Հայերեն   English   Русский  

​Յուրաքանչյուր իտալացի, որը մեկ անգամ լինում է Հայաստանում, անպայման վերադառնում է, քանի որ Հայաստանը կախարդում է. Վինչենցո դել Մոնակո


  
դիտումներ: 239

Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2019-2020 թթ. համերգաշրջանի բացման համերգին կներկայացնի յուրօրինակ իտալական ծրագիր:

ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Իտալահայկական երեկո: Համերգի ընթացքում ՀՊԿՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգա դիրիժոր Մարիո Լեոտտայի (Իտալիա) ղեկավարությամբ:

Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին նախաձեռնության հեղինակներն ու մասնակիցները:

«Երեկոն միայն երաժշտական չէ: Ուստի նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանի հետ ընտրել ենք «Նոտաներ և տեսիլքներ» վերնագիրը: Հայ և իտալացի ստեղծագործողների հետ ներկայացնելու ենք իտալական մշակույթը, առաջարկելու ենք ձեզ մի համերգ, որից բավականություն եք ստանալու»,- նշեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:

Նա հիշեցրեց, որ հաճախ է խոսվում հայ և իտալացի ժողովուրդների նմանությունների` հնագույն և հարուստ մշակութային ժառանգություն ունենալու մասին: «Իրապես այդպես է: Դա է փաստում նաև երկու երկրների միջև մշակութային ամուր կապը, որին նպաստում է նաև մեր դեսպանությունը: Մենք բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպում` ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, տեսողական արվեստի ցուցադրություններ և այլն, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ մեր ժառանգությանը»,-ընդգծեց դեսպանը:

Վինչենցո դել Մոնակոն շեշտեց, որ յուրաքանչյուր իտալացի, որը մեկ անգամ լինում է Հայաստանում, անպայման վերադառնում է, քանի որ Հայաստանը կախարդում է:

Հայաստանի կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը հավաստիացրեց, որ արվեստասերներին հետաքրքիր երեկո է սպասում: Նա ասաց, որ ոչ միայն նվագախումբն ընտրել և մշակել համերգի ծրագիրը, այլև առաջարկներ են արել և՛ դիրիժորը, և՛ մենակատարները:

Դիրիժոր Մարիո Լեոտտան իտալական օպերայի հավատարիմ ծառան է։ «Իհարկե, ես սիրում եմ նաև սիմֆոնիկ երաժշտություն, սակայն սիրտս օպերային է պատկանում։ Այստեղ Վերդիի, Ռոսինիի, Պուչինիի երաժշտությամբ և արիաներով կարելի է մարդկային բոլոր հույզերը փոխանցել այնպես, ինչպես հնարավոր չէ ոչ մի այլ ձևով»,–խոստովանում է նա։

Դիրիժոր Մարիո Լեոտան, անդրադառնալով նվագախմբի հետ աշխատանքին, նշեց, որ երկու օր է, ինչ փորձեր են իրականացնում, և ինքը տեսնում է, որ նվագախմբում պատասխանատու, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող երաժիշտներ են ընդգրկված:

Ժամանակին, ավելացրեց Լեոտտան, իրեն պատիվ է վիճակվել աշխատելու ժամանակակից բացառիկ դիրիժորներից մեկի` մաեստրո Կլաուդիո Աբադոյի մոտ։ Նրա ղեկավարության տակ Լեոտտան նվագախմբում ալտ է նվագել։ Նա ստեղծագործական երեկոներ է ունեցել նաև այլ հիասքանչ դիրիժորների հետ՝ Ռիկարդո Մուտիի (որը ղեկավարում էր Լոնդոնի ֆիլհարմոնիան, այնուհետև գրեթե 20 տարի` «Լա Սկալա» թատրոնը) և Դոնատո Ռենցետիի։ Աշխատել է նաև էստոնացի դիրիժոր Պաավո Յարվիի հետ, որին համարում է նորագույն ժամանակի լավագույն դիրիժորներից մեկը։

Ամբողջ երեկոյի ընթացքում տեսաէկրաններին կցուցադրվի նաև թվային ինստալացիա, որի հեղինակն է իտալացի արվեստագետ Ֆրանց Չերամին:

Նկարիչ Ֆրանց Չերամիի համար, ինչպես և ցանկացած նեապոլիտանացու, Հայաստանն այդքան էլ օտար չէ։ Չէ՞ որ քաղաքի հնագույն վանքերից մեկը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Չերեմին այս վանքն արդեն պատկերել է հարազատ քաղաքին նվիրված իր աշխատանքներում։

Այդ աշխատանքը կոչվում էր «Հավկիթներն ու գանգերը»։ Գանգերը՝ որպես հեթանոսական և քրիստոնեական մշակույթի խորհրդանիշ, որով հագեցած է Նեապոլը։ Իսկ հավկիթը կապված է մեծն պոետ Վերգիլիոսի հետ, որը պյութագորասցիների առեղծվածային ուսմունքի կողմնակիցն էր։ Նեապոլի հնագույն դղյակներից (որը մնացել էր դեռ հունական ժամանակներից) մեկի ստորգետնյա անցումներում Վերգիլիոսը հավկիթներ էր դրել (այն փիլիսոփայական ձուն է, որը դարեր անց դարձավ ալքիմիայի խորհրդանիշ)։ Լեգենդի համաձայն՝ այս խորհրդանիշը քաղաքի զարգացման գրավականն էր։

«Այդ աշխատանքում պատկերել եմ Նեապոլի բոլոր կարևորագույն վայրերը, այդ թվում, իհարկե, Գրիգոր Լուսավորչի տաճարը»,–ավելացրեց Չերամին։

Դժվար չէ պատկերացնել, որ նա Հայաստան է գալիս այնպես, ինչպես հարազատ վայր կայցելեր։ Երևանը գերել է նրան իր էներգետիկայով։ Ամբողջ քաղաքով նա գունավոր թվային ինստալյացիաներ կտեղադրի. մեկը՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, մյուսը` Իտալիայի դեսպանատան, ևս մեկը` Արցախի պողոտայում։ Այստեղ կարծես թե առանձնապես նայելու բան չկա։ Ժամանակին այստեղ արդյունաբերական գոտին էր սկիզբ առնում, իսկ այսօր դատարկություն է։ Նույնիսկ Երևանի նման անվտանգ քաղաքում տեղի բնակիչները ձգտում են չզբոսնել կեսգիշերն անց։ Սակայն նկարիչների համար, ինչպես հայտնի է, օրենք գոյություն չունի:

«Մենք ծանոթ հայ նկարիչներ Զարեի և Տիգրանի հետ զբոսնել ենք այստեղ նաև առավոտյան ժամը 5-ին։ Եվ ես ասացի նրանց` տեսեք, թե ինչպես կարող են այստեղ լուսավորվել քարերը։ Եվ մենք որոշեցինք այդ ինստալյացիան անվանել «կախարդական քար»։ Ե՛վ այստեղ, և՛ ամբողջ Երևանում պարզապես զարմանալի էներգետիկա կա»,-ավելացրեց նա։

Նշենք, որ համերգի ժամանակ կհնչեն հատվածներ օպերային դասական ստեղծագործություններից (Վերդի և Ռոսինի), ինչպես նաև բոլորի կողմից սիրված ժամանակակից կոմպոզիտորներ Էնիո Մարիկոնեից և Նինո Ռոտայից։ Կհնչի նաև Աստոր Պյացոլայի երաժշտությունը (չէ՞ որ արգենտինացիներին շատ հոգեհարազատ են իտալացիները, իսկ Պյացոլան նաև իտալացի ներգաղթյալների որդի էր)։

Իտալա-հայկական երեկոն իրականացվում է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: