Հայերեն   English   Русский  

​Անօթևաններին վկայական են տվել և զգուշացրել՝ 4 ամսից անօթևան չեն համարվելու


  
դիտումներ: 217

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում ապրող երկրաշարժից անօթևան ընտանիքների համար 30 տարի անց պետությունը որոշել է բնակարանային խնդիր լուծել:

Մարզից 148 ընտանիք է շահառու ճանաչվել, հայրենի կառավարությունը նրանց առջև բնակարանային ապահովման պարտավորությունը մտադիր է լուծել- ավարտել հաջորդ տարում: Նրանց տրամադրվելու է բնակարանի գնման վկայագիր կամ, եթե շահառուն ունի կիսակառույց շինություն և ցանկություն է հայտնում այն ավարտել որպես բնակելի տուն, ապա նրան կտրվի ֆինանսական աջակցություն:

Առաջին 15 գյուղաբնակները ստացան բնակարանի գնման իրենց վկայականները՝ մարզի Ախուրյան, Հացիկ, Գետք և Քեթի բնակավայրերից: Վկայականները նրանց հանձնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և հույս հայտնեց, որ բոլոր այս ընտանիքները 2020 թվականի Նոր տարին դիմավորելու են նոր բնակարանում:

- Յուրաքանչյուրի համար ֆիքսվել է կորցրած տարածքի և այսօրվա բնակարանային շուկայական արժեքի համամասնության արդյունքում գումարի չափ: Այսօր 15 ընտանիքից միայն մեկն է հրաժարվել ծրագրին մասնակցելուց, մեկ ընտանիք էլ ֆինանսական աջակցություն է ստանալու իր կիսակառույցը ավարտին հասցնելու համար, - հայտնեց Տիգրան Պետրոսյանը:

Տրամադրված վկայագրերով անօթևան ընտանիքը կարող է բնակարան ձեռք բերել մինչև դեկտեմբերի 20-ը, Հանրապետության ցանկացած բնակավայրում, իսկ սահմանված ժամկետի ավարտից հետո ԲԳՎ-ն կկորցնի իր ուժը և բնակարան չգնելու դեպքում տվյալ բնակչի հանդեպ պետության բնակարանային ապահովման պարտավորությունը վերանում է: Այսինքն, բնակիչը դադարում է անօթևան համարվել:
Այս 4 գյուղերի անօթևան բնակիչները թեև ստացան բնակարանի գնման վկայագրեր, բայց տարակուսում են՝ որտեղից և ինչպես սահմանված գումարով գնել բնակարան:

Վարդանուշ Քերոբյանը Հացիկ գյուղի բնակիչ է, 2 սենյականոց բնակարանի համար է վկայագիր ստացել: Տանը բնակվում են 3 անձով՝ ինքը, որդին, հարսը:

- Հացիկում շատ կան տներ, բայց գները թանկ են, քաղաքի գին են դրել: Տեսնենք ինչ կարող ենք անել: Պետք է փորձենք տուն առնել, որ հետո չզրկվենք անօթևանի կարգավիճակից, չնայած չգիտեմ ինչպես, - Անկախ-ի հետ զրույցում ասաց տիկին Վարդանուշը: Երբ հարցրեցինք, թե ուրիշ բնակավայրում արդյոք հետաքրքրվել են ավելի մատչելի բնակարան գնտելու հարցով, նշեց. - Ուրիշ գյուղ ինչպե՞ս գնամ, սաղ կյանքս Հացիկում է անցել:
Վկայագիր ստացող մյուս շահառուները ևս տարակուսում էին՝ որտեղից գնել և նորոգված, ամուր, և հատկացված գումարի սահմանում բնակարան, քանի որ իրենք չեն կարող գումար ավելացնել:
Ըստ վկայագրի՝
1 սենյականոց բնակարանի համար հատկացվում է 3 մլն 548 հազար դրամ,
2 սենյականոց բնակարանի համար՝ 4 մլն 336 հազար դրամ,
3 սենյականոց բնակարանի համար՝ 5 մլն 125 հազար դրամ,
4 սենյականոց բնակարանի համար՝ 5 մլն 913 հազար դրամ:
Ընդհանուր հաշվով կառավարություն ԲԳՎ ծրագրի այս փուլում Շիրակի մարզին հատկացրել է 75 մլն դրամ:

- Գումարը հաշվարկվել է կադաստրի կողմից հրապարակված տեղեկատվության հիման վրա՝ տվյալ բնակավայրում միջին շուկայական արժեքի հաշվով՝ 1 քմ-ի համար: Այս տարի ավելի լավ գին է ընտրվել գյուղական բնակավայրերի համար. վերցվել է Արթիկ և Գյումրի քաղաքների շուկայական միջին արժեքների միջինը: Այսինքն, Գյումրիում և Արթիկում ավելի բարձր գին ունեն բնակարանները, քան գյուղերում, - ասում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Բնակարանի գնման վկայագիր վերջին անգամ Շիրակի մարզի անօթևաններին հատկացվել էր 2016 թվականին, այն ժամանակ էլ շատերը դժգոհում էին հատկացված գումարի չափից, բայց շուրջ 530 շահառուից միայն 70-ը բնակարան չէր գնել:

- 70-ից ոչ բոլորն էին գումարի պատճառով վերադարձրել վկայականները, բնակարան ձեռք չբերելու համար տարբեր խնդիրներ են եղել, - մանրամասնում է Ալբերտ Մարգարյանը:
Մի խնդիր էլ կա՝ ոչ բոլոր գյուղերում են առկա վաճառքի ենթակա բնակարաններ, օրինակ Մարմաշենում վաճառվում է մեկ բնակարան, իսկ վկայագիր է ստանալու 15 շահառու: Ինչպես նշում է մարզպետարանի ներկայացուցիչը, այս խնդիրն առկա է Հանրապետության բոլոր գյուղական բնակավայրերում:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: