Հայերեն   English   Русский  

«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից


  
դիտումներ: 340

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, որոշում կայացրեց բավարարել 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք–Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի պաշտպանների միջնորդությունը և 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Վարդանյանին։

Նշենք, որ գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն էր, որ մինչ այժմ գտնվում էր կալանքի տակ. ամբաստանյալներից շատերն ազատվել են կալանքից 2018թ. ամռանը՝ հետհեղափոխական շրջանում։

Հիշեցնենք, որ գործը վերամակագրվել էր դատավոր Մեսրոպ Մակյանին այն բանից հետո, երբ գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Բեկթաշյանի նախագահությամբ գործի քննելու տարիներին պաշտպանական կողմը բազմիցս միջնորդել է Վարդանյանին ազատ արձակել կալանքից, սակայն դատարանը մերժել է։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա: Գործով ամբաստանյալի կարգավիճակում են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը և ևս 17 անձ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: