Հայերեն   English   Русский  

Կոտայքի մարզում միանգամից երեք համայնք կունենա մանկապարտեզ


  
դիտումներ: 97

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցի շրջանակում մարզի Գեղաշեն, Արամուս և Մայակովսկի համայնքներում էր:

Այս համայնքներից երկուսը (Գեղաշեն և Արամուս) Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019թ-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կունենան նոր մանկապարտեզներ, իսկ Մայակովսկի համայնքի մանկապարտեզը վերանորոգվում է Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով:

Մարզպետի առաջին կանգառը Գեղաշեն համայնքում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցվելու է ամբողջովին նոր մանկապարտեզ: Այստեղ արդեն վաղը մեկնարկելու են հողային աշխատանքները: Ծրագրի արժեքն է 179.071.700 դր, որից համայնքի ներդրումը` 10%, պայմանագիրը կնքման փուլում է:

Մանկապարտեզը նախատեսված է շուրջ 140 երեխայի համար: Հիշեցնենք, որ Գեղաշենում, սուբվենցիոն ծրագրի շրջանակում արդեն իսկ կառուցվել է խմելու ջրի 2 ջրագիծ` 3.890.000 և 12.499.980 դր արժողությամբ:

Մարզպետի հաջորդ կանգառը Արամուս համայնքում էր: Այս համայնքն ունենալու է մոտ 1.750 ք/մ ընդհանուր մակերեսով մանկապարտեզ, որը նախատեսված է 6 խմբերի համար: Արամուսում շուրջ 150 փոքրիկներ կհաճախեն ժամանակակից նախադպրոցական հաստատություն։ 467մլն դր ընդհանուր ծրագրային արժեքով` ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 200մլն դր արժեքով սուբվենցիոն հայտը։

Մանկապարտեզը կառուցվելու է դպրոցամերձ հատվածում, իսկ վաղը շինարարությունն իրականացնող ընկերության ընտրության մրցույթն է հայտարարվելու։

Մարզպետի վերջին կանգառը Մայակովսկի համայնքում էր: Այստեղ արդեն Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով վերանորոգվում է համայնքի մանկապարտեզը, որի շենքը երկար տարիներ կիսախարխուլ վիճակում էր:

Հիմնանորոգվում է մի ամբողջ մասնաշենք, իսկ ճաշարանային հատվածը համայնքի միջոցներով արդեն նոյեմբեր ամսին պատրաստ կլինի շահագործման: Պայմանագրի արժեքն է 26.790.000 դր, համայնքի ներդրումը՝ 3.550.000դր: Կոտայքի մարզպետի այցերը տարբեր համայնքներ շարունակվում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: