Հայերեն   English   Русский  

​ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Ժամը» լրատվական ծրագրին


  
դիտումներ: 1144

Լիլիթ Դավթյան – Դիվանագետի օրվա առիթով այսօր հյուրընկալել ենք փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: Բարի երեկո: Շնորհակավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի առիթով:

Շավարշ Քոչարյան – Բարի երեկո: Շնորհակալություն:

Արտակ Հերիքյան – 1992թ., երբ Հայաստանն անդամակցում էր ՄԱԿ-ին, մենք դեռ դիվանագիտական փորձ, ավանդույթներ չունեինք, պետականազուրկ ազգը, բնական է, որ այդպիսիք, գոնե հարուստ, չունի: Այս 23 տարվա ընթացքում, ըստ Ձեզ, մեզ ինչպիսի՞ դիվանագիտություն հաջողվեց ստեղծել: Այսօրվա հայկական դիվանագիտության երեք հիմնական բնորոշիչները:

Շավարշ Քոչարյան – Նախ թվերով խոսեմ: Այդ ընթացքում մենք դարձանք 90 միջազգային կազմակերպության անդամ: Դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել ավելի քան 160 երկրի հետ: Ունենք արտերկրում 65 դիվանագիտական ներկայացուցչություն: Մոտ 2000 միջազգային պայմանագրեր ենք կնքել: Սա թվաբանություն է: Երկրորդը` բնական է, որ այդ ավանդույթների բացակայության պարագայում դա այդքան էլ դյուրին չէր, բայց, այնուամենայնիվ, արտգործնախարարությունը կայացել է, ամրապնդվել և շարունակելու է կայանալ և ամրապնդվել պետության հետ միասին:

Արտակ Հերիքյան – Որակական բնորոշիչները նկատի ունեի:

Շավարշ Քոչարյան – Գիտեք ինչ, նախ ինքնին ԱԳՆ-ի առկայությունը որակական է: Անկախ պետության համար, չեմ ուզում նսեմացնել որևէ գերատեսչության դերը, չափազանց կարևոր են պաշտպանության նախարարությունը, այսինքն` սեփական ազգային բանակը, կարևոր է արտգործնախարարությունը, կարևոր է կենտրոնական բանկը, այսինքն` դու ունես քո ազգային տարադրամը: Բայց նաև շատ կարևոր են այն ուղղությունները, որոնք նախանշված են Նախագահի համապատասխան հանձնարարականներով և իրականացվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Նախևառաջ, դա նա է, որ մենք պետք մեր ուժերի հնարավորությամբ նպաստենք անվտանգության միջավայրի պահպանմանը, ամրապնդմանը: Դրա հետ անմիջականորեն առնչվում է մեր ազգային համար մեկ խնդիրներից մեկը` ԼՂՀ շուրջ բանակցությունները: Կարևոր են մեր հարաբերությունները Թուրքիայի հետ: Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, Ցեղասպանության ճանաչմանը, ժխտողականության դեմ տարվող պայքարին: Կարող եմ նշել նաև մի շարք այլ կարևորագույն ուղղություններ, որոնք Նախագահի հանձնարարականով իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը:

Լիլիթ Դավթյան – Պարո՛ն Քոչարյան, արդեն ասացիք, որ մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են Արցախյան հիմնախնդրի կարգավորումը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Կարո՞ղ եք ասել` այս տարիների ընթացքում որո՞նք են եղել Հայաստանի դիվանագիտական աշխատանքի ամենամեծ և նկատելի սայթաքումները:

Շավարշ Քոչարյան – Սայթաքումնե՞րը:

Արտակ Հերիքյան – Այս երկու հարցերում, այս երկու առաջնահերթությունների:

Շավարշ Քոչարյան – Գիտեք` եթե խոսքը վերաբերում է Ղարաբաղի հիմնահարցին, ապա ես կարծում եմ, որ ի սկզբանե պետք է շատ հստակ լիներ մեր արտաքին հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյակ դիրքորոշումը, որովհետև տեսականորեն կա 3 մոտեցում: Առաջինը` ազգային փոքրամասնության իրավունքների երաշխավորում: Երկրորդը` բռնի բաժանված ազգի վերամիավորում: Երրորդը` ինքնորոշման իրավունքի իրացում: Մեզանում, ցավոք սրտի, առաջին տարիներին որոշակի շեշտ է դրվել ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման վրա: Իսկ դա նշանակում է` Ղարաբաղն այս կամ այն կարգավիճակով Ադրբեջանի կազմում: Մի պահ շեշտադրվեց երկրորդ ուղղությունը` միավորված լինելու մասին: Եվ վերջապես, այն ճիշտ ուղղությունը, որը տարիներ շարունակ իրականացվում է և համապատասխանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արտահայտած կամքին` ինքնորոշման իրացումն է, այսինքն` անկախ պետություն է: Ես կարծում եմ` ժամանակին այդ հստակության բացակայությունը դրական դեր չի խաղացել: Ամեն դեպքում այսօր արձանարգված է ինքնորոշումը նաև բանակցային սեղանի վրա: Պատահական չէ, որ բանակցություններն ընթանում են երեք միջազգային հանրահայտ սկզբունքների շուրջ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում: Միանգամից ասեմ, որ մենք որևէ խնդիր չունենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, բայց այդ ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Արտակ Հերիքյան – Պարո՛ն Քոչարյան, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, ըստ էության, Հայաստանի քաղաքականությունն արմատական փոփոխության է ենթարկվում: Նկատի ունեմ` այդ պահանջտիրության հստակ ձևակերպումները 100-րդ տարելիցի հռչակագրում: Անհատների, համայնքների իրավունքներ և այլն:

Շավարշ Քոչարյան – Ես չէի ասի, որ մեր արտաքին հարաբերությունների օրակարգն արմատական փոփոխությունների է ենթարկվել:

Արտակ Հերիքյան – Պահանջատիրությունը չի՞ դրվում դրա հիմքում այսօր արդեն:

Շավարշ Քոչարյան – Ի՞նչ ենք հասկանում մենք դրա տակ: Նայած ի՞նչ ենք հասկանում: Որ ցանկացած անհատ, ցանկացած սփյուռքահայ իրավունք ունի փոխհատուցում պահանջելու, և դա նոր գործընթաց չէ...

Արտակ Հերիքյան – Բայց նախկինում պետությունը դա հստակ չէր ձևակերպում:

Շավարշ Քոչարյան – Դա Համընդհանուր հայկական հռչակագիրն է, որտեղ արտահայտված է հայության բոլոր շերտերի ցանկությունները, պատկերացումները: Բնական է` հիմնական ձողի շուրջ` Ցեղասպանության ճանաչում, ժխտողականության դեմ պայքար, և բնական է, որ այդտեղ Սփյուռքն ունի իր արդարացի պահանջները, Հայաստանն ունի իր օրակարգը: Այնպես որ ես չէի ասի, որ ինքնին Համահայկական հռչակագիրն ինչ-որ կտրուկ փոփոխություն է կատարել: Դա այդպես չէ: Այն, ինչ որ մեր արտաքին հարաբերությունների օրակարգում է այսօր` կապված Թուրքիայի հետ, միանշանակ արտահայտված է այն արձանագրություններում, որոնք ստորագրել է ՀՀ Նախագահը, ոչ ավել, ոչ պակաս: Երբ այդ արձանագրությունները կյանքի կոչվեն, դա կլինի մեր արտաքին հարաբերություն...

Արտակ Հերիքյան – Տեսակետ կա, մասնավորապես առաջին նախագահն ասում է, որ այդ Համահայկական հռչակագրով մենք կկորցնենք մեր վստահությունը, համակրանքը նույնիսկ մեր իսկ գործընկերների շրջանում, նրանց մոտ, որոնք մեզ վստահում են:

Շավարշ Քոչարյան – Գիտե՞ք ինչ, մարդիկ կան, որ միայն Սևրի դաշնագրի հիշատակումից սարսափի մեջ են ընկնում: Չեմ հասկանում` ինչու: Չէ որ այդ համահայկական հռչակագրում գրված չէ, որ Հայաստանի պետությունը հետամուտ է լինելու այն սահմաններին, որոնք այնտեղ են նշված: Արժևորում է: Բա ո՞նց կարող է չարժևորել: Չէ որ հայերի համար, հայության համար դա կարևորագույն իրադարձություն է ճիշտ այնպես, ինչպես Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: Արժևորել մի բան է, այլ բան է ֆիքսել, որ դու, համաձայն Վուդրո Վիլսոնի այդ սահմանների, հետամուտ ես լինում...

Արտակ Հերիքյան – Այսինքն հայկական դիվանագիտությունն այսօր «Ծովից ծով Հայաստանի» գործը կպցնելու խնդիր չունի, ինչպես հասկանում ենք:

Շավարշ Քոչարյան – Մարդիկ կան, որոնք ամեն բառի տակ «Ծովից ծով» են փնտրում: Իրականում դա այդպես չէ: ՀՀ արտաքին հարաբերությունները շատ ազնիվ են ու թափանցիկ: Մենք երբեք մի բան չենք ասում, մտքում ուրիշ բան պահում: Մենք երբեք, մեր դաշնակիցների հետ խոսելիս, չենք բողոքում երրորդների մասին, և հակառակը` երրորդների հետ շփվելիս չենք բողոքում մեր դաշնակիցներից: Վերջիվերջո, գիտե՞ք ինչ: Եթե խոսք գնաց մեր նվաճումների մասին, մի, հնարավոր է, տասներորդական բան ասեմ, բայց, որը չափազանց կարևոր է: Ժամանակին Վիկիլիքսը շատ բան գաղտնազերծեց, և չկա Վիկիլիքսում որևէ հիշատակում Հայաստանի դիվանագիտության մասին, որի համար մենք ամաչենք: Վիկիլիքսը հենց ցույց տվեց, որ մենք եղել ենք ազնիվ մեր բոլոր գործընկերների նկատմամբ: Ի տարբերություն, ասենք հարևան Ադրբեջանի, որը ռուսների հետ հանդիպելիս բողոքում էր Ամերիկայից և Թուրքիայից, թուրքերին բողոքում էր Ռուսաստանից, և այսպես անվերջ: Այսինքն` ես կարծում եմ, որ դիվանագիտության, արտաքին հարաբերությունների ցանկացած հաջողության հիմքում ազնիվ լինելն է բոլորի հետ:

Արտակ Հերիքյան – Բայց դիվանագիտությունը կարո՞ղ է, իրոք, ազնիվ լինել Ձեր համոզմամբ:

Շավարշ Քոչարյան – Ես կարծում եմ, որ մոտեցումը` ազնիվ – անազնիվ, գալիս է ոչ թե դիվանագիտության թվացյալ արդյունավետությունից, այլ մարդու էությունից: Իսկ իրականում հաջողության է հասնում, իմ գնահատականով, դիվանագիտությունը, եթե դրա հիմքում ազնվությունն է: Աշխարհը հիմա այնքան է փոքրացել, այնքան բոլորն ամեն ինչից տեղյակ են, որ այստեղ-այնտեղ խաբելով` առաջ չես գնա: Մանր վաճառականի հոգեբանությամբ չի կարելի պետության արտաքին հարաբերությունները կառուցել:

Լիլիթ Դավթյան – Շնորհակալությու՛ն, պարո՛ն Քոչարյան` Ձեր մասնագիտական տոնի առիթով մեզ մոտ հյուրընկալվելու և հանձինս Ձեզ` շնորհավորում ենք նաև մեր մյուս հայ դիվանագետներին: Մենք զրուցում էինք փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: