Հայերեն   English   Русский  

Էրդողանի կուսակցությունն այլևս երկրի առաջատար կուսակցությունը չէ Էրդողանի կուսակցությունն այլևս երկրի առաջատար կուսակցությունը չէ


  
դիտումներ: 143

Հայտնի են դարձել Թուրքական «Avrasya» սոցիոլոգիական հետազոտությունների ընկերության կողմից Թուրքիայի քաղաքական կուսակցությունների հանրային վարկանիշի վերաբերյալ կատարված վերջին հետազոտության արդյունքները։

Ըստ այդմ՝ երկար տարիների դադարից հետո ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) առաջին անգամ դարձել է երկրի առաջատար կուսակցությունը։ Երկրորդ տեղում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ-AKP) է, երրորդում՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP)։ Իսկ ԱԶԿ-ԱՇԿ դաշինքով ստեղծված «Cumhur» միությունը վայելում է ընտրողների 43-45 տոկոսի աջակցությունը։

Արձանագրվել է նաև, որ ԱԶԿ-ն ժամանակի ընթացքում աստիճանաբար կորցնում է իր ընտրողներին, վերջիններս առավել հաճախ իշխող կուսակցության փոխարեն ընտրում են ԱՇԿ-ին կամ ընդդիմադիր կուսակցություններին։

Ըստ «Avrasya»-ի տնօրեն Քեմալ Օզքիրազի՝ իշխող կուսակցությունը ընտրողներին կորցնում է հետևյալ պատճառներով․ հանրության շրջանում տարածված այն համոզմունքը, որ կոռուպցիան և երկրում իշխող տնտեսական ճգնաժամը փոխկապված են, դատաիրավական ոլորտի խնդիրները, փախստականների հիմնախնդիրը, գործազրկությունը, Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները և դրանց անարդարության մասին ժողովրդի մեջ տարածված համոզմունքը։

Օզքիրազի խոսքով՝ հանրության միայն 40 տոկոսն է աջակցում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողություններին։ Նա նշել է նաև, որ Թուրքիայում առաջիկայում ստեղծվելիք նոր քաղաքական կուսակցությունները ևս զգալիորեն կարող են նոսրացնել ԱԶԿ-ի ընտրողների շարքերը։ Ընդ որում՝ այս հետազոտության ընթացքում բավական մեծ թիվ են կազմել չկողմնորոշված ընտրողները։ Նրանք, ըստ Օզքիրազի, հենց ԱԶԿ-ի ընտրողներն են և սպասում են նոր քաղաքական գոյացումներին։ Եթե նոր կուսակցությունները հաջող մեկնարկ ունենան, ապա իշխող կուսակցության աջակիցների թվում ավելի կտրուկ անկում կարող է գրանցվել։

Նշենք, որ «Avrasya» հետազոտական ընկերությունը ամենից ճիշտ էր կանխատեսել հունիսի 23-ի ստամբուլյան ընտրությունների արդյունքները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: