Հայերեն   English   Русский  

Մինչև 4 տարեկան մեքենաների ներմուծումը մեկ տարով կազատվի՞ ԱԱՀ-ից


  
դիտումներ: 72

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշ դիտողություններով հավանություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մեկ տարով (մինչեւ 2020-ի դեկտեմբերի 31-ը) ավելացված արժեքի հարկից ազատել ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կողմից մինչեւ 4 տարեկան ավտոմեքենաների ներմուծումը:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝նախագծի ընդունումը նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող, մինչեւ չորս տարի ներառյալ` թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը, մեղմել 2020 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային դրույքաչափերի՝ ՀՀ համար սահմանված արտոնյալ ժամկետի սպառման հետեւանքով նոր դրույքաչափերի կիրառության ազդեցությունը եւ նպաստել ոլորտում գործունեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը:

Այս առնչությամբ, կառավարության պատասխանում նշվում է.

«Օրենսդրական նախաձեռնության հիմքում դրված քաղաքականության վերաբերյալ սկզբունքային առարկություններ չկան:

Միեւնույն ժամանակ, հայտնում ենք, որ նախագծի՝ այս տեսքով ընդունումը խիստ ռիսկային է հարկումից խուսափելու հնարավորությունների ձեւավորման տեսանկյունից: Խնդիրը, մասնավորապես, կայանում է նրանում, որ նախագծի՝ այս տեսքով ընդունման պարագայում ֆիզիկական անձը, որը մտադիր է ավտոմեքենա ներմուծել Հայաստանի Հանրապետություն, սահմանված կարգով կգրանցի որեւէ կազմակերպություն, կներկայացնի կամավորության սկզբունքով ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն եւ առանց ԱԱՀ-ի վճարման Հայաստանի Հանրապետություն կներմուծի ավտոմեքենա, որը կօգտագործվի անձնական նպատակներով:

Ավելին, ներմուծման օրը ներառող հարկային տարվա ավարտից հետո՝ հաջորդ տարվա սկզբին, կազմակերպությունն արդեն կարող է սահմանված կարգով ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարություն, ձեռք բերել հարկման այլընտրանքային եւ, ըստ էության, արտոնյալ համարվող համակարգում գործունեություն իրականացնելու իրավունք եւ առանց հարկեր վճարելու կամ շրջանառության հարկի շատ փոքր գումարներ վճարելով ավտո-մեքենան վաճառել այն ֆիզիկական անձին, որի կողմից այն փաստացի շահագործվում է:

Արյունքում կունենանք մի վիճակ, երբ առանց ԱԱՀ վճարելու Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում ֆիզիկական անձի կողմից շահագործվող ավտոմեքենա: Այս խնդիրը լուծելու եւ առաջարկվող արտոնությունը հասցեական դարձնելու համար առաջարկում ենք նախագծում հստակ ամրագրել, որ արտոնությունը կիրառելի է ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կողմից ներմուծվող միայն այն ավտոմեքենաների մասով, որոնք ներմուծվել են իրացման նպատակով:

Հայտնում ենք նաեւ, որ վերոնշյալ ռիսկերն աշխատանքային կարգով քննարկվել են նաեւ նախագծի հեղինակի հետ եւ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Բացի այդ, հայտնում ենք, որ եթե այդուհանդերձ նախագծի ընդունման պարագայում ավտոմեքենաների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները որոշ դեպքերում շրջանառու ֆինանսական միջոցներ տնտեսելու ավելի լայն հնարավորություններ են ստանալու, ապա հարկ է նկատել, որ այդ ֆինանսական միջոցների օգտագործման այլընտրանքային արժեքը վճարելու է պետությունը, քանի որ հակառակ պարագայում պետությունը կարող էր տնօրինել այդ ռեսուրսները կամ այդ չափով պակաս փոխառու միջոցներ ներգրավել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: