Հայերեն   English   Русский  

Նոր նախագծով առաջարկվում է «1000 դրամների» հիմնադրամից փոխհատուցում տալ նաև ոչ առաջնագծում տեղի ունեցած դեպքերի մասով


  
դիտումներ: 64

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ասաց, որ 2017 թվականի հունվարի 1-ից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (1000 դրամների հիմնադրամ-խմբ) փոխհատուցել է ավելի քան 370 զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքի անդամների, կատարվել է ավելի քան 1,3 մլրդ դրամի հատուցում:

Նրա խոսքով, այս ընթացքում կարողացել են հավաքագրել ավելի քան 18 մլրդ դրամ: «Մենք հատուցումներ ենք կատարում ոչ միայն զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնք զոհվել են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ հատուկ առաջադրանք կատարելիս, այլեւ հատուցում ենք տալիս այն զինծառայողներին, որոնք վիրավորվել են եւ ստացել են 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն կրկին մարտական հերթապահություն կատարելիս կամ հատուկ առաջադրանք կատարելիս»,-ասաց նա, հավելելով, որ սկզբում օրենքը տարածվում էր 2017-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա, սակայն հետագայում որոշում կայացվեց, օրենքի գործողությունը տարածել սկզբում 2015-2016 թվականների, ապա նաեւ 2008-2014 թթ ընթացքում տեղի ունեցած դեպքերի վրա:

«Մեր նպատակն է հասնել նրան, որ չլինի որեւէ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայող, որը փոխհատուցում չի ստացել:

Զոհված եւ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում է 52-82 մլն դրամի սահմաններում: 52 մլն փոխհատուցվում են շարքայինները, 72 մլն դրամ՝ ենթասպաները եւ 82 մլն դրամ՝ սպայական անձնակազմը: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ գումարը կիսվում է եւ կազմում 26-52 մլն դրամ:

Գումարը միանգամից չենք տալիս. միանվագ տրվում է 10 մլն դրամը, իսկ հետո 20 տարի շարունակ ամեն ամիս վճարվում է 200-300 հազար դրամ: Իսկ երկրորդ կարգի հաշմանդամներին միանվագ տրվում է 5 մլն դրամ, հետո ամսական 100-200 հազար դրամ»,-ասաց Ավետիքյանը:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ երբ հասնեն 1992 թվական, ունենալու են փոխհատուցման ենթակա զինծառայողների բավական մեծ թիվ. «Թվերը տարեց տարի ավելանալու են եւ ամսական վճարումների բեռն ավելանալու է:

Հիմնադրամի գործունեության մասով ՊՆ-ն նոր օրինագիծ է դրել շրջանառության մեջ, որը թույլ կտա հիմնադրամից հատուցումներ իրականացնել ոչ միայն առաջնագծում հակառակորդի գործողություններից զոհված եւ հաշմված զինծառայողներին, այլ նաեւ ոչ առաջնագծում»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: