Հայերեն   English   Русский  

Գեղարդ վանական համալիրում տեղի ունեցավ Մշակութային երկխոսություն խորագրով համերգը. տեսանյութ


  
դիտումներ: 597

Սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը:

Բազմաթիվ հյուրերի առջև հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտության ժամանակակից մեկնաբանությամբ կատարումներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը և այլ երաժիշտներ։

Ողջունելով հյուրերին և ներկայացնելով «մշակութային երկխոսություն» նախաձեռնության խորհուրդը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Այն իր մեջ ներառում է մեր մտավոր, հոգևոր, քաղաքակրթական, մշակութային խորը արմատներով այն հարուստ ժառանգությունը, որն արտահայտում է մեզ՝ որպես իր ինքնությունը հպարտորեն պահպանող մի ժողովուրդ։

Եվ ծնվեց այս գաղափարը, որ մեր ժառանգությունն իրականում ժամանակից վեր է, այն չի ճանաչում ժամանակային սահմաններ, այն ազգային է, համամարդկային, ժամանակակից և միաժամանակ ունի խորը արմատներ։ Պատմության խորքից եկող մեր երաժշտությունն այսօր ունի նույն հնչողությունը՝ համահունչ մեր ժամանակներին։ Այդ պատգամն ավելի ուժեղ է դառնում, երբ մենք միաձուլում ենք այս համերգը մեր ժառանգության լավագույն օջախում՝ Գեղարդի վանական համալիրում»։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայ արվեստի մեծանուն ներկայացուցիչներ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: