Հայերեն   English   Русский  

Կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար պատիժը խստացնող օրինագիծն այսօր կդրվի քվեարկության ԱԺ-ում


  
դիտումներ: 74

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը», որով առաջարկվում է խստացնել պատիժը կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար։ Ինչպես ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քննարկման ժամանակ, այս օրենսդրական փաթեթով մենք ցանկանում ենք խստացնել պատիժը կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար, ընդհուպ մինչեւ քրեական հետապնդումը։

Նրա խոսքով՝ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի դեպքում, որոնք օգտագործվում են թե՛ տնային, թե՛ ծառայողական նպատակներով, ցուցադրման, մարզական և տարբեր զվարճալի միջոցառումների, գիտական և լաբորատոր հետազոտությունների նպատակներով, ինչպես նաև անօթևան կենդանիների հանդեպ նման վերաբերմունքի դեպքում մեղավորը պատասխանատվություն կկրի։

«Դաժան վերաբերմունք ասելով մենք հասկանում ենք խեղդելը, խեղելը, կախելը, մասնատելը, ուժեղ հարվածներ հասցնելը, ձաղկելը, կրակելը, թունավորելը կամ դեղամիջոցներ ներարկելը, որոնք հանգեցնում են կենդանու ծանր կամ տառապալից մահվան, մաշկազերծ անելը, անդամահատելը կամ անատոմացնելը, ողջ կենդանուն այրելը, կենդանուն բարձրությունից կամ տրանսպորտային միջոցից գցելը, կենդանիների մասնակցությամբ մարտեր կազմակերպելը, անօթևան կենդանիներ որսալն այնպես, որը հանգեցնում է կենդանիների առողջության վնասմանը կամ կյանքի ընդհատմանը, և այլն»,- պարզաբանեց Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ այս բոլոր դեպքերում մեղավորները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով կամ կենթարկվեն 1-3 ամիս ձերբակալության։

Միևնույն ժամանակ, կենդանիների հանդեպ ծայրահեղ դաժան վերաբերմունքի դեպքում քաղաքացուն կարող են ազատազրկել մեկ տարով։ Իսկ եթե հանցագործությունը կատարվել է անչափահասների ներկայությամբ, անձանց խմբի կողմից՝ նախնական պայմանավորվածությամբ, առանձնակի դաժանությամբ, ավելի քան երկու կենդանու հանդեպ, մեղավորները կպատժվեն նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկ տուգանքով կամ 1-3 տարվա ազատազրկմամբ։

Օրենքի նախագիծը, սակայն, չի վերաբերում ծիսական, կրոնական նպատակներով կենդանիներին մատաղ անելու արարողություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: