Հայերեն   English   Русский  

Ինչքան շուտ իշխանությունները հասկանան, որ սա խայտառակ գործ է, այնքան լավ պետության համար. փաստաբանը՝ Դավիթ Գրիգորյանի գործի մասին


  
դիտումներ: 124

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը ապօրինի է եղել, չի եղել ոչ մի հիմք պարոն Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու համար։ Այս մասին Ankakh.com-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, որ սկսվել էր առանց ԲԴԽ-ի թույլտվության այն փուլում, որ փուլում դատարանը թույլ է տվել խուզարկություն, ապօրինի է։ Մնացած մասով Վերաքննիչ դատարանը գտել է, որ դատարանի որոշումը հիմնավոր է՝ թույլ տալ խուզարկություն իրականացնել։ Մենք համոզված ենք, որ այդ մասով էլ է ապօրինի դատարանի որոշումը և բողոքարկել ենք այն վճռաբեկ դատարան, որը սպառելուց հետո, կախված նրանից, թե ինչ որոշում կկայացնի վճռաբեկը, եթե մեր բողոքը չհարգվի, կդիմենք նաև Եվրոպական դատարան՝ 8-րդ հոդվածի խախտման մասով»։

Վարոսյանը նաև տեղեկացրեց, որ սրան զուգահեռ, տեղի ունեցած խուզարկության ապօրինության հետ կապված, հարցը բարձրացնելու են բոլոր ատյաններով, և եթե այս դեպքում էլ հաջողության չհասնեն, կրկին գանգատ են ներկայացնելու Եվրոպական դատարան:

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը Դավիթ Գրիգորյանի գործի վերաբերյալ՝ փաստաբանը նշեց, որ պաշտպանը հանդես է եկել հստակ դիրքորոշմամբ և այն այս փուլի համար համապարփակ է և լիարժեք:

«Մենք առանձին հաղորդում ենք պատրաստել և հավանաբար այն վաղը կներկայացվի Գլխավոր դատախազին՝ կապված փաստաբան Գեորգի Մելիքյանի լիազորություններն իրականացնելուն խոչընդոտելու հետ, քանի որ խուզարկության ընթացքում քննիչի կողմից արգելվել է նաև փաստաբանի ներկայությունը։ Մենք կարծում ենք, որ այս արգելքն իր մեջ հանցակազմի տարրեր է պարունակում: Բոլոր ասպեկտներով փորձելու ենք պաշտպանել Գրիգորյանի իրավունքները, որպեսզի այս ապօրինի քրեական հետապնդումը ժամ առաջ դադարեցվի: Ինչքան շուտ Հայաստանի իշխանությունները հասկանան, որ սա խայտառակություն է, այնքան լավ Հայաստանի Հանրապետության համար։ Ինչքան ուշ հասկանան՝ այնքան վատ թե իշխանությունների, թե պետության համար»,-հավելեց Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մարտի 1-ի գործով դատավորն էր, որ մայիսի 18-ին որոշում էր կայացրել կալանքից ազատել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ գործի վարույթն էլ կասեցրել էր՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։

Նրա վերաբերյալ 2019 թվականի փետրվարին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ: Հաղորդման հիման վրա, սակայն, քրեական գործ չի հարուցվել: Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ Գրիգորյանի կայացրած դատական ակտից որոշ ժամանակ անց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացրել է քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշումը: Հուլիսի 26-ին գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ԲԴԽ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով միջնորդությունը, որոշել էր այն երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Դատավորի լիազորություններն այս պահին կասեցված են: Նշենք, որ դատավորի աշխատասենյակը հուլիսի 16-ին խուզարկվել էր, այնտեղից առգրավվել են մի շարք փաստաթղթեր և կրիչներ, դուռը կնքվել էր, խոչընդոտվել էր նրա գործունեությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: