին: Նպատակ ունենք հանել գոլֆը Երևանից դուրս, քանի որ մարզաձևն առայժմ, կարելի է ասել, սահմանափակվում է միայն մայրաքաղաքով: Պատրոստ ենք գույք հատկացնել մարզաձևով հետաքրքրվող դպրոցներին, որպեսզի ֆիզկուլտուրայի դասերին նաև գոլֆի հետ կապված պարապմունքներ անցկացնեն: Փորձում ենք ամեն կերպ օջախներ ստեղծել: Մեր հիմնական նպատակը գոլֆի մասսայականացումն ու զարգացումն է, ինչը երկարաժամկետ ծրագիր է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: