Հայերեն   English   Русский  

Վարչապետի փոփոխությունը Վրաստանում՝ պատրաստություն 2020 թ․ խորհրդարանական ընտրություններին


  
դիտումներ: 778

Վրաստանում վարչապետի փոփոխության արդյունքում հայ-վրացական հարաբերությունները չեն տուժի, կարծում է վրացագետ Ալիկ Էրոյանցը։

Նա նշում է, որ իշխանության ղեկին շարունակում է մնալ «Վրացական երազանք» կուսակցությունը, հետևաբար անձի փոփոխությունը չի կարող անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների վրա։ «Վրաստանի արտաքին քաղաքականությունում, հատկապես Հայաստանի մասով, չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի»,- ասում է Էրոյանցը։

Անդրադառնալով վրացական ներքաղաքական զարգացումների պատճառներին՝ Էրոյանցը նշում է, որ Գերոգի Գախարիայի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում վաղուց էր պլանավորված, դեռևս մինչև Մամուկա Բախտաձեի նշանակումը։ «Պարզապես այն ժամանակ քննադատությունների ալիք կար, նրան կապում էին Ռուսաստանի հետ և իշխող վերնախավն այն ժամանակ որոշեց հետ կանգնել այդ քայլից»,- ասում է նա։

«Օրբելի» կենտրոնի Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանի կարծիքով՝ տեղի ունեցող զարգացումները պայմանավորված են 2020-ին սպասվող խորհրդարանական ընտրություններով։

Հասմիկ Մելիքսեթյան

«Վրաստանում խորհրդարանական ընտրություններին սկսել են պատրաստվել դեռ 2018-ից։ Ընտրություններից առաջ բոլոր կողմերը փորձում են վերադասավորվել, շտկել իրենց թերությունները և ուժեղացնել դիրքերը։ Այս պարագայում ցանկացած փոփոխություն որևէ քաղաքական ուժում պետք է դիտարկել խորհրդարանական ընտրությունների համատեքստում»,- ասում է Մելիքսեթյանը։

Չնայած պաշտոնապես Բախտաձեն հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից, քանի որ կատարել է իր առաքելությունը, Մելիքսեթյանը նշում է, որ այսպիսով «Վրացական երազանքը» փորձում է ամրապնդել իր դիրքերը և ապահովել իր հաղթանակը 2020-ի խորհրդարանական ընտրություններում։

Գեորգի Գախարիան մինչ այս զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Հունիսի 20-21-ին Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցը ցրելուց ի վեր Վրաստանում ցույցեր են տեղի ունենում Գախարիայի հրաժարականի պահանջով։ Վարչապետի պաշտոնում նրա թեկնածության առաջադրումից հետո անգամ խորհրդարանի շենքի մոտ մարդիկ են հավաքվել «ամոթ» վանկարկումներով։ Գախարիայի հրաժարականի պահանջը, սակայն, նոր երևույթ չէ։ Տարբեր առիթներով 2018 թվականից ի վեր քաղաքացիների տարբեր խմբեր և ընդդիմությունը պահանջում են Գախարիայի հրաժարականը։

Հաշվի առնելով իրողությունը՝ մասնագետներից փորձեցինք ճշտել, թե ընտրություններից առաջ որքանով է տեղին նման սկանդալային պաշտոնյայիառաջադրումը վարչապետի պաշտոնում։

Թե Էրոյանցի, թե Մելիքսեթյանիր կարծիքով՝ չնայած Գախարիայից առկա դժգոհություններին հանրության տարբեր շրջանակների մոտ, նա եղել և մնում է Վրաստանի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ գործիչներից մեկը։

Ալիկ Էրոյանց

«Բնականաբար, դժգոհություններ կան, նրա ՆԳՆ եղած ժամանակ բռնի ուժ կիրառվեց քաղաքացիների նկատմամբ, եղան բազմաթիվ վիրավորներ, և նման դեպքերն անհետևանք չեն մնում, բայց հարցի մյուս կողմն էլ պետք է դիտարկենք՝ Գախարիան Վրաստանի քաղաքականությունում և իշխող քաղաքական թիմում ծանրակշիռ գործիչ է, Իվանիշվիլիի մերձավորներից է և բոլոր հնարավորություններն ունի, որ կարողանա կառավարության ծրագրերն ավելի լիարժեք իրականացնել։ Նա մինչև օրս ուժային կառույցի ղեկավար է եղել և այդ ոլորտում լուրջ ազդեցություն ունի։ Սա քաղաքական հաշվարկ է, որ իշխող քաղաքական վերնախավն իրականացնում է։ Կարծում եմ, որ նա կընտրվի և հաջողություն կունենա որպես վարչապետ»,- ասում է Էրոյանցը։

«Գախարիան շարունակում է վրացական քաղաքականության մեջ ուժեղ և ազդեցիկ կերպար մնալ և սրանով է պայմանավորված, որ իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին պնդեց, որ նա վարչապետի պաշտոնում հայտնվի այս պատասխանատու ժամանակահատվածում։ Ավելի ուժեղ գործիչ չէին կարող ընտրել»,- ասում է Մելիքսեթյանը և հավելում, որ հանրության շրջանում Գախարիան ունի թե կողմնակիցներ, թե հակառակորդներ։

«Հիմա հանրության մոտ հակասական տրամադրություններ են, որոշ մարդիկ էլի խորհրդարանի շենքի մոտ էին «ամոթ» վանկարկումներով։ Ակտիվացել է նաև ընդդմիությունը և հայտարարել, որ կշարունակի պայքարել։ Բայց մյուս թևն էլ այսպիսի պնդում ունի, որ հունիսի 20-21-ի գիշերը տեղի ունեցածը օրենքի շրջանակներում է եղել, և նպատակն էր սահմանադրական կարգը պաշտպանելը»,- ասում է Մելիքսեթյանը։

Նա չի բացառում, որ վրացական ընդդիմությունը Գախարիայի դեմ պայքար է ծավալել՝ նրա մեջ լուրջ մրցակից տեսնելով։ «Պետք չէ բացառել, որ ընդդիմության համար Գախարիան ցանկալի մրցակից չէ»,- ասում է Վրաստանի հարցերով փորձագետը։

Հարցին, թե գուցե ուժային կառույցի ղեկավարին վարչապետի պաշտոնը վստահելը որոշակի պատրաստություն է նոր ընտրակարգով ընտրություններին, Էրոյանցը բացասական պատասխան է տալիս։ Ասում է, որ պարզապես «Վրացական երազանքը» ձգտում է կատարել հանրությանը տված խոստումները, իշխանությունները գիտակցում են, որ կան խնդիրներ, կա դժգոհություն իշխանություններից և այսպիսով փորձում են շտկել իրավիճակը։

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել սեպտեմբերի 2-ին։ Նաիր արարքն այսպես է մեկնաբանել․ «2018-ին Վրաստանի վարչապետի պաշտոնում իմ առաջադրման նպատակը և հիմնական մանդատը երկրի համար ռազմավարական զարգացման շրջանակի ստեղծումն ու իրականացումն էր, որը կապահովեր առաջիկա տարիներին մեր պետական նպատակների իրագործումը և կդառնար երկրի զարգացման ուղեցույցը: Զարգացման ռազմավարական շրջանակը ստեղծված է և, հետևաբար,որոշում եմ ընդունել պաշտոնը լքելու մասին, քանի որ կարծում եմ, որ իմ առաքելությունն այս փուլում կատարել եմ»։

Խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի թեկնածությունը։

Վրաստանը խորհրդարանական երկիր է։ Այստեղ 2020-ի հոկտեմբերին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ նոր ընտրակարգով, որն ընդունվեց հունիսին Թբիլիսիում ծավալված բողոքի ակցիաների ճնշման ներքո։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: