Հայերեն   English   Русский  

Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության նիստը


  
դիտումներ: 176

Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) բազմաշահառու խմբի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Նիստի սկզբում Տիգրան Ավինյանը շնորհավորել է մասնակիցներին հունիսի 18-19-ը Փարիզում կայացած EITI-ի Համաշխարհային համաժողովի ժամանակ նախագահության կողմից մեր երկրին շնորհված մրցանակի կապակցությամբ: Ընդամենը երկուսուկես տարի է ինչ Հայաստանն անդամակցում է EITI-ին, եւ կազմակերպության 52 անդամ-երկրների մեջ նման գնահատանքի արժանանալը մեծ ձեռքբերում եւ, միաժամանակ, հավելյալ պատասխանատվություն է։

Փոխվարչապետը նշել է, որ EITI-ի նպատակը արդյունահանող ճյուղերի թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումն ու լավ կառավարման գործելակերպի ներդրումն ու ամրապնդումն է։ Իսկ ի դեմս EITI-ի բազմաշահառու խմբի, ձեւավորվել է մի հարթակ, որն ապահովում է իրազեկ հանրային բանավեճի իրականացումն ու բոլոր կողմերի համար ընդունելի որոշումների կայացումը: Սա հաշվի առնելով՝ փոխվարչապետը կարեւորել է կառավարության կողմից ոլորտի քաղաքականության եւ իրավական ակտերի մշակման գործընթացում խմբի ակտիվ ներգրավվածության ապահովումը:

Տիգրան Ավինյանն ասել է, որ ներկայումս ակտիվորեն ընթանում են իրական սեփականատերերի բացահայտման համակարգի ստեղծման աշխատանքները։ Մասնավորապես, EITI-ի՝ իրական սեփականատերերի բացահայտման միջգերատեսչական աշխատանքային խումբը կատարում է իրական սեփականատերերի բացահայտումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները:

Նիստի ընթացքում հաստատվել է «Հայաստանյան EITI-ի բազմաշահառու խմբի մոտեցումը պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ» հայեցակարգային փաստաթուղթը, որում ներկայացված են պատասխանատու հանքարդյունաբերության մշակույթի ներդրման տեսանկյունից բազմաշահառու խմբի կողմից առաջադրված գերակա ուղղությունները:

Քննարկվել են նաեւ Հայաստանի EITI-ի առաջին միջազգային վավերացման գործընթացին, EITI-ի 2-րդ ազգային զեկույցի կազմման համար անկախ ադմինիստրատորի ընտրությանը եւ այլ թեմաներին վերաբերող հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: