Հայերեն   English   Русский  

Աղբահանության խնդիրն արդեն լուծված է. Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ համայնքային հիմնարկ է ստեղծվել


  
դիտումներ: 65

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ մայրաքաղաքում աղբահանության խնդիրն արդեն լուծված է:

«Ես չեմ ասում աղբը հավաքված է, որովհետև այս պահին քաղաքում կան «Սանիթեքի» կողմից կուտակված աղբակույտեր: Ստեղծվել է համայնքային հիմնարկը, որը արագ տեմպերով կլրացնի այդ բացը և մենք կմտնենք բնականոն կյանք: «Սանիթեքը» պայմանագիրը ստորագրելուց 14 ամիս հետո նոր սկսել է աշխատել, իսկ մենք 5 մեքենա ձեռք բերելուց հետո սկսել ենք աշխատել: Ես թույլ չեմ տա, որ այլևս Երևան քաղաքն առնչվի այսպիսի խնդրի: Ես հիմա այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը, երբևիցե այս խնդիրը երևանցիները չունենան»,-ասաց Մարությանը:

Անդրադառնալով իր հրաժարականի մասին մամուլի տեղեկություններին՝ Մարուքյանը հերքեց դրանք:

«Մենք նոր ենք սկսել, ինչ հրաժարականի մասին է խոսքը: Ես ուղղակի կխնդրեմ, որ դուք դեղին մամուլը հանեք ձեր մակարդակի, ոչ թե հակառակ պրոցեսը լինի: Ինչի՞ մասին է խոսքը: Մենք 6500 քմ մեր մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, մենք երկու մլրդ դրամով ավելացրել ենք մեր բյուջեն: Մենք հետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերները, անօրինական սեփականաշնորհումները: Մենք մեծ կառուցապատում ենք սկսում, մեծ պլաններ ունենք: Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը: Երևանի քաղաքապետարանը գրեթե տեխնիկա չի ունեցել, իսկ այսօր ունի այնքան տեխնիկայի պաշար, որ կարողանանք անկախ լինել, կարողանանք իրագործել մեր առջև դրված խնդիրները: Այսքանն անելու հետ մեկտեղ ինչպե՞ս կարող է մարդ մտածել հրաժարականի մասին: Հրաժարական տամ, որ այլևս մանկապարտեզների տարածքները հետ չբերե՞մ»,-հայտարարեց Մարությանը:

Խոսելով Սանիթեք ընկերության աշխատակիցների բողոքի ակցիայի մասին՝ Մարուքյանը նշեց, որ տարվա ընթացքում բարբերաբար ՄԻՊ-ից ստանում էին նամակներ, որտեղ «Սանիթեքի» աշխատակիցները բողոքում են, որ «Սանիթեքը» չի տալիս իրենց աշխատավարձը, չեն անում վերջնահաշվարկը:

Մարությանը նշեց, որ այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքի ակցիան, որոնք պահանջում են իրենց աշխատավարձը, ամենայն հավանականությամբ, ուղղորդված միջոցառում է. «Մեր աշխատակիցները նրանց հարց են տվել, թե ընդհանրապես, դուք երբ եք ստանում աշխատավարձը եւ պատասխանը եղել է՝ ամսի 5-ից հետո: Այսօր ամսի 10-ն է: Երեւի «Սանիթեքի» կողմից է ուղղորդվում, այսինքն իրենք փորձում են իրենց խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա: Մենք մենակ չենք թողնի «Սանիթեքի» աշխատակիցներին, իրավաբանական օգնություն կցուցաբերենք: Բայց այն, ինչ փորձում է ասել «Սանիթեքը», թե քաղաքապետարանը փողը չի տվել, դրա համար աշխատավարձ չեն տալիս, ուզում եմ ասել, որ ընդհանուր գումարի 9 տոկոսի չափով են եղել տուգանքները»,-ասաց քաղաքապետը:

Նա ընդգծեց, որ սանմաքրման համայնքային հիմնարկը աշխատակիցների համալրման փուլում է և մարդիկ կարող են դիմել:

Հայկ Մարությանն ասաց, որ «Սանիթեքին» տրվելիք 3.3 մլրդ դրամից 9 տոկոսի չափով տուգանքներ են պահվել:

«Հիմա իրավական պրոցես է գնում: «Սանիթեքը» միջազգային ընկերություն է, մեկ օրվա բան չի հարցերի լուծումը»,-ասաց նա, իսկ դիտարկմանը, թե «Սանիթեքը» սպառնում է արբիտրաժով, Հայկ Մարությանը նկատեց. «Մենք այնքան ճիշտ ու հստակ գործողություններով ենք առաջ գնացել, որ ընդհանրապես որեւէ մտավախություն չունենք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: