Հայերեն   English   Русский  

Ջերմուկում եթե բախումներ լինեն, կանգնելու եմ ջերմուկցու ու ոստիկանի մեջտեղում. Սոֆյա Հովսեփյան


  
դիտումներ: 113

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով արդարադատության համակարգում կատարված և կատարվելիք փոփոխություններին, ասաց, որ շատ կուզեր, որ վեթինգ ասվածը իրապես կիրառվեր, սակայն որևէ կերպ այն չի կիրառվել:

«Շատերն իրենց կամքով դուրս եկան՝ լավ հասկանալով, թե ինչ ընթացքով են ընթացել, այսօր փաստը ցույց է տալիս, որ ինչպես հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում, այնպես էլ այսօր դատական համակարգի վրա երբևէ ճնշում չի գործադրվել»,-ասաց նա:

Սոֆյա Հովսեփյանը հերքեց տեղեկությունները, թե ինքը դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից և այդ մասին հայտարարել է ասուլիսում. «Ուզում եմ այդ հարցին ընթացք տալ: Ես տեսա, որ իմ մասին են կեղծ լուրեր տարածել, մեր մյուս պատգամավորների մասին, որ խմբով ենք դուրս եկել: Դրանից հետո գրել են, որ պարոն Վանեցյանն է դիմում գրել, որ դուրս գա աշխատանքից: Սրանք հատուկ նպատակաուղղված քայլեր են: Հույս ունեմ, որ ժամանակ կունենամ դրան տրամադրելու, որ դաշտը մաքրենք կեղծ ինֆորմացիա տարածողներից»,-ասաց նա:

Խոսելով Ամուլսարի շահագործման ռիսկերի մասին՝ Հովսեփյանն ասաց, որ այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ ամբողջ հանրապետության համար, ռիսկի տակ են դնում ՀՀ քաղաքացու անվտանգությունը:

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամոզե՞ց իրեն, որ Ամուլսարի շահագործումն արգելելու փաստարկներ չկան, Սոֆյա Հովսեփյանն ասաց. «Ոչ թե չհամոզեց, այլ վարչապետն ասում է, որ պետք է Շրջակա միջավայրի նախարարւթյան եզրակացությունը լինի: Ես անձամբ սպասում եմ այդ եզրակացությանը: Դեռ վաղաժամ է կարծիք հայտնել: Չէր կարող վարչապետը համոզել, որովհետեւ ինքն էլ նշեց, որ դեռ այս պահին հանձնարարականի պատասխանն իր ձեռքում չկա»:

Իսկ եթե այդուհանդերձ, որոշում կայացվի շահագործել հանքը, ինքն ի՞նչ կանի, վայր կդնի՞ մանդատը, պատգամավորը պատասխանեց. «Եթե հարցը տալիս եք այն տեսանկյունից, որ Ամուլսարն այնքան կարեւոր չէ, որ ես մանդատը դնեմ, ապա ցանկացած խնդիր, որը վտանգում է երկիրը, ինձ համար չափազանց կարեւոր է: Բայց հարցի լուծումը չեմ տեսնում մանդատը վայր դնելով: Ես մանդատը չեմ վերցրել մեկ հարցի համար, այդ հարցն էր առաքելությունը, որը պետք է լուծվի կամ չլուծվի, ու ես թողնեմ դուրս գամ: Մեր երկրում կան խնդիրներ, որոնցից ես չեմ կարող հեռանալ»:

Դիտարկմանը, թե ո՞ւմ կողմը կկանգնի, եթե բախումներ լինեն, Հովսեփյանը նշեց. «Ոչ թե դեմ եւ կողմ, այլ լինելու եմ երկուսի մեջտեղում: Ինձ համար թե ոստիկանն է ՀՀ քաղաքացի, թե պայքարող մարդիկ, ում հետ նաեւ ես եմ պայքարը սկսել: Կարող է իմ գնալու կարիքն ընդհանրապես չլինի, որովհետեւ որեւէ ճնշում չի լինի քաղհասարակության ներկայացուցիչների նկատմամբ:

Ջերմուկցիներն իրենք կորոշեն, թե ինչպես են իրենց պայքարը շարունակելու. դեպքերի զարգացումները կարող են բազմաթիվ լինել: Հիմա հնարավոր չէ կանխատեսում անել, հնարավոր է՝ ընդհանրապես զարգացումներ չլինեն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: