Հայերեն   English   Русский  

Այդ կինը Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի քայլող ֆեյքերից է. Արամ Հարությունյանը՝ դատարանում տեղի ունեցածի մասին


  
դիտումներ: 173

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադարձավ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում ինքը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին:

«Դատավարությունից անմիջապես հետո ես և «Համերաշխություն»կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը դուրս էինք գալիս դատարանի շենքից: Դատարանի բակում հավաքված տարբեր մարդիկ սկսեցին վատ արտահայտություններ անել: Իմ հետևից գալով գոռում էին թուրք ու էլի քաղաքավարության սահմանից դուրս բառեր: Ես փորձում էի բանի տեղ չդնել, բայց երբ մոտեցան և հավասարվեցին մեզ ու ցուցարարներից մեկը ասաց՝ թուրք բալիդ թաղեմ, իմ համար դա արդեն սահմանն անց էր ու ես այդ ժամանակ հարվածեցի այդ կնոջը: Մենք 3 ժամ մնացել ենք ոստիկանության բաժանմունքում, որովհետև այդ կինն անգամ հայերեն գրել չգիտեր, բայց ինքն ու իր նմանները գալիս են դատարան ու Սահմանադրությունից են խոսում»:

Ըստ Հարությունյանի նման անհանդուրժողական մթնոլորտ կա նաև սոցիալական հարթակներում:

«Այս կինը Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի քայլող ֆեյքերից է: Եվ կոպիտ ասած՝ իմ այդ հարվածը ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, ուղղված էր Լևոն Տեր-Պետրոսյանին, բոլոր նրանց, որոնք ստեղծել են ֆեյքերի ինստիտուտը: Նույն իրավիճակն էր նաև մեկ տարի առաջ՝ վարչապետի ընտրության օրերին, այս նույն մարդիկ այդ ժամանակ գնում էին պատգամավորների տները, վիրավորում էին նրանց ընտանիքի անդաներին, էլ չեմ ասում ֆեյսբուքում ինչ էր կատարվում»:

Ըստ Արամ Հարությունյանի՝ նման միջադեպերի մեջ իրենց մեղավորությունն ունեն նաև ոստիկանները:

«Համաձայն եմ՝ գեղեցիկ չստացվեց, որ հարվածը ստացավ այդ կինը, բայց մյուս կողմից կրկնում եմ, որ նույն արարքն անող ցանկացած մարդ, անկախ սեռից ու տարիքից, պիտի հասկանա, որ ի վերջո կստանա համարժեք պատասխան: Ոստիկանությունը չպետք է թողնի, որ նման բաներ տեղի ունենան, բայց ցավոք սրտի այսօր ոստիկանության վերևում կանգնած մարդիկ, հենց գլխավոր ոստիկանապետը չի նպաստում, որ ոստիկանության աշխատողների պատիվը բարձր պահվի»:

Հարությունյանը տեղեկացրեց, որ միջադեպի առթիվ գործ է հարուցվել:

«Ինձ բերման են ենթարկել ծեծի հոդվածով, բայց մեղադրանք է առաջադրվել անձին մարմնական վնասվածքներ հասցնելու համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: