Հայերեն   English   Русский  

Տպավորություն էր, որ Արթուր Ջավադյանը Կենտրոնական բանկի նախագահը չէ, ու նրա գլխավորած մարմինը չէ, որ պատասխանատու է երկրի ֆինանսական կայության համար


Արփինե Հովհաննիսյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 442

Երեկ Կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով մի շարք հանցագործությունների դեպքում կարելի է ստանալ նույնիսկ կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները։

Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին նախագահ Արփինե Հովհաննիսյանը նշել է.

«Նախ ուզում եմ հարգանքս արտահայտել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վարքագծի վերաբերյալ (չգիտեմ իր թիմում դա լավ կընդունեն թե վատ), ով մինչեւ վերջ փորձեց բացատրել, որ սա ծայրահեղ վտանգավոր նախագիծ է պետության համար` հավատարիմ մնալով ոլորտի գիտակի իր կոչմանը: Ինքը գիտի՝ ինչ հետեւանքներ է սա առաջացնելու՝ ավանդները հանելուց մինչեւ չեղած ներդրումների տեսական հեռանկարի կորուստ:

Մտորումների մեծ տեղիք տվեց Կառավարության նիստում ծավալված քննարկումը։

  • Այն, որ Նիկոլ Փաշինյանը շատ մասնագիտական բաներ չի հասկանում, դարձել է իրերի սովորական ընթացք։ Վարչապետը ինքն էլ ընդունում է, որ բանկային համակարգը բարդ է, եւ նախագիծը քննարկում է այն օրինակներով, որ իր համար ամենահեշտ հասանելին է՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը։ Բարդ խնդիրը պարզ օրինակի վրա են պրոյեկտում ու սկսում քննարկել: Սա Էպիկ ոչ կոմպետենտություն է:
  • Այսինքն՝ վարչապետը հավանություն է տալիս կարգավորումների, որոնց հեռահար ազդեցության վերաբերյալ չունի պատկերացում։ Բա փորձաքննություն չե՞ք ուզում անել, բա համալիր ո՞վ պետք է քննարկի: Իրեն իրոք համոզել են, որ դա կապ ունի կոռուպցիայի հետ, ինքն էլ հավատացել է ու դա կրկնում է: Ուրեմն, այս մարդիկ կոռուպցիոն են համարել օրինակ ծովային միջավայրի աղտոտումը ու այդպիսի չեն համարել ապօրինի որսը, որն ամբողջ աշխարհում համարվում է կազմակերպված հանցավորության դրսեւորումներից մեկը: Որտե՞ղ է ձեր տրամաբանությունը:

  • Այն, որ գլխավոր դատախազը եւ քննչական կոմիտեի նախագահն իրենց ողջ էությամբ կողմ են նախագծին, դա եւս զարմանալու առիթ չէ։ Ո՞ր իրավապահ համակարգի ներկայացուցիչը չէր ցանկանա քիթը մտցնել ուրիշի բանկային հաշիվներ ու առանց նվազագույն ջանք թափելու տեղեկություններ իմանալ: Ի դեպ, օրինակ գլխավոր դատախազին ԱԺ-ում ներկայացված մեղադրանքների լույսի ներքո, գուցե արժե՞ հրապարակել սեփական բանկային հաշիվները ու մարդկանց համար դառնալ առավել համոզիչ։
  • Այն, որ այս նախագծի գոյության համար պայքարում է արդարադատության նախարարությունը առավել քան զարմանալի չէ, քանի որ երիտասարդ նախարարը սիրում է ամեն ինչ ձեւել իր փոքրիկ փորձառությանը համապատասխան։ Օրինակ, եթե ՊԵԿ-ում չհարուցված գործի պայմաններում ֆինանսական դիտարկումների կենտրոնից կարելի է ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, հիմա էլ կարելի է բերել այդ տրամաբանությանը համապատասխանող նախագիծ։
  • Ամենատարակուսելին այս ամբողջ պատմության մեջ կենտրոնական բանկի նախագահի թույլ եւ կրավորական կեցվածքն է, որը դեռ պատասխանած չլինելով այն հարցին, թե ինչպես են վարչապետի ձեռքում հայտնվում տարբեր բանկային տվյալները, այս քննարկման ընթացքում ունեցավ ընդամենը էպիզոդիկ դերակատարում՝ ամբողջությամբ պաշտպանելով Կառավարության դիրքորոշումը։ Տպավորություն էր, որ Արթուր Ջավադյանը Կենտրոնական բանկի նախագահը չէ, ու նրա գլխավորած մարմինը չէ, որ պատասխանատու է երկրի ֆինանսական կայության համար։

    Երաշխիքների մասով մի բան եմ ուզում նշել….հատկապես Կենտրոնական բանկում աշխատող պարկեշտ ու գործին նվիրյալ ընկերներիս` բացի այն, որ միակողմանի եք ներկայացրել ու ապահովել միայն ֆորմալ, առերեւույթ հավասարակշռվածություն, դուք իրոք համարում եք, որ սա նպատակին է ծառայելու ու չի չարաշահվելո՞ւ։

    Իրականում մի բան եմ ուզում ասել….ափսոս, պարոնայք, շատ ափսոս»:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: