Հայերեն   English   Русский  

​Աշոտ Ղուլյանն ընդունել է ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը


  
դիտումներ: 396

Սեպտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ:

Խորհրդարանականներն Արցախ են ժամանել սեպտեմբերի 8-ին հանրապետությունում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանի պատգամավորների՝ Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու պատրաստակամությունը՝ այն համարելով երկու խորհրդարանների միջև համագործակցության գործնական դրսևորում: Կարևորելով ՏԻՄ ընտրությունների անցկացումը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախը վճռական է ժողովրդավարական ճանապարհով իշխանությունների ձևավորման հարցում թե՛ տեղական, թե՛ համապետական մակարդակում:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հավաստել է պատվիրակության՝ հանրապետության ողջ տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրական գործընթացների ուղղությամբ փորձի փոխանակման պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ընտրական և տեղական ինքնակառավարման օրենսդրության կարգավորումներին և երկու խորհրդարանների պետաիրավական հանձնաժողովների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: