Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովում «Պողոսին» փոխեցին «տատիկով»


  
դիտումներ: 94

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրինագիծը ներկայացրեց Անշարժ գույքի կադաստրի պետ Սարհատ Պետրոսյանը:

Նա նշեց, որ 51 հազար գույք է գնահատվել շուկայի գնահատողների կողմից, համադրվել է կադաստրային բազայում գտնվող տվյալների հետ և այդ վերլուծության հիման վրա են որոշվելու գոտիները:

«Այսինքն մենք արհեստականորեն հիմք չենք ընդունել վարչական շրջանների սահմանները, այնտեղ կան փաստական տվյալներ և դրանք բազմաթիվ գույքերի դեպքում՝ ստուգվել են, կարծում եմ՝ այստեղ խնդիր չկա: Եթե խնդիրներ լինեն, կարող ենք ուղղել»,-ասաց նա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց. «Ասենք տատիկի անունով գրանցված է տունը, գույքահարկը բարձրացնում ենք: Դուք ասում եք՝ գույքահարկը կհաշվարկվի, բայց ինքը չի վճարի, և երբ գա վաճառքի ժամանակը, նոր այդ արժեքից կհանվի, կգնա պետական բյուջե: Այսինքն այդ ընթացքում տատիկի վրա բեռը կախվելու է ու ասենք չի էլ օտարվելու: Ի՞նչ է լինելու, տատիկի իրավահաջո՞րդն է գալու: Այսինքն եթե նախկինում ունեինք «Պողոս» հասկացություն, հիմա մտցնում ենք «տատիկ» հասկացությունը: Տատիկի համար դժվար օրեր են սպասվելու հոգեբանորեն, առանց այդ էլ տատիկը թոշակառու է: Մի հատ էլ էդ բեռն ավելացնենք, տատիկը այդ պարտքով գնա էն աշխարհ»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կատակեց. «Դա Պողոսի տատիկն ա»:

Սարհատ Պետրոսյանն արձագանքելով Միքայել Մելքումյանին, ասաց. «Այսօր բոլոր տատիկները և բոլոր անշարժ գույքի հարկը տալիս ենք ծիծաղելի գներով: Մենք ենթադրում ենք, որ ավելացումը կարող է լինել 2 անգամ: Եթե տատիկն այսօր Երևանի կենտրոնում տարեկան վճարում է 25 հազար դրամ, վճարելու է 50 հազար դրամ: Եթե այդ 50 հազար դրամը գույքին կպցնենք, պատկերացրեք, թե քանի տարի այդ 50 հազարները պետք է հավաքվեն, որ վերջում տատիկի գույքից բան չմնա: Մենք գործիք ենք մտածում, բայց մենք կարող ենք այլ լուծումներ էլ գտնել, ասենք թոշակառուներին չհարկել, բայց դրանք համայնքային լիազորություններ են: Հիշեցնեմ, որ այս հարկը գնում է համայնքային բյուջե, այնպես որ համայնքները բազմաթիվ ռիսկեր կարող են նվազեցնել իրենց տրված լիազորությունների շրջանակում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: