Հայերեն   English   Русский  

Ալի Բաբաջան. «Նոր կուսակցությունը ցանկանում ենք հիմնել մինչև 2020թ.»


  
դիտումներ: 126

Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) շարքերը լքելուց հետո առաջին անգամ նոր կուսակցության ստեղծման մասին մանրամասներ է ներկայացրել, ինչպես նաև խոսել է Թուրքիայի համար օրակարգային մի շարք հարցերից:

Թուրքական «Karar» պարբերականին տված հարցազրույցում խոսելով ԱԶԿ-ից դուրս գալու և նոր կուսակցություն հիմնելու հիմնական պատճառների մասին՝ նա նշել է, որ ԱԶԿ-ն հեռացել է իր հիմնական սկզբունքներից: Իսկ այդ սկզբունքային հարցերը կապված են արդարադատություն հաստատելու, գործն արհեստավարժ մասնագետներին վստահելու, որոշումները խորհրդակցությամբ ընդունելու, հաստատությունների հեղինակությունը պաշտպանելու և թափանցիկություն ապահովելու հետ: Ըստ Բաբաջանի՝ հենց այս սկզբունքներից հեռանալն է Թուրքիայի ներկայիս վիճակի և առաջացած խնդիրների հիմնական պատճառը:

Նախկին արտգործնախարարը, կուսակցության հիմնադրման ժամկետներին անդրադառնալով, նշել է, որ ցանկություն կա մինչև 2020թ. կուսակցությունը պաշտոնապես գրանցել, իսկ մինչ այդ մեծ խմբով աշխատում են քաղաքական շրջանակների հետ և այդ խմբով փորձում ձևավորել կուսակցության տեսլականը:

Բաբաջանը խոսել է կուսակցաստեղծման աշխատանքներում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի ներգրավվածության և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ հնարավոր համագործակցության մասին:

Նշենք, որ Գյուլը թուրքական մամուլում ներկայացվում է որպես նոր կուսակցության հիմնական ճարտարապետ, իսկ Դավութօղլուի շուրջ խոսակցությունները մերթ նրան կապում են Բաբաջան-Գյուլ երկյակի հետ, մերթ գրում են առանձին կուսակցություն բացելու մտադրությունների մասին: Բաբաջանը հստակություն է մտցրել նաև այս հարցերում:

Նախ նախագահ Գյուլի ներգրավվածության մասին խոսելիս նա նշել է, որ նախկին նախագահն ամբողջապես աջակցում է իրենց, նրա հետ ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ հանդիպում է լինում փորձի փոխանակման նպատակով: Բաբաջանի խոսքերով՝ Գյուլը նախագահի պաշտոնից հեռանալիս հայտարարել էր, որ ակտիվ քաղաքականություն չի վերադառնալու և ճիշտ չի համարում «չեզոք նախագահի պաշտոնից» հետո ներգրավվել կուսակցական գործունեության մեջ:

Անդրադառնալով Դավութօղլուի հարցին՝ Բաբաջանը նշել է, որ քաղաքականության մեջ իրենց առաջնահերությունները, մեթոդները և ոճերը տարբեր են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: