Հայերեն   English   Русский  

​Հաջակցություն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին. 30 տարվա ընթացքում նա միակ հեղափոխական ղեկավարն է


Վահան Իշխանյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 810

Թեև և Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը Իմ քայլը դաշինքն են գլխավորում, այսուհանդերձ այս երկու հաստատությունները գաղափարական տարբեր ուղղությունների վրա են.

Կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է նախկին իշխանությունների նեոլիբերալ քաղաքականությունը, այսինքն, երկրի տնտեսության մեջ պետության դերը նվազեցնելը ու մասնավորեցման գարծընթացը, որպես օրինակ՝ բանակում սննդի կազմակերպման մասնավորեցումը, իսկ Ազգային ժողովում էլ մաքրությունը կազմակերպելու մասնավորեցումը, ապա նաև Թեղուտի վերաշահագործումը մեկ այլ մասնավոր ընկերության տալը և մասնավոր ընեկությանը Ամուլսարի շահագործումը թույլատրելը։

Երևանի քաղաքապետարանը հանձին Հայկ Մարությանի անում է ճիշտ հակառակը՝ Երևանի աղբահանությունը մասնավոր Սանիտեկի ձեռքից վերցնում է, ստեղծել է համայնքային(պետական) աղբահանության հիմնարկ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում», որ ամբողջ Երևանի մաքրությությունը ապահովի:
Հայկ Մարությանը նաև ծրագրում է Երևանի տրանսպորտն էլ մասնավոր գծատերերի ձեռքից առնել, և ամբողջ դարձնել համայնքային կառավարման(որ ավելի պարզ լինի պետական)։

Մի քանի ամիս առաջ հայտարարել է. «Հանրային տրանսպորտն այս պահին 90 տոկոսով պատկանում է մասնավորին։ Դեմ եմ այդ սխեմային, քանի որ այն մեծամասամբ պետք է կառավրի պետությունը, համայնքը»։
Եթե իրականում հեղափոխական քայլեր լինում են, ապա այդ հեղափոխությունը անում է միայն Հայկ Մարությանը. Ինչպե՞ս.

Սովետի փլուզումը լիբերալ հեղափոխություն էր, այսինքն ընկերային(սոցիալիստական) տնտեսական համակարգը հեղափոխվում էր ազատականի(լիբերալի), պետականը՝ մասնավորի։ Ինչքան Սովետական միությունն էր ծայրահեղ պետական կառավարման մեջ՝ այսինքն թույլ չէր տալիս մասնավոր ձեռներեցությունը, այնքան էլ Հայաստանում իշխանության եկած ՀՀՇ֊ն էր ծայրահեղ նեոլիբերալ, որ արագորեն մասնավորեցնում էր ամեն ինչ՝ կինոթատրոնների ու մանկապարտեզների շենքերից մինչև խոշոր գործարաններ, նաև տրանսպորտի գծեր։ ՀՀՇ֊ին փոխարինած հանրապետականը նույն նեոլիբերալն էր, որ շարունակում էր մասնավորեցումը, որի արտահայտություններից մեկն էր Երևանի աղբահանությունը մասնավոր Սանիտեկին հանձնելը։
Այս քաղաքականությունն էլ հանգեցրեց տնտեսական խորը ճգնաժամի, բնակչության մեծ մասի աղքատացմանը, և շատ փոքր մասի հարստացմանը։ 30 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր ընդդիմությունները որևէ գաղափարախոսական տարբերություն չեն ունցել իշխանությունների հետ, բոլորը եղել են լիբերալ, ոչ թե քննադատել են սեփականշնորհումն ընդաննարպես, այլ նրա մեջ սխալները։ Բացառություն էին կոմունիստները, որ չբարենորոգելով իրենց ծրագրերը, գնալով մարեցին։

Իհարկե, սեփականշանորհումների մեջ էլ տարբերություններ կային, ՀՀՇ֊ականը իսկը թալան էր, երբ գործարանները յուրացնում կտրտում ծախում էին։ Այսուհանդերձ, խնդիրը միայն սեփականաշնորհման արդյունավետության մեջ չի, այլ գաղափարախոսության, որ փոխում է հասարակության դեմը։
Այո լիբերալիզմը ոչ միայն սոսկ տնտեսական համակարգ է, այլև եսասիրություն(էգոիզմ) տարածող գաղափարախոսություն՝ մերժում է համայնական, ընկերային գիտակցությունը, և խրախուսում է անձնական շահը, որ հանգեցնում է ուրիշներին տրորելով հարստանալու մոլուցքին։ Մեր օրերի լիբերալիզմի խորհդանշն է այդ եսասիրությամբ մուլտի միլիոնատերեր դարձած Գագիկ Ծառուկյանի և Խաչիկ Սուքիասյանի զավակների թանկանոց հարսանիքը, որտեղ երգող Մելաձեի գինը մի քանի գյուղական համայնքի զարգաղման ծրագիր կարժենար։
Իսկ մանավանդ, պատերազմող երկրում, ուր առավել անհրաժեշտ է ընկերային գիտակցությունը, լիբերալիզմը֊էգոիզմը աղետաբեր է։

2018֊ի հեղափոխությունն էլ այդ ընդդիմադիր ավանդույթի շարքից էր՝ որ իշխանությանը ոչ թե գաղափարախոսությամբ էր հակադրվում այլ բարոյախոսությամբ՝ մենք ազնիվ ենք նրանք կոռումպացված, մենք ավելի ազնիվ կմասնավորեցնենք, մրցույթները ազնիվ կանենք և այլն։
Սակայն պատահականորեն հեղափոխությանը միացած, կոմիկ դերասան Հայկ Մարությանը դառնալով քաղաքապետ, սկսեց արմատականորեն այլ քաղաքականություն տանել։ Որտեղի՞ց այս համատարած ազատական մթնոլորտում Մարությանի հեղափոխական գաղափարները։ Կարծում եմ Չեխիայի հետ նրա կապերից և Չեխիայի փորձին ծանոթանալուց։
Ճիշտ է, մասնավոր Սանիտեկից ազատվելու նրա քայլերն էլ էին այնպես չհաշվաչրկված, որ քաղաքը աղբի մեջ ողոողվեց։ Սակայն այս այն դեպքն է որ տեսնելով հեռանկարը, կարելի է նրա քայլերը անփորձությանը վերագրել և հավատով սպասել որ համայնքային նոր ստեղծված հիմնարկը արդյունավետորեն կազմակերպելու է Երևանի մաքրությունը։

Հիմա Քվեբեկում եմ, որ աշխարհի ամենակապիտալիստական երկներից մեկի նահանգն է։ Բայց Քվեբեկը Հայաստանից հազար անգամ ընկերային է, ամբողջ էներգոհամակարգը՝ Հիդրոքվեբեկը պետական է, որ նույնիսկ Նյու Յորքին էներգիա է վաճառում, և Քվեբեկի բյուջե մի քանի միլիրադ դոլար է բերում։ Բայց ոչ միայն Հիդրոքվեբեկը, Քվեբեկում պետական են վիճակախաղը, ալկոհոլային խանութների ցանցը՝ SAQ֊ը, էլի լիքը ձեռնարկություններ՝ էլ չասած աղբահանություն ու տրանսպորտ։ Հա, նաև կենսաթոշակային ֆոնդը, որ Հայաստանում Փաշինյանը մասնավորին տվեց բվերջնականորեն։

Այս պետական ձեռնարկություների շնորհիվ էլ Հյուսիսային Ամերիկայում միայն Քվեբեկում են քոլեջները անվճար, իսկ բարձրագույն կրթությունն էլ մի քանի անգամ էժան, որ մատչելի է բոլորին, իսկ ովքեր էլ շատ ն նեղվում պետությունը կրթաթոշակ է տալիս, ու բազմաթիվ ընկերային ծրագրեր։
Վստահ եմ, որ եթե Հայկ Մարությանը լիներ վարչապետ, Ամուլսարի խնդիրը արագ կլուծեր հեռացնելով Լիդիանին, իսկ հանքարդյունաբերությունն էլ ընդհանրապես կտեղափոխեր պետական կառավարման(միայն Ամուլսարի հաշվարկով՝ ինչ որ անհատներ Հայաստանից տանելու են 6-7 միլիարդ դոլարի ոսկի, փոխարենը մուծեն տարեկան 50 միլիոն դոլար՝ 10տարում 500 մլիոն դոլար, այսիքն 500միլիոնով առնեն 7միլիարդ։ Եթե այս նույն հանքը շահագործեր պետությունը այդ 6-7միլարդ դոլարը կմտներ երկրի բյուջե)։

Այժմ էլ քանի որ Փաշինյանի կառավարության դեմ ընդդիմադիր դրսևորումները գաղափարախոսական չեն, ընդդիմադիրները ճգնում են ինչ որ հակադրվելու բաներ գտնել, ու բռնացնում են Ստամբուլյան կոնվենցիայից ու նման բաներից։ Ստամբուլյան կոնվենցիան անցնի կամ չանցնի, մարդուն չի կշտացնում, չի օգնում նրա կրթության ու առողջական ծախսերը հոգալ և երկիրը շարունակում է խորանալ անհավասրության ու անարդարության մեջ։
Այս կառավարության նկատմամբ ընդդիամդիր կեցվածքը կլիներ Մելաձեյի տափակ ու թանգանոց երգի տակ վարչապետի ու ԱԺ֊ փոխնախարարի տրտինգ տալը քննադատելը, և ոչ թե Ստամբույլան կոնվենցիան։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռ ապրիլին լսելով Մարությանի ծրագրերը, սարսափեց. «Պետական հիմնարկ որ աղբահանություն է իրականացնելու, շատ վտանգավոր գաղափար ա։ Պետականը երդվեմ որ ավելի վատ ա լինելու»։։
Այսօր արդեն հաղորդագրություն տարածվեց որ քաղաքապետարանը ստեղծել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկը։ Արձանագրենք, դեռևս միակ բանը որ ստեղծել է նոր իշխանությունը։

Ուրեմն, պետք է աջակցել Հայկ Մարությանին որ 30տարի իշխող թյուրիմացությունը թե պետական կառավարումը «վտանգավոր գաղափար ա» կրկին չհաղթահարի ու մաղթել որ նրա ստեղծած ու ստեղծվելիք պետական հիմնարկները օրինակ դառնան ապագա պետական տնտեսական այլ հաստատությունների համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: