Հայերեն   English   Русский  

​Ռազմիկ Ստեփանյան. «Այս տարի պետք է բավարարվենք մեկ կամ երկու լավագույն արդյունքով»


  
դիտումներ: 2218

Ունիվերսիադան (համաշխարհային ուսանողական խաղերը) անցկացման առաջին օրից եղել է ուսանողական գլխավոր մարզական միջոցառումը: Համաշխարհային ուսանողական խաղերի մեկնարկը տրվել է 1959-ին, Իտալիայի Թուրին քաղաքում: Մինչև 1978-ը կենտ տարեթվերին կազմակերպվել է ձմեռային ունիվերսիադա, զույգ տարեթվերին՝ ամառային: 1979-ից սկսած` ամառային և ձմեռային ունիվերսիադաները տեղի են ունենում նույն տարում՝ կենտ տարեթվերին:

Իր նշանակությամբ և մասսայականությամբ ունիվերսիադան կարելի է համեմատել oլիմպիական խաղերի հետ: Ունիվերսիադայի մասնակիցների 60 տոկոսը սովորաբար հանդես է գալիս oլիմպիական խաղերում: Բոլոր երկրների ազգային հավաքականների մարզիկների մոտ 90 տոկոսը համալրված է ուսանող մարզիկներով: Պատահական չէ, որ Համաշխարհային ուսանողական խաղերում բարձր արդյունքներ ցույց տված մարզիկները հետագայում հաջողությամբ են հանդես գալիս նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում:

Հայկական սպորտում այդ իրողության վառ օրինակներն են հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանի հետ:

- Պարոն Ստեփանյան, 2014-ին հայ մարզիկների լավագույն տասնյակը գլխավորում էին 2013-ին Կազանում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերի մասնակիցները: Ինչո՞վ է կարևորվում մասնակցությունն ունիվերսիադաներին:

- Այսօր ամբողջ աշխարհում բարձրակարգ մարզիկների գերակշռող մասը որևէ ուսումնական հաստատության ուսանող է: Գաղտնիք չէ, որ հենց ուսանողական տարիները լավագույնն են մարզական բարձր արդյունքներ գրանցելու համար: Այդ է պատճառը, որ աշխարհի բարձրակարգ մարզիկների մեծամասնությունն ուսանողներ են: Եվ, հետևաբար, պատահական չէ, որ ուսանողական խաղերում բարձր արդյունքներ ցույց տված մարզիկները հետագայում հաջողությամբ են հանդես գալիս oլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում:

- 1993-ից Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ուսանողական խաղերին: Ի՞նչ է սպասվում այս տարի: Մասնակցելու՞ ենք Քվանջուում (Հարավային Կորեա) կայանալիք խաղերին:

- Այս տարի՝ հուլիսի 3-14-ը Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը կմասնակցի Կորեայում կայանալիք 28-րդ ունիվերսիադային: Այժմ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում: Այս, ինչպես նաև ֆեդերացիայի առջև ծառացած մի շարք հարցերի լուծման գործում մեզ մշտապես աջակցում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Իմիջիայլոց, ունիվերսիադան մեր ուսանող մարզիկների համար լուրջ իրադարձություն է, այն անցկացման հանդիսավորությամբ զիջում է միայն օլիմպիական խաղերին:

- Այս տարի քանի՞ մարզաձև կներկայացնենք:

- Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ ուսանողական խաղերին կարող են մասնակցել բուհերի 17-28 տարեկան ուսանողներ կամ նրանք, ովքեր մեկ տարի է, ինչ ավարտել են ուսումը: Այս սահմանափակումները հաշվի առնելով և համագործակցելով Հայաստանի բոլոր մարզական ֆեդերացիաների հետ՝ ամենայն հավանականությամբ Հարավային Կորեայում մեր երկրի պատվիրակները հանդես կգան լավագույն դեպքում 6-7 մարզաձևերի մրցումներում, որոնց թվում են սպորտային մարմնամարզությունը, ձյուդոն, թհեքվանդոն, մեծ թենիսը: Հնարավոր է` հրաձգությունը ևս ընդգրկվի: Այս ամենը կապված է մեր ուսանող մարզիկների առաջիկա մրցումներում ցուցաբերելիք արդյունքներից և մարզավիճակից:

- Հայաստանի ուսանող մարզիկներից լուրջ ակնկալիքներ կա՞ն:

- Այնպիսի արդյունքներ, ինչպիսիք գրանցեցինք 2013-ին Կազանում, մի քիչ անհավանական են: Կարծում եմ՝ մենք պետք է բավարարվենք մեկ կամ երկու լավագույն արդյունքով, եթե, իհարկե, հաջող մասնակցություն ունենանք:

- Միջազգային ֆեդերացիան կազմակերպիչ երկրներին՝ որպես տանտիրոջ, հնարավորություն է ընձեռում ծրագրում լրացուցիչ մարզաձևեր ընդգրկելու առաջարկներ անել: 2013-ը շահեկան տարի էր Հայաստանի համար, քանի որ տանտերերի՝ ռուսների առաջարկով ծրագրում ավելացել էին ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտը, ծանրամարտը, շախմատը, սամբոն, բռնցքամարտը: Հայտնի՞ են Հարավային Կորեայի առաջարկները:

- Կազանում կազմակերպված խաղերում Հայաստանի պատվիրակությունը տիրացավ տասը մեդալի՝ 1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե՝ ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցնելով 32-րդ տեղը: Սա երբևէ ունեցած լավագույն արդյունքն է: Հայ մարզիկները գլխավորապես մեդալներ վաստակեցին հենց այն մարզաձևերում, որոնք ընտրել էին տանտերերը՝ սամբո, ըմբշամարտ, շախմատ, ծանրամարտ, բռնցքամարտ:

Կորեացիները լրացուցիչ մարզաձև ընտրել են նետաձգությունը, հրաձգությունը, թհեքվանդոն: Անկեղծորեն պետք է ասեմ, որ այս մարզաձևերում հայ մարզիկները համապատասխան բարձունքի վրա չեն:

- Միջազգային ուսանողական ֆեդերացիայի կողմից հաստատված մարզաձևերի ցուցակում կան նաև խաղային թիմային մարզաձևեր: Բայց Հայաստանից երբևէ այս մարզաձևերը ներկայացնող թիմեր չեն մեկնել: Ի՞նչն է պատճառը:

- Հայաստանը խաղային թիմային մարզաձևերում մեծ արդյունքներ չունի: Տխուր երևույթ է, և ուրախալի կլիներ, որ Հայաստանի խաղային թիմերն իրենց մասնակցությունն ունենային միջազգային նմանատիպ բարձրակարգ մրցաշարին: Փաստորեն, եթե մենք այսօր նույնիսկ ֆինանսական միջոցներ ունենանք, միևնույն է, ունիվերսիադայի ծրագրով անցկացվող վոլեյբոլ, բասկետբոլ և ֆուտբոլ մարզաձևերում մասնակցություն չենք կարող ունենալ, որովհետև թույլատրվում է մասնակցել միայն այն երկրներին, որոնք ընդգրկված են աշխարհի 16 ուժեղագույնների ցուցակում: Հուսանք, որ առաջիկայում այդ կարգի խաղային թիմեր ի հայտ կգան ուսանողական սպորտում: Ինչ խոսք, այդ նույն թիմը կշարունակի հանդես գալ մեծահասակների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, իսկ եթե բախտ վիճակվի` օլիմպիական խաղերում:

- Ֆինանսական դժվարություններ կա՞ ն:

- Հայաստանի Հանրապետության կառավարությունը կրթության և գիտության նախարության հետ համատեղ ֆինանսական մշտական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի մասնակցությունն ունիվերսիադաներին ապահովելու հարցում: Այս տարի ևս կառավարության ծրագրով ֆինանսական միջոցներ կհատկացվեն, և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը կմեկնի Կորեա՝ մասնակցելու 28-րդ Համաշխարհային ուսանողական խաղերին:

- Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի անդամ դառնալուց հետո Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի օրացուցային պլանում համալրումներ են նկատվում: Առաջիկայում ի՞նչ մրցաշարեր են սպասվում, ո՞ր ուսումնական հաստատություններն են մասնակցելու:

- Իսկապես, բավական ակտիվություն է նկատվում Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի կազմում ընդգրկվելուց հետո: Եթե ունիվերսիադաներին մեր երկիրը մասնակցում է ազգային ուսանողական հավաքական թիմի կազմով, այսինքն՝ բոլոր բուհերի ուսանողները կարող են ընդգրկվել, ապա Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի կազմում ընդգրկվելուց հետո արդեն բուհական ակումբներով կարող ենք առանձին մասնակցել տարբեր մրցաշարերի: Այս ժամանակահատվածում արդեն իսկ մասնակցել ենք 3-4 խոշոր առաջնությունների: Այս տարի Եվրոպայի համալսարանական սպորտի ֆուտզալի առաջնությանը կմասնակցի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը, բասկետբոլի առաջնությանը՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի թիմը, սեղանի թենիսի առաջնությանը՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը: Նմանատիպ ներկայացուցչական առաջնություններին մասնակցելը լուրջ խթան է բուհական ակումբների ամրապնդման համար:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից անցկացվում են ավանդական մարզական խաղեր բուհերի հավաքական թիմերի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկված են արագ շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ, ձյուդո, ֆուտզալ, հրաձգություն, հանդբոլ: Ի դեպ, Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական խաղերը լարված պայքարում են ընթանում և այս տարի անց են կացվելու 16-րդ անգամ: Մեկնարկը կտրվի մարտի կեսերին:

- Խաղերի հաղթողներն ի՞նչ առաջնությունների են մասնակցում:

- Խաղերի անցկացման նպատակը ոչ միայն սպորտային բարձր վարպետություն ցույց տալն է, այլև բուհերում կատարվող աշխատանքի լավագույն ստուգատեսը: Եթե այս խաղերը չանցկացվեն, բուհերում սպորտային կյանքն աշխուժությունը կկորցնի: Բացի այդ, հաղթող թիմերին մենք առաջարկում ենք իրենց ֆինանսական միջոցներով մասնակցել եվրոպական համալսարանական առաջնություններին:

- Հայաստանում առաջիկայում տեղի կունենա՞ նմանատիպ առաջնություն:

- Այո, հոկտեմբերի 6-11-ը Երևանում անց է կացվելու Եվրոպայի համալսարանական սպորտի արագ շախմատի առաջնություն, որին ընդհանուր առմամբ կմասնակցի 25-30 համալսարանական թիմ: Հայաստանում այս կարգի մեծ միջոցառում առաջին անգամ է անցկացվելու: Կարծում եմ՝ մեր բուհերից մի քանիսը հաջող մասնակցություն կունենան:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: